Բաժիններ՝

Հանրապետության 10 մարզից 9-ում զրոյացվել են նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքերը

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ներկայացվել են “Անշարժ գույքի հարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ նախագծի վերաբերյալ նախարարության  մոտեցումները, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժից:

Նախագծի մշակումը բխում է  ՀՀ  կառավարության որոշմամբ հաստատված` “Գույքահարկի հարկման համա­կար­գի արդյու­­նա­վետության բարձրացման ուղիները” հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով եւ գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, գույքահարկի եւ հողի հարկի մասով հարկային հաշվետվությունների վերա­ցու­մը, հարկման բազաների ճշգրտումը եւ  համակարգի վար­­չարարության պար­զե­ցումը:

Նախագծով մասնավորապես  առաջարկվում է հողամասերը  եւ դրանց վրա կառուցված շինու­թ­յուն­ները ընդունել որպես միասնական հարկման օբյեկտ եւ դրանց համար սահմանել միաս­նական հարկ, ինչպես նաեւ` անշարժ գույքի հարկը սահմանել որպես ՀՀ համայնք­ների բյուջեներ վճարվող տեղական հարկ եւ որպես դրույքաչափեր սահմանել ներկայիս գործող  հողի հարկի եւ գույքա­հար­կի դրույքաչափերը:

Փոխվարչապետը նախագիծը համարել է ոլորտին վերաբերող բարեփոխումների առաջին փուլը, որով գործընթացն ավելի  դյուրին է դառնում, կրճատվում է հաշվետվությունների թիվը: Հետագա տարիներին ոլորտի կատարելագործմանն ու պարզեցմանն ուղղված բարեփոխումները կշարունակվեն: Նա  կարեւոր է համարել  որոշակի խմբերի (անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող հարկ վճարողների,  համայնքում գործարարությունը խթանելու նպատակով  ներդրումային ծրագրեր իրականացնող սուբյեկտների) համար     օրենքով արտոնությունների տրամադրման ամրագրումը եւ հանձնարարել է դրա վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնել հեղինակներին:

Փոխվարչապետը նաեւ հանձնարարեց 2014թ.  ընթացքում համապատասխան աշխատանքներ իրականացնել` համայնքներին սպասվող փոփոխություններին նախապատրաստելու համար, ինչպես նաեւ  թեման ընդգրկել համայնքային ծառայողների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերում:

Կոլեգիայի նիստում ներկայացվել են նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. կատարողականի նախնական տվյալները: Նշվել է, որ  համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առումով դրական դինամիկա է արձանագրվել: 2013թ. ամփոփ ցուցանիշները կներկայացվեն 2014թ. սկզբին:

Նշվել է նաեւ, որ նախնական օպերատիվ տվյալներով` հանրապետության 10  մարզից 9-ում զրոյացվել են նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքերը: Նախորդ տարիների եւ ընթացիկ տարվա  որոշ պարտքեր ունի միայն Գեղարքունիքի մարզը: Փոխվարչապետը հանձնարարեց մինչեւ հունվարի 15-ն առաջարկություններ ներկայացնել` Գեղարքունիքի մարզում եւս պարտքերի ամբողջական մարման վերաբերյալ:

Փոխվարչապետը  փոխնախարարներին եւ ՏԿՆ  աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչությանը հանձնարարել է նաեւ սեփական եկամուտների` մասնավորապես, հողի  հարկի եւ գույքահարկի  կառուցվածքի որակական վերլուծություններ ներկայացնել, որոնք  կներառեն  հարկերի հաշվարկային մեծությունների դինամիկան ըստ տարիների,  բազաների ամբողջականությունը եւ այլ տվյալներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս