Շանթ Հարությունյան. ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանողներին դատում են ՀՀ անունից
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց Շանթ Հարությունյանի կալանքը երկու մասով երկարաձգելու մասին: Այս մասին լրագրողներին ասաց վերջինիս պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, և մասնավորապես նշել է. «ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանողներին դատում են ՀՀ անունից: Սա հայ ժողովրդի ողբերգությունն է: Այսօրվա Հայաստանում նման դատերի առկայությունը վկայում է, որ հայ ժողովրդին իր հավաքականության մեջ խորթ է մարդկային և ազգային արժանապատվության զգացումը, այլապես այս դատարանի շենքը հիմնահատակ կկործանեին՝ քարը քարին չթողնելով»:
Շանթ Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ ԿԳԲ-ի «պադվալներում» ոչնչացրել են Գարեգին Նժդեհին և հայ ժողովրդի լավագույն զավակներին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը գտնվում է թշվառ վիճակում, հայ ժողովրդի ազնիվ և լավագույն զավակները դատվում են չեկիստների կողմից:
«Այսօր ես հպարտ եմ և գերադասում եմ լինել նրանց հետնորդը՝ թեկուզ ԿԳԲ-ի «պադվալում», քան թե ապրել և շնչել նույն օդը մի ժողովրդի հետ, ով իր մեծամասնության հետ պատրաստ է ծախել իր ձայնն ու հոգին: Եվ սա վերաբերում է նախևառաջ այս ժողովրդի մտավորական և քաղաքական էլիտային»:
Հավելենք, որ Շ. Հարությունյանի պաշտպանն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի կայացրած որոշումը: