Տիգրան Հայրապետյան. «1992թ. վերջին մարդու իշխանությունը»
«Գու՛յժ, մոտենում է ժամանակը, երբ մարդն այլևս աստղ չի ծնելու:
Գու՛յժ, մոտենում է ամենաչնչին մարդու ժամանակը, որն արդեն չի կարողանալու քամահրել ինքն իրեն: Նայեցե՛ք, ես ձեզ ցույց եմ տալիս Վերջին Մարդուն»:
ՆԻՑՇԵ
Հայաստանում հաստատվել է «վերջին մարդու» իշխանությունը: Նա առաջ է քաշել միակ ճշմարտության անհաղթ կարգախոսը. «Մենք գտել ենք երջանկությունը»: Եվ «Վերջին մարդուն» հատուկ հաստատակամությամբ իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ: Հագեցած բարձրագույն իշխանությունից ստացված անհոգությամբ՝ նա արհամարհում է ծառացած վտանգը, քրքիջ սփռում ավերածությունների ու արյան մեջ, լուտանք ու մեղադրանքներ թափում իր իսկ կողմից չպաշտպանված ու մահապուրծ եղբայրների վրա և անտեսում այն ամենը, ինչ կասկածի է ենթարկում «Վերջին մարդու» իշխանությունը: «Նա անփոխարինելի՛ է, նա միա՛կն է», ճչում է հոտը, և այդ ճիչը խլացնում է ինքնապաշտպանության գիտակցությունը:
Հոտի վերածված հասարակությունը որպես երկնային պարգև ստացել է այն առավելագույնը, ինչի մասին կարելի էր միայն երազել՝ ազատություն: Ազատություն՝ տրվելու ամենացածրագույն բնազդներին և ինքնակառավարվելու նրանցով: և որքան ավելի քիչ է «Վերջին մարդը» միջամտում հոտի կենսագործունեությանը, այնքան ավելի է նա գնահատվում և գիտակցվում իբրև անփոխարինելի: Պատմությամբ բազմիցս հաստատված ճշմարտություն է, որ հասարակությունը և մանավանդ հոտի աստիճանին իջած զանգվածը թշնամի է ցանկացած բարեփոխումների, ինքնակարգավորման, առավել ևս՝ գործողությունների, որոնք պահանջելու են հաղթահարել սեփական ինքնությունը: Ուստի, միմյանցից անդունդով բաժանված «Վերջին մարդն» ու հոտը փոխադարձաբար գոհ են ու երջանիկ, քանզի յուրաքանչյուրն ստացել է այն ինչին ձգտում էր՝ մեկը անսասան իշխանություն, մյուսը՝ իր ցածրագույն բնազդներով կառավարվելու բացարձակ ազատություն: Այս համերաշխությունն անհաղթահարելի է, քանզի «հողը փոքրացել է, և նրա վրա թռչկոտում է «Վերջին մարդը», որ նվազեցնում և փոշիացնում է ամեն ինչ: Նրա սերունդն անշիջանելի է, ինչպես գետնի լուն. «Վերջին մարդը» բոլորից երկարակյաց է»:
Ուզում ենք գիտակցել թե ոչ, բայց մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի: «Վերահարմարեցման և վարքի ստերեոտիպների փոփոխության բարդ ու դժվարին պայմաններում կրկին ի հայտ է գալիս բնական ընտրությունը, և նրա կողմից ձևավորվող պոպուլյացիան կամ կործանվում է, կամ դառնում է նոր էթնոս» (Լ. Գումիլյով): Հասկանու՞մ են արդյոք «վերջին մարդը» և նրանից կառչած զանգվածը, որ հանգուցալուծման երրորդ ճանապարհ չկա: Գուցեև հասկանում են, բայց երկուստեք բավարարող գոյատևման խրախճանքի մեջ, ինքնախաբեությամբ երկարաձգում են ժամանակը: Զանգվածն անշեղորեն հետևում է «Վերջին մարդուն» և ցնորային համառությամբ հավատում, որ բնական ընտրության այս դաժան պայմաններում գոյատևելու է մի մարմին, որ զուրկ է ինքնավերարտադրության ընդունակությունից, ինքնապաշտպանության կամքից և թշնամի է բարեփոխության շողքին իսկ: «Բնական ընտրությունն ազդում է այն փոփոխությունների վրա, որոնք ունեն հարմարվողական բնույթ, բայց այդ փոփոխությունները ցանկացած ուղղությաամբ չէ, որ գնում են: Նրանց առավելագույն մասը տանում է կառուցվածքի բարդության կորստին, կամ մարմինների ապաճման, այսինքն՝ անկման» (Ջոն Հոլդըն): Համեմատեք վերն ասվածը մեր հասարակությունում ընթացող տեղաշարժերի հետ և գուցե գիտակցեք, թե ուր է տանում մեզ «Վերջին մարդու» իշխանությունը: և մի խաբվեք, առավել ևս՝ մի փորձեք խաբել ուրիշներին՝ դիմակայության ընդունակ առանձին բեկորների առկայությամբ, որոնք անհույս պայքար են մղում վերահաս աղետի դեմ: Որպեսզի անցումային փուլում մեծ կամ փոքր, ուժեղ կամ թույլ էթնոսը գոյատևի, նրա ներսում պետք է իշխի հակաէգոիզմի էթիկան, երբ հասարակական շահը գերադասվում է անձնական շահից: Նման վիճակին ամբոխվարությամբ կամ դատարկ կարգախոսներով հասնել հնարավոր չէ, առավել ևս դա բացառվում է հասարակության մեջ խտրական վերաբերմունքի առկայությամբ: Հակաէգոիզմի էթիկան հասու է միայն այն հասարակություններին, ուր առաջնորդից մինչև ստորին աստիճանի մարդը ունեն միավորիչ գաղափար, ուր կա միավորիչ նպատակ, ուր յուրաքանչյուրն իր տեղում համապատասխան իրավունք և պատասխանատվություն ունի, ուր գոյատևումը գնահատվում է ոչ թե իբրև նպատակ, այլ միջոց՝ ստեղծագործելու, նպատակներն իրականացնելու և զարգանալու: Կարո՞ղ է արդյոք այս ամենն իրականացնել «Վերջին մարդը» որ ժողովրդի և երկրի վերածննդի մեծ ճանապարհի դեռ առաջին քայլը չարած՝ հռչակեց, թե «մենք արդեն երջանիկ ենք, քանզի գտել ենք ճշմարտությունը»:
Հակաէգոիզմի էթիկայով առաջնորդվող հասարակությունն առավելապես զգայուն է իր ամբողջականության յուրաքանչյուր մասնիկի հետ կատարվող երևույթների նկատմամբ: Նա առողջ ցնցում է ապրում իր մասնիկի ապրած դժբախտությունից՝ դրանում արդարացիորեն տեսնելով ողջ ընդհանրության վրա ծառացած վտանգը: Այստեղ բարձրագույն արժեքը կյանքն է, և ընդհանրության համար թափված արյան յուրաքանչյուր կաթիլն իր գինն ու հաշիվն ունի: Արժեքավորված կյանքի բարձունքում է, որ ձևավորվում է ընդհանրության շահերի պաշտպանության գիտակցությունը, և այն անհաղթահարելի է, քանզի հիմնված չէ պատվախնդրությունից դրդված ինքնազոհաբերության վրա և առանձին բեկորների հոգու պարտքը չէ, այլ՝ պարտականություն և նույնիսկ արտոնություն՝ դաստիարակված հակաէգոիզմի էթիկայի բարձրագույն չափանիշներով:
Նայե՛ք պաշտպանության խնդրի նկատամամբ մեր զանգվածի ունեցած վերաբերմունքին և գուցե գիտակցեք, թե ցածրոգության ինչ աստիճանի է մեզ իջեցրել «Վերջին մարդու» իշխանությունը: «Մենք խաղաղության ենք ձգտում» և ասում է «Վերջին մարդը», «Մենք պատերազմ չենք ուզում» և ճչում է զանգվածն ու հանգստանում, որ «Վերջին մարդը» թույլ չի տալու, որ պատերազմ լինի: Բայց նա արդեն սանձազերծել է պատերազմը, և դեպի իր գահը տանող ճանապարհին այրել պատերազմից հեռու տանող բոլոր կամուրջները: Իսկ այժմ պատմության կամ տրամաբանության ո՞ր օրենքով է ապացուցվելու, թե պատերազմն անտեսելը հավասարազոր է նրա բացակայությանը: Այդ ինչպե՞ս է, որ անընդհատ խաղաղություն ենք ցանկանում, իսկ արդյունքում ՝ պատերազմ հնձում: Չե՞նք տեսնում, որ «Վերջին մարդու»՝ «խաղաղության» քաղաքականությունը պատերազմի հիմքերն է ամրացնում: Տեսնում ենք, բայց քանի դեռ այս ամենակուլ մայրաքաղաք կոչվածը թշնամու ռումբերից ավերակների չի վերածվել, շարունակելու ենք ջայլամի նման գլուխներս հողի մեջ թաղած չտեսնելու տալ պատերազմը: «Հակաէգոիստները պաշտպանում են էթնոսն ամբողջությամբ, իսկ էգոիստները վերարտադրում են այն սերունդներում: Բայց բնական ընտրությունը կրճատում է հակաէգոիստների քանակը, որ անպաշտպան է դարձնում էթնոսը, և որոշ ժամանակ անց վերջինս, զրկվելով իր պաշտպաններից, կուլ է գնում իր հարևաններին» (Գումիլյով Լ.): Մեր հասարակությունում, ուր հակաէգոիզմը խիստ սահմանափակ արտահայտություն ունի, իսկ զանգվածները «Վերջին մարդու» իշխանության ջանքերով օրեցօր կաղապարվում են սեփական «ես»-ի մեջ ՝ կորցնելով ընդհանրական շահերի առաջնայնության ըմբռնումը, այս գործընթացն առավել արագ է կատարվում: Համատարած ամենաթողությամբ ու անբարոյականությամբ, տնտեսական և սոցիալական վայրի իրականությամբ «Վերջին մարդը» ոչնչացնում է հակաէգոիզմի սաղմերն իսկ, և մտածու՞մ ենք արդյոք, թե ո՞վ է պաշտպանելու մեր ընդհանրությունը, եթե ռազմաճակատներում այսպես շռայլորեն զոհաբերում ենք ժողովրդի ինքնապաշտպանության գեները կրող մի հատվածի վերջին բեկորները: Մի՛ խաբվեք, և մի՛ փորձեք խաբել ուրիշներին, թե արհավիրքը կողքով է անցնելու՝ չշոշափելով յուրաքանչյուրիդ «ես»-ը, քանզի պատմությունը նման հասարակությունների վերջաբանի բազում օրինակներ է տվել՝ բնաջնջված Կարթագենից մինչև մասնատված Ռեչ Պոսպոլիտան: Այնտեղ ևս «Վերջին մարդու» իշխանությունն էր, որ սպանեց ժողովրդին ավելի վաղ, քան թշնամին:
Պարզունակ դարձած էթնիկական համակարգերը դատապարտված են: «Համեմատական հավասարակշռության պայմաններում կառուցվածքների բարդացումը բարձրացնում է դիմադրողականությունը թշնամական շրջապատի նկատմամբ, իսկ պարզունակացումը թուլացնում է այն» (Գումիլյով Լ.): Բարդացման համակարգի մեջ կարևորվում են հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտները, սկսած կենցաղային հնաոճ, քարացած և դրանով իսկ պարզեցված ավանդականության հաղթահարումից մինչև լիարժեքորեն գործող բազմակուսակցականությունն ու ազդեցիկ այլակարծությունը, տարածքների ֆեդերալիզացիայից մինչև ազգային գաղափարախոսության առկայությունն ու ազգային բանակը: Իսկ պարզունակացման բարձրագույն աստիճանը տվյալ համակարգում հակաէգոիզմի էթիկայի թուլությունն է կամ բացակայությունը, քանզի անխուսափելիորեն հանգեցնում է հավաքականության և պետականության կորստին: Պետականության թուլությունը ողջ էթնոսի թուլությունն է, իսկ գաղթականության ուղին բռնած էթնոսները հազարամյակներ շարունակ հալածվել են և շարունակելու են հալածվել, որքան էլ քաղաքակիրթ թվա աշխարհը: Մարդկությունը մի ինչ-որ գերագույն տրամաբանությամբ չի ներում այն ժողովուրդներին, որոնք չկարողացան պաշտպանել իրենց հայրենիքը, և հալածում է նրանց մինչև այն աստիճանը, երբ նրանք կամ վերանում են, կամ կրկին քավում իրենց մեղքը՝ վերակերտելով հայրենիքը: Հայերի հալածումը գուցեև նոր երևույթ չէ, սակայն նորություն է նրանց ընկալվելն իբրև հայրենիք ունեցող բայց նրանից հրաժարվող ժողովուրդ: Ցեղասպանությամբ ձևավորված զոհի կերպարն իր տեղը զիջում է հայրենիքը վերակերտել չցանկացած անբարոյական ազգի կերպարին, և լարվածության տարածքներում հակահայ գործողություններն ընդամենը սկիզբն են այն ցավագին ընթացքի, որ սպառնում է մեզ, եթե չկարողանանք համայն հայության հայրենիքը կառուցել: «Վերջին մարդու» իշխանությունը նման հույսերի տեղ չի թողնում:
Ազգային իդեալներից զրկված և սեփական ցածրագույն բնազդների հաղթանակից սարսափած էթնոսը ցրվում է, իսկ «Վերջին մարդու» դաստիարակած զանգվածը նպաստում է դրան, որպեսզի հետագայում ինքն էլ մասևմաս միանա գնացողներին: Հավաքականության գիտակցությունն իջել է նվազագույնի, քանզի էթնոսի ներսում ուժով և կարողություններով միմյանց խեղդելը և սեփական «ես»-ի խնդիրների լուծումն ի հաշիվ ուրիշների՝ օրինականացված բարոյականություն է դարձել: Մենք այլևս ընդունակ չենք մտահոգվելու ուրիշների ճակատագրով, քանզի հաղթանակած էգոիզմի էթիկան մեզ պարտադրում է միայն «ես»-ի պաշտամունքը: Էթնիկական ընդհանրությունը քայքայվում է ինչպես ներքևից վերև, այնպես էլ վերևից ներքև:
Զանգվածի գիտակցությունից դուրս է մղվել հայ հավաքական գիտակցությունը՝ տեղը լրացնելով ներքին տարանջատման պայմանանշաններով, որոնցից առավել էականը տարանջատումն է ըստ տարածքային պատկանելության: Հայ և Հայաստան ընդհանրական հասկացություններին փոխարինել են Ղարաբաղ-ղարաբաղցի, Զանգեզուր-զանգեզուրցի, աղետի գոտի-աղետյալներ, պատերազմական տարածքներ-գաղթականներ հասկացությունները, ընդհուպ մինչև առանձին բնակավայրերը, ինչպես՝ Արծվաշեն-արծվաշենցիներ: Պարզամիտ գիտնականները կարծում էին, թե էթնոսների ներսում տարածքային մասնատվաությունն անցյալի խնդիր է և նոր ժամանակներում դա հնարավոր չէ: Սակայն Հայաստանում «Վերջին մարդու» իշխանությունը հերքեց այդ թյուր կարծիքը և իջեցրեց երկիրը մինչև ավատական մասնատվածության իրողության, երբ յուրաքանչյուր ավատատեր իր հպատակներով պատասխանատու էր միայն իր տարածքի համար և պաշտպանում էր միայն իր տարածքը:
Ինքնաքայքայում ապրող էթնոսներն իրենց կործանման պատճառները սովորաբար հակված են փնտրել առանձին երկրների կամ ժողովուրդների, միջազգային մութ ուժերի խարդավանքների և այլ պարագաների մեջ, շարունակելով այն ինքնախաբեությունը, որին արդեն իսկ զոհ են գնացել: Կարծում ենք, որ ամեն ինչ շատ ավելի պարզ է և տրամաբանական: Բնական ընտրության օրենքներն էթնոսֆերայում նույնքան պարբերաբար մաքրում են էթնոսֆերան թույլ, անընդունակ և պորտաբուծությանը հակված տարրերից՝ իբրև գործիք օգտագործելով արտաքին ագրեսիան, ներքին համաղետները և այլն: Եթե էթնոսն ինքը թերանում է կատարելագործվել, ստեղծել ինքնավերարտադրությանը նպաստող հասարակական հարաբերությունների և ներհասարակական կառույցների անհրաժեշտ համակարգերը, եթե խեղդում է ինքնապաշտպանության բնազդը և զլանում է պաշտպանել ինքն իրեն, ապա նա դատապարտված է: Ցանկացած ժողովուրդ, որ խաղաղություն է մուրում ՝ պատրաստ զոհաբերելու իր հայրենիքն ու իր անբաժանելի հատվածի կյանքը, դատապարտված է կործանման: Ի վերջո, ժողովուրդն է տնօրինում իր ճակատագիրը՝ չտրվելով «վերջին մարդու» կործանարար իշխանությանը կամ տրվելով նրա կողմից առաջադրված անհոգության գայթակղությանը: «Վերջին մարդու» իշխանությունից սթափվելը ողջ ժողովրդի խնդիրն է, քանզի «Վերջին մարդու» գործելակերպի բաղկացուցիչ մասն է կազմում «ժամանակ առ ժամանակ թույն տալ՝ դա հաճելի երազներ է առաջացնում: Իսկ վերջում թույնի մեծ բաժին, որպեսզի մահը հաճելի լինի» (Նիցշե):
09.09.92