Վերջին երկու տարում մեկ քառորդով պակասել է միջուկային պաշարներով օժտված երկրների քանակը. զեկույց
Cyber Security-ի փոխանցմամբ՝ վերջին երկու տարում գրեթե մեկ քառորդով կրճատվել է այն երկրների քանակը, որոնք տիրապետում են միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ նյութերի: Այսպիսի եզրահանգման է եկել ամերիկյան «Միջուկային սպառնալիքի նախաձեռնություն» (Nuclear Threat Initiative) հասարակական կազմակերպությունը:
Վերջինիս հրապարակած «Միջուկային նյութերի անվտանգության ինդեքս» զեկույցում նշված է, որ դեռ պահպանվում են տվյալ նյութերի անվտանգությունն ապահովող համակարգում վտանգավոր, թույլ օղակները, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչական խմբերի կողմից:
Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 176 երկրում: Դրանում նշված է, որ Մեքսիկան, Շվեդիան, Ուկրաինան, Վիետնամը, Ավստրիան, Չեխիան ու Հունգարիան 2012 թվականից դուրս են բերել ողջ միջուկային ռազմական նյութերը կամ դրանց մեծ մասը:
Հետազոտության համաձայն, աշխարհում գոյություն ունի 25 երկիր, որոնց տրամադրության տակ կա առնվազն մեկ կիլոգրամ նյութ, որը պիտանի է միջուկային լիցք պատրաստելու համար: 2012 թվականին այդպիսի երկրների քանակը կազմել է 32:
Միևնույն ժամանակ 2013 թվականին չորս երկիր (Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան ու Պակիստան) մեծացրել են նմանատիպ նյութերի իրենց պաշարները: Չի բացառվում, որ նման գործողություններ ձեռնարկած լինի նաև ԿԺԴՀ-ը:
Զեկույցի տվյալներով՝ այդօրինակ նյութերի անվտանգության ապահովման լավագույն համակարգը ստեղծվել է Ավստրալիայում, ապա գալիս են Կանադան, Շվեյցարիան, Գերմանիան ու Նորեգիան: ԱՄՆ-ը զբաղեցրել է միայն 11-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ 18-րդ տեղը:
Իրավիճակն ամենավատն է Իսրայելում, Պակիստանում, Հնդկաստանում, Իրանում ու ԿԺԴՀ-ում: Զեկույցում ընդգծվում է, որ համայն աշխարհում մոտ 1400 տոննա բարձր հարստացված ուրան և 500 տոննա պլուտոնիում պահվում են հարյուրավոր օբյեկտներում: