Բաժիններ՝

Թուրքիան իր առաջին «լողացող հիվանդանոցի» մասին մրցույթը կհայտարարի փետրվարին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ավարտվել են առաջին հոսպիտալանավի («լողացող հիվանդանոց») հետ կապված նախապատրաստությունները, փետրվարին այդ կապակցությամբ կհայտարարվի մրցույթ: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն:

Վերջինիս խոսքերով՝ 200 մետր երկարությամբ այդ նավը ծառայություններ կմատուցի նաև արտերկրում գտնվող հիվանդներին: Նախարարն ընդգծել է, որ հոսպիտալանավ ունենալու գաղափարը պատկանում է վարչապետ Ռեջեփ Էրդողանին, և որ դրա կարիքն առաջացել է հատկապես Պակիստանի երկրաշարժի ու Լիբիայի դեպքերի ժամանակ, երբ շատերը բուժման նպատակով գալիս էին Թուրքիա:

Հոսպիտալանավը կգործի շուրջօրյա ռեժիմով: Հոսպիտալանավն ունենալու է 206 մահճակալ, 10 անհետաձգելի բուժօգնության պոլիկլինիկա, 8 վիրահատարան, 16 վերակենդանացման ու դիալիզի կենտրոն, 2 ուղղաթիռ, շտապ օգնության անավակներ: Նավի անձնակազմը բաղկացած կլինի 157 մարդուց, որոնցից 122-ը կներկայացնեն առողջապահական ոլորտը:

Հոսպիտալանավը գնահատվում է 100 միլիոն դոլար, այն մեծապես կամրապնդի Թուրքիայի իմիջը:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա գարնանը թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիան «լողացող հիվանդանոց» է գնելու ԱՄՆ-ից: ԱՄՆ-ում ընդունված է ռազմանավերը վերածել «լողացող հիվանդանոցների»: Եվ քանի որ Թուրքիան երեք կողմից շրջապատված է ծովերով, ուստիև որոշվել է ունենալ նմանատիպ 3 նավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս