Բաժիններ՝

Աշոտ Բլեյանը՝ մաթեմատիկայի դասագրքի մասին. «Գրախանութում դրված է, ով ցանկանում է՝ կարող է գնել, ով չի ուզում՝ թող չգնի»

Վերջին օրերին համացանցում քննարկումների թեմա է դարձել Գ. Բեդիրյանի և Ա. Առնաուդյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գիրքը, մասնավորապես՝ նրանում ներկայացված խնդիրների բովանդակությունն ու արտահայտությունները:  Ներկայացնում ենք խնդիրներից մի քանիսը.

«Սոսը գազանանոցում երեք ուղտի էր գժվացնում: Ուղտերից յուրաքանչյուրը երեք անգամ Սոսի վրա թքեց: Ուղտերը քանի անգամ Սոսի վրա թքեցին»:

«Շարիկից փրկվելու համար 40 տատիկները սաղարթախիտ ծառը բարձրացան: Ծառը ուներ 2 ճյուղ, ամեն ճյուղին 2 տատիկ էր նստել, ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել»:

«Երբ նորածին Գոռիկին կատուն ճանկռեց, նա 5 րոպե գոռգոռաց, իսկ երբ իշամեղուն կծեց՝ 3 րոպեով ավել: Բայց երբ մայրը սկսեց նրան օճառով լողացնել, Գոռիկը 2 անգամ երկար գոռաց, քան իշամեղվի կծելուց հետո: Մայրիկը Գոռիկին 9 րոպե լվանում էր, արդեն լողացած Գոռիկը քանի՞ րոպե էր ճղճղում»:

Կարդացեք նաև

«Ընկերները Սոսի մասին այսպիսի խնդիր կազմեցին. «Մի երեկո մեր ընկեր Սոսը մեր ձեռքն ընկավ, և յուրաքանչյուրս 3 անգամ նրա վզակոթին հասցրեցինք: Մեր ընկեր Սոսն ընդամենը 108 անգամ վզակոթին ստացավ: Մենք քանի՞ հոգով էինք»:

dasagirq

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախօրեին անդրադարձել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեծ քննարկումների արժանացած մաթեմատիկական խնդիրներին։ Ա. Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները» Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից են: Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:

168.am-ի հետ հեռախոսազրույցում գրքի համահեղինակ Ա. Առնաուդյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ ասելով, որ գրքի մասին կարելի է ճիշտ կարծիք կազմել միայն այն ամբողջությամբ ընթերցելու դեպքում:

Նշենք, որ դասագրքում խնդիրների մի մասը թարգմանվել են ռուս մանկագիր Գրիգորի Օստերի գրքից, իսկ մյուս  խնդիրները կազմել են գրքի համահեղինակները: Փորձեցինք գրքի վերաբերյալ ճշտել նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքը:

«Գայանե Բեդիրյանն ու Անահիտ Առնաուդյանը հայտնի մանկավարժներ են, բազմաթիվ գրքերի հեղինակներ, և պետք է պատշաճ վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ, կարդալ գիրքը, ապա նոր կարծիք հայտնել: Եթե մարդը չի կարդացել, ի՞նչ իրավունք ունի քննադատել: Գրախանութում դրված է, ով ցանկանում է՝ կարող է գնել, ով չի ուզում՝ թող չգնի:

Անահիտ Առնաուդյան մանկավարժի, մեթոդիստի վերաբերյալ կարող եմ ասել, որ նա, բացի մեզ մոտ աշխատելուց, աշխատել է նաև  Մանկավարժական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան համալսարանում, բազմաթիվ միջազգային ծրագրերի է մասնակցել, գիտական թեզ է պաշտպանել, տասնյակ գրքերի ու ձեռնարկների հեղինակ է: Հայաստանում քիչ կան այսպիսի արդյունավետ, ինքնուրույն գործող մարդիկ: Նույնը կարելի է ասել Գայանե Բեդիրյանի մասին:

Գայանեն շատ լավ վերապատրաստվել է, Կրթության ազգային ինստիտուտում է աշխատել: Ես չեմ ուզում նրանց գործունեությունն ու գիրքն ինձ հետ կապել: Այս մարդիկ շատ ինքնուրույն մարդիկ են: Հիմա ես դնեմ ասեմ՝ ինչո՞ւ են գրել: Լավ են արել: Ի՞նչ է պատահել, մարդու իրավո՞ւնք են ոտնահարել, ստորացրե՞լ են: Մարդիկ օգտվել են իրենց արտահայտվելու իրավունքից»,- ասաց Ա. Բլեյանը:

Ա. Բլեյանն ավելացրեց, որ, եթե մի փոքր զավեշտ է դրվել գրքի մի քանի խնդիրների մեջ, ապա դա դեռ չի նշանակում, որ կարելի է ամբողջ գիրքը քննադատել, մանավանդ, որ գրքում բազմաթիվ այլ խնդիրներ կան: Ավելին, ըստ նրա՝ երկու վաստակ ունեցող մանկավարժները փորձել են այդպես երեխայի ուսումնական գործունեությունը հետաքրքիր դարձնել:

«Դրանք շատ մատչելի գրքեր են, ուղղակի թերթել է պետք: Գ. Բեդիրյանն ու Ա. Առնաուդյանը միասին տասնյակ գրքեր են կազմել: Այս գիրքն էլ սովորական ձեռնարկ է: Մենք ուզում ենք, որ Հայաստանում բան փոխվի, և միաժամանակ ուզում ենք, որ Անահիտի ու Գայանեի նման մարդիկ զրկվա՞ծ լինեն գործելու իրավունքից, պատժվեն կամ փոշմանե՞ն: Այս ի՞նչ է կատարվում: Բոլոր հեղինակների գրքերն ի սկզբանե անթերի չեն լինում: Գուցե հետագա հրատարակությունն ավելի լավը, ավելի մշակված կլինի: Ինչո՞ւ են ցանկանում մարդուն զրկել այդ իրավունքից»,- ավելացրեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
ՄԱՐԻԱՄ ԱՅԴԻՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս