2010թ. ԱՄՆ-ը կանխել է Հարավային Կորեայի կողմից ԿԺԴՀ-ին մասշտաբային ռազմական հարված հասցնելը. Ռոբերտ Գեյթս
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախկին (2006-2011) նախարար Ռոբերտ Գեյթսն իր Duty: Memoirs of a Secretary at War («Պարտք. Պաշտպանության նախարարի հուշերը պատերազմի ժամանակ»)
հուշագրքում պատմել է, որ ամերիկացի դիվանագետների ու քաղաքական գործիչների ջանքերի շնորհիվ 2010 թվականին հաջողվել է խուսափել ԿԺԴՀ-ին Հարավայի Կորեայի կողմից մասշտաբային ռազմական հարված հասցնելուց:
2010 թվականի նոյեմբերին հյուսիսկորեական հրետանին հրետակոծել էր Ենպհենդո սահմանային կղզին, ինչի հետևանքով կղզում զոհվել էր երկու ծովային հետևակային և երկու քաղաքացիական անձ: Գեյթսը նշում է, որ 2010 թվականին ԿԺԴՀ-ի գործողությունները շատ լուրջ ճգնաժամ են առաջացրել Հարավային Կորեայում:
Գեյթսի պնդմամբ՝ տվյալ ժամանակ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը ցանկացել է կոշտ պատասխան տալ հյուսիսին՝ ավիացիայի ու հրետանու մասնակցությամբ: Գեյթսի խոսքերով՝ դա անհանգստացրել է ԱՄՆ-ին, քանի որ նման պատասխանը կարող էր մեծացնել լարվածությունը Կորեական թերակղզում:
Սահմանային միջադեպից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, տվյալ ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ինքը՝ Գեյթսը, քանիցս կապ են հաստատել Հարավային Կորեայում իրենց գործընկերների հետ՝ փորձելով խուսափել մասշտաբային ռազմական պատասխանից:
Վերջիվերջո, Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին պատասխանել է միայն հրետանային մարտկոցներով, ինչից որ սկսվել էր միջադեպը: Հարավային Կորեայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել Գեյթսի այս պնդումները:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Գեյթսն իր հուշագրքում պատմել է Օբամայի ինքնավստահության պակասի և նրա կողմից Աֆղանական կամպանիան սեփական պատերազմը չհամարելու մասին: