Բաժիններ՝

Օբաման վստահ չէ իր ուժերին. Ռոբերտ Գեյթս

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսն իր հուշագրքում պատմել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիասթափվել է Աֆղանստանում պատերազմի սեփական ռազմավարությունից:

Պենտագոնի նախկին ղեկավարը գրել է, որ Օբաման չի վստահել իր հրամանատարությունը, վստահություն չի տածել Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հանդեպ, չի հավատացել սեփական ռազմավարությանը և Աֆղանստանում տարվող կամպանիան չի դիտարկել որպես սեփական պատերազմ:

Գեյթսը մանրամասնել է, որ նման եզրահանգման է եկել 2011 թվականի մարին տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ: Այն նվիրված է եղել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերմանը: Օբաման խորհրդաժողովի ժամանակ չափազանց էմոցիոնալ ձևով է արտահայտել սեփական ռազմավարությունից իր հիասթափությունը:

Գեյթսն ընդգծել է, որ Օբաման քանիցս հարկադրված է եղել ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հակասել են նրա քաղաքական հայացքներին: Իր հուշագրքում Գեյթսը քննադատության է ենթարկել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին, ով սկսել է պատերազմն Աֆղանստանում:

Պենտագոնի ղեկավարի կարծիքով՝ Բուշը չի կարողացել օգտվել պատերազմի առաջին հաղթանակներից և արդյունքում տապալել է ողջ կամպանիան: Գեյթսի Duty: Memoirs of a Secretary at War («Պարտք. Պաշտպանության նախարարի հուշերը պատերազմի ժամանակ») հուշագիրքը բաղկացած է 600 էջից:

Այն վաճառքում կհայտնվի հոսնվարի կեսին: Դա կլինի Օբամայի վարչակազմի նման բարձրաստիճան աշխատակցի կողմից նրա քաղաքականության վերաբերյալ առաջին գիրքը: Ռոբերտ Գեյթսը Պենտագոնը գլխավորել է 2006-2011 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս