Վլադիմիր Գասպարյանի «ուղերձը»
Անցած տարեվերջին սկսված ու շարունակվող քաղաքական գործընթացները խոստանում են առաջիկայում հետաքրքիր զարգացումներ ունենալ: Մամուլում և քաղաքական շրջանակներում տարին սկսվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև հեռակա բանավեճի ու դրա հնարավոր հետևանքների քննարկմամբ:
Ակնհայտ է, որ իշխանական և մերձիշխանական շրջանակներում այդ առնչությամբ որոշակի աժիոտաժ կա, և այն, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է այնքան, մինչև այս հակամարտության կողմերից որևէ մեկն ավելի վճռական և շոշափելի քայլերի կդիմի: Առայժմ տեսանելի է միայն այն, որ իշխանության որոշակի հատվածի ներկայացուցիչներ ոչ միայն չեն հակադրվում Քոչարյանի կողմից իրենց կուսակից վարչապետին ուղղված քննադատությանը, այլև ուղղակի կամ անուղղակի պատրաստ են աջակցել նրա պաշտոնանկությանը:
Սակայն դեռևս հայտնի չէ, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի առնչությամբ նախագահ Սերժ Սարգսյանը, ով, ինչպես գրեթե բոլոր հարցերում, այս դեպքում ևս գերադասում է լռել: Այսպիսով նա նաև ցույց է տալիս, որ գործող վարչապետ-նախկին նախագահ հարաբերություններում ինքը լավագույն դեպքում կարող է հանդես գալ միայն որպես «արբիտր», ինչպես ասել էր Ռոբերտ Քոչարյանը՝ արձանագրելով վերջինիս քաշային կատեգորիայի անկումը: Հասկանալի է, սակայն, որ այդ լռությունը չի կարող պասիվ լինել, և, բնականաբար, նա ոչ միայն հետևում է իրադարձություններին, այլև իշխանության համար ոչ ցանկալի հեռանկարներին հակազդող ինչ-որ քայլեր է անում:
Իրավիճակի նրբությունն այն է, որ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի խնդիրը ոչ միայն քոչարյանական ուժերն են, այլ նաև սեփական կուսակցության անդամներից շատերը, ովքեր իրենց վերջին օրերի հայտարարություններով այնպիսի տպավորություն են ստեղծում, որ եթե, ասենք, հաջորդ շաբաթ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը հայտնվի խորհրդարանում, իրենք կլինեն առաջին կողմ քվեարկողների շարքում:
Ս. Սարգսյանը, բնականաբար, չի կարող թույլ տալ իրադարձությունների նման զարգացում, քանի որ ստեղծված իրավիճակում Տ. Սարգսյանին անվստահություն հայտնելը կնշանակի՝ անվստահություն հայտնել իրեն: Իսկ ի՞նչ քայլեր է իշխանությունը ձեռնարկում՝ դա թույլ չտալու համար: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել առաջին հայացքից քաղաքական ներկայիս զարգացումների հետ որևէ առնչություն չունեցող մի պաշտոնական հաղորդագրության մեջ: Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, հունվարի 8-ին Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում, որի ընթացքում անդրադարձել է 2014 թվականի անելիքներին:
Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ 2014 թվականը բեկման տարի է լինելու հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությանը հակազդելու, զինված խմբերի ու խմբավորումների զինաթափման, քրեական տարրերի ու դրանց «տանիքների» բացահայտման և վնասազերծման ուղղությամբ: «Ես տականքի նկատմամբ գթասիրտ չեմ, ես գթասիրտ եմ իմ ընկեր ոստիկանների, իմ երկրի, իմ հասարակության նկատմամբ: Եվ այս քաղաքականությունը լինելու է ամբողջ տարին: Տարին բեկումնային է լինելու, պայքար ենք տանելու հանցավոր խմբերի, խմբավորումների հետ, որոնք հովանավորվում և քողարկվում են ամենատարբեր մարդկանց կողմից՝ սկսած մեծահարուստներից, վերջացրած՝ պաշտոնատար անձերից. նշանակություն չունի: Կտեսնեք՝ ես ճանապարհին դավաճանեցի, քարը կնետեք իմ ուղղությամբ»,- ասել է Գասպարյանը: Թե հատկապես ո՞ւմ ուղղությամբ է «քարը նետել» Վ. Գասպարյանը, դժվար չէ կռահել:
Բնականաբար, առաջին հերթին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակցության «մեծահարուստ» պատգամավոր և ոչ պատգամավոր անդամների, որոնցից շատերի անունը կապվում է այն երևույթների հետ, որոնց դեմ պայքարում ոստիկանապետը խոստանում է բեկում արձանագրել: Այն, որ Հայաստանի մեծահարուստների մեծ մասը հովանավորում է զինված խմբավորումների, քողարկում է հանցավոր խմբերի, նորություն չէ: Ինչպես որ նորություն չէ այն, որ իրավապահ մարմիններն այդ հանցավոր գործողությունները «բացահայտում են» բացառապես՝ ըստ քաղաքական նպատակահարմարության ու անհրաժեշտության:
Վ. Գասպարյանի այս ուղերձի հասցեատերերի մի մասն ԱԺ պատգամավորներ են, ու սա առաջին հերթին՝ հիշեցում է նրանց համար՝ առաջիկա քվեարկությունների տարվան ընդառաջ: Ավելի կոնկրետ՝ ԱԺ գարնանային նստաշրջանում քննարկվելիք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քվեարկության մասով: Ոչ իշխանական ուժերը, այդ թվում՝ ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, կողմ են արտահայտվում այդ հարցին և պատրաստվում են դրա փետրվարյան քննարկումներին ու քվեարկությանը: Վ. Գասպարյանի այս հայտարարությունից հետո այդ ուժերի շատ ներկայացուցիչներ հաստատ ևս մեկ անգամ կմտածեն քվեարկությունից առաջ:
Ոստիկանապետի ուղերձը, սակայն, ուղղված է ոչ միայն ԲՀԿ-ական, այլ նաև ՀՀԿ-ական այն «մեծահարուստներին ու պաշտոնյաներին», ովքեր բացահայտ կամ ոչ ոգևորվել են Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցով և ուժերի հարաբերակցության փոփոխության «հոտն առնելով»՝ կարող են «սխալ» քվեարկել:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանի ինֆորմացիան այնքան շատ է, որ նա կարող է շատ ավելի նուրբ տեղերի կպնել: Վլադիմիր Գասպարյանը, փաստորեն, հիշեցրել է, որ «նուրբ տեղերի» մասին ինֆորմացիային տիրապետում է ոչ միայն Քոչարյանը: