
Կիևի կենտրոնում նկատվում է ուժային կառույցների ներկայացուցիչների ու «Հակամայդանի» մասնակիցների կուտակում

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնող պատգամավորներն այսօր շրջափակել են Գերագույն Ռադայի ամբիոնը: Խոսքը գնում է մոտ երկու տասնյակ պատգամավորի մաասին: Միևնույն ժամանակ բաց են մնացել պրեզիդիումի մատույցները:
Խորհրդարանի դահլիճում առավոտյան ներկա է գտնվել մոտ 150 պատգամավոր: Ընդդիմադիր պատգամավորները հունվարի 14-ին նույնպես շրջափակել էին խորհրդարանի ամբիոնը, ինչպես նաև պրեզիդիումը՝ խափանելով խորհրդարանի աշխատանքը:
Միևնույն ժամանակ կառավարական թաղամասում սկսել են հավաքվել ուժային կառույցների ներկայացուցիչները: Այնտեղ կենտրոնացվել է «Բերկուտի» ու ներքին զորքերի մոտ 2000 մարտիկ:
Բացի այդ, առավոտյան ավելի քան 70 ավտոբուսով երկրի հարավ-արևելյան շրջաններից Կիև են բերվել «Հակամայդանի» մասնակիցներ: Առավոտյան հատուկ գնացքներով Դոնեցկից Կիև է բերվել նաև 3000 մարդ՝ աջակցելու համար իշխանամետ հանրահավաքին:
Ենթադրվում է, որ ուժայինների այդ կուտակումն իրականացվում է ի պաշտպանություն Գերագույն ռադայում իշխանամետ մեծամասնության նիստին, որում պատրաստվում են քվեարկել 2014 թվականի պետբյուջեի ընդունման օգտին: