Պաշտպանը միջնորդեց արդարացնել «Հարսնաքարի» մատուցողին

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանն այսօր կայացած դատական նիստում դատարանին միջնորդեց արդարացնել ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանին: «Այնուամենայնիվ, եթե դատարանը գտնի, որ Դավիթ Ադամյանը ենթակա է պատժի, ապա գտնում եմ՝ անհրաժեշտ է վերաորակել իրեն մեղսագրվող արարքները և մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ կիրառել ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերին Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ հռչակված համաներման ակտը և նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճից»,- ասաց Ս. Մկրտչյանը: Նա նշեց, որ եթե դատարանը գտնի, որ Դ. Ադամյանը ենթակա է պատժի՝ ազատազրկման տեսքով, ապա նշանակված պատիժը հնարավոր է պայմանականորեն չկիրառել:  Նշենք, որ Դավիթ Ադամյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, որ չի մասնակցել ծեծկռտուքին: Փաստաբանը շեշտեց, որ գործով բոլոր վեց ամբաստանյալներին նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել: Ս. Մկրտչյանն ասաց, որ մեղադրող կողմը ամբաստանյալներին առաջադրած մեղադրանքը պաշտպանելով՝ խախտել է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը: «Ըստ տուժողների՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում նրանց ծեծի են ենթարկել 15-20 անձինք, որոնց մեջ են եղել նաև ամբաստանյալները: Կոնկրետ հարվածողների նրանք չեն նշել: Այդ առումով մեղադրանքի կողմը գործով որևէ ապացույց չի ներկայացրել, ինչի հետևանքով առաջանում են մի շարք, գործի համար էական նշանակություն ունեցող հարցեր: Այն է, թե արդյո՞ք այս վեց ամբաստանյալների գործողությունների հետևանքով է, որ տուժողներին պատճառվել են գործով արձանագրված մարմնական վնասվածքները, թե՞ ոչ: Տուժողներին վնաս է պատճառվել հենց այս վեց ամբաստանյալների՞ կողմից, թե՞ այն 14 անհայտ անձանց կողմից: Հենց այս վեց ամբաստանյալների կողմից կատարված գործողությունների հետևանքո՞վ է ամբողջությամբ պատճառվել տուժողներին հասցված մարմնական վնասվածքները, թե՞ նրանց գործողությունների հետևանքով տուժողներին պատճառված վնասի մի մասն է կազմում, այդ դեպքում անհրաժեշտ է նշել, թե որ մասը, կոնկրետ ում և ինչ աստիճանի: Միգուցե այն 14-ն են եղել հիմնական դերակատարները, որոնք ունեցել են ընդհանուր միասնական  դիտավորություն, գիտակցել են մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ ծեծի են ենթարկել տուժողներին: Մի՞թե կարելի է բացառել, որ տուժողներին պատճառված մարմնական վնասվածքներն  ամբողջությամբ կամ մասնակի հասցվել են այլ, գործով չպարզված 14 անձանց կողմից»,- դատարանում ասաց Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը: Նա նշեց, որ Վահե Ավետյանի հարազատները ևս համաձայն չեն լինի, եթե պատժվեն անմեղները, իսկ իրական հանցագործները մնան ազատության մեջ:

Պաշտպանն իր ճառում ասաց նաև, որ մեղադրող կողմը հիմնվել է միայն տուժողների ցուցմունքների վրա: Ընդ որում, պաշտպանի խոսքով՝ տուժողները նախաքննության ընթացքում հակասական, իրարամերժ ցուցմունքներ են տվել Դ. Ադամյանի՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցելու և ներկա գտնվելու հանգամանքի վերաբերյալ: «Դավիթ Ադամյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրեսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները (հենց այս հոդվածներով է մեղադրանք առաջադրվել Դավիթ Ադամյանին.- Օ.Հ.): Սակայն հիմնվելով գործում առկա ապացույցների վրա՝ չեմ բացառում, որ նրա գործողություններում հնարավոր է առկա լինեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի  1-ին մասով նախատեսված հատկանիշները: Գործով որևէ փաստական հանգամանքով հիմնավորված չէ, որ Ադամյանի կողմից Ավետյանին հասցված մարմնական վնասվածքն է եղել վերջինիս մահվան պատճառը: Բացի այդ, գործով տուժողներից որևէ մեկը չի հայտնել, որ Ադամյանը հարվածել է նրան և պատճառել մարմնական վնասվածք: Այսպիսով, գործում բացակայում է որևէ ապացույց, որով կհիմնավորվի Ադամյանի գործողությունների և տուժողներին պատճառված մարմնական վնասվածքների պատճառահետևանքային կապը»,- ասաց Սերգեյ Մկրտչյանը:

Տեսանյութեր

Լրահոս