Ադրբեջանը դեմ է Հայաստանի՝ ռուսական օկուպացիային

Այսուհետ բոլոր նրանք, ովքեր դեմ կարտահայտվեն Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, կարող են մեղադրվել Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ: Այսօր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն Ադրբեջանի անունից պաշտոնական բողոք է  ներկայացրել Մաքսային միությանը՝ անթույլատրելի համարելով Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին:  Ըստ Հասանովի՝ «Հայաստանի՝ որպես Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջաններն օկուպացրած երկրի անդամակցությունը որևէ միավորման կամ միության հակասում է միջազգային իրավունքի նորմերին»:

Հայաստանի այն սակավաթիվ քաղաքական և հասարակական միավորումները, որոնք հանդես են գալիս ՄՄ-ին միանալու որոշման դեմ, նշում են, որ Հայաստանը միանալով այդ միությանը՝ կորցնում է իր ինքնիշխանությունը, դառնում է բռնապետական ռեժիմներ ունեցող երկրների միավորման անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, դառնում է մի միության անդամ, որտեղ չկան բարձր տեխնոլոգիաներ, և տնտեսությունը հիմնված է ռեսուրսների արտահանման վրա, իսկ կառավարման համակարգը կլանային է և հնարավորինս կոռումպացված:  Բայց այս փաստարկները կարող են դառնալ երկրորդական և երրորդական: Մի՞թե Ադրբեջանին ևս մտահոգում է Հայաստանի ինքնիշխանությունը, կամ Ադրբեջանի ղեկավարությունը և՞ս չի ուզում, որ Հայաստանը դառնա բռնապետական ռեժիմների ակումբի անդամ, որովհետև կուզենար իր կողքին տեսնել ազատ և ժողովրդավարական Հայաստան:

Չնայած պահանջների նույնականությանը` Մաքսային միությանն անդամակցելու անթույլատրելիությունը, այդ միության դեմ հանդես եղող հայաստանյան քաղաքական ուժերի և Ադրբեջանի մտահոգությունների պատճառները ոչ միայն տարբեր են, այլ նաև իրար հակադիր:

Հայաստանում հասկանում են, որ Մաքսային միությունը նոր Խորհրդային Միություն է, և դրան անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը և փաստացի դառնում է Ռուսաստանի մի մասը: Այդ միությանը միանալու դեմ պայքարողները հասկանում են, որ ՄՄ-ին միանալուց և Եվրասիական տնտեսական միավորման անդամ դառնալուց հետո, Հայաստանի նույնիսկ ներկայիս սահմանափակ ինքնիշխանությունից ոչինչ չի մնա, և Հայաստանը նույնիսկ ֆորմալ առումով կկառավարվի Մոսկվայից: Ադրբեջանում սա ևս շատ լավ հասկանում են և դեմ են դրան, քանի որ Հայաստանին մտցնելով Մաքսային Միություն, այսինքն՝ վերցնելով Հայաստանը, Ռուսաստանն իրեն է միացնում նաև Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները:

Վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում էր Հայաստանի դեմ պատերազմի, և ադրբեջանական ղեկավարությունը հույս ուներ, որ ռազմական գերազանցությունը Հայաստանի նկատմամբ թույլ կտա պատերազմի միջոցով հետ վերադարձնել կորցրածը: Հիմա, երբ Հայաստանը միացվում է Ռուսաստանին, Ադրբեջանում հասկանում են, որ դրանից հետո Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները կլինեն ոչ թե Հայաստանինը, այլ Ռուսաստանինը: Եվ դրանք հետ վերադարձնելու համար պետք է պատերազմել Ռուսաստանի դեմ: Ահա թե ինչու է Ադրբեջանը դեմ Հայաստանի ռուսական օկուպացիային:

Տեսանյութեր

Լրահոս