Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը խոստանում է պայքարել մեծահարուստների ու պաշտոնյաների ետևում քողարկվող հանցավոր խմբերի դեմ (տեսանյութ)

Հունվարի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարվա առաջին աշխատանքային  խորհրդակցությունն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում: Անձնակազմին շնորհավորելով Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Արսեն Ադամյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Վերլուծելով նախորդ տարվա գործունեության արդյունքները՝ ոստիկանության պետն անդրադարձավ մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում տեղ գտած մի շարք թերությունների ու բացթողումների:

Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ ոստիկանի գործունեության հիմքում պետք է լինեն պատվախնդրությունը, պրոֆեսիոնալիզմը, պետք է բացառվի ցանկացած շահադիտություն, իսկ օրենքի գերակայության սկզբունքը բացառություններ չպետք է  ունենա ոչ մի պարագայում: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ 2014 թվականը բեկման տարի է լինելու հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ զենքի-զինամթերքի ապօրինի շրջանառությանը հակազդելու, զինված խմբերի ու խմբավորումների զինաթափման, քրեական տարրերի ու դրանց «տանիքների» բացահայտման և վնասազերծման ուղղությամբ:

Ոստիկանության պետն անձնակազմին հրահանգեց այդ պայքարում լինել սկզբունքային ու վճռական՝ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակում:

Կարդացեք նաև

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքներին, առաջիկա անելիքներին՝ մասնավորապես Սևանի ավազանում, անձնակազմի սոցիալական վիճակի, աշխատանքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցման և մի շարք այլ հրատապ խնդիրների: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Նա նաև ասել է. «Ես տականքի նկատմամբ գթասիրտ չեմ, ես գթասիրտ եմ իմ ընկեր ոստիկանների, իմ երկրի, իմ հասարակության նկատմամբ: Եվ այս քաղաքականությունը լինելու է ամբողջ տարին: Տարին բեկումնային է լինելու, պայքար ենք տանելու հանցավոր խմբերի, խմբավորումների հետ, որոնք հովանավորվում և քողարկվում են ամենատարբեր մարդկանց կողմից՝ սկսած մեծահարուստներից, վերջացրած՝ պաշտոնատար անձերից. նշանակություն չունի: Կտեսնեք՝ ես ճանապարհին դավաճանեցի, քարը կնետեք իմ ուղղությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս