Արցախի, Հայաստանի և քրիստոնեական արժեքների մասին աշխարհին պատմում է Մոնսերատ Կաբալիեն (տեսանյութ, ֆոտոշարք)
Արվեստը միակ ուժն է աշխարհում, որը մեր կյանքում պահպանում է համամարդկային և քաղաքակրթական, հոգևոր արժեքները: Արվեստը սահմաններ չի ճանաչում: Առավել ևս` մարդկանց և քաղաքականության կողմից ստեղծված որևէ սահման: Արվեստը կաղապարներ, դոգմաներ և ցանկացած տեսակի սահմաններ քանդող է: Եվ այդ իմաստով իրական արվեստագետներն իրենց ողջ կյանքի ընթացքում առաքելություն են իրականացնում` ոչ միայն քանդելով և վերացնելով բոլոր սահմանները, այլև հոգևոր արժեքների միջոցով աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց են փոխանցում մոռացված և նոր ավանդույթները, համամարդկային և քաղաքակրթական այն բոլոր արժեքները, որոնք չափազանց կարևոր են հատկապես մեր օրերում:
2013թ. հունիսի սկզբին նման մի առաքելություն իր ուսերին կրեց աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեն (Montserrat Caballe): Նա որոշեց «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» նախագծի շրջանակներում այցելել Հայաստան և Արցախ: Հիշեցնենք, որ նախագծի գլխավոր կազմակերպիչն Իսպանիայում բնակվող մեր հայրենակից, STARMUS փառատոնի հեղինակ և կազմակերպիչ, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանն է, ով աշխատում է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում (Instituto de Astrofisica de Canarias-IAC):
Երգչուհու` Լեռնային Ղարաբաղ այցելության մասին լուրի տարածվելուն անմիջապես հետևեց Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը. Մոնսերատ Կաբալիեն անցանկալի անձ (persona non grata) հռչակվեց Ադրբեջանում: Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա հղեց իսպանական կողմին` բացատրություններ պահանջելով: Երգչուհուն, ում ծափահարել է ողջ աշխարհը, սպառնացին այլևս վիզա չտալ, քանի որ նա դարձել է «Ադրբեջանում անցանկալի անձ»:
«Սա ոչ միայն Քրիստոնեության կղզի է, այլև Քրիստոնեության պատմության արմատը։ Ես ոտքից գլուխ քրիստոնյա եմ: Ես այստեղ` Ստեփանակերտում եմ` որպես երգչուհի: Սակայն, որպես մարդկային էակ` ես ներկայացնում եմ Միացյալ Ազգերի Կազմակերպությունըգ Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- Ստեփանակերտում հայտարարեց աշխարհահռչակ երգչուհին, ով 1974թ. ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության Պատվավոր դեսպան, և 1991 թվականին` Խաղաղության դեսպան (1991): Ավելին, նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է (1994):
Իր դստեր` ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտիի և ստեղծագործական խմբի հետ նա այցելեց Շուշիի Մայր Տաճար` Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Գանձասար եկեղեցի, հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:
Երևանում հունիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Աշխարհահռչակ երգչուհին այդ օրն առաջին անգամ կատարեց նաև Կոմիտասի «Կռունկ» և «Չինար ես» ստեղծագործությունները: Նրա հետ հանդես եկան նրա դուստրը` Մոնսերատ Մարտին, մեցցո-սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Նվագախմբի ելույթը ղեկավարեց Հայաստան ժամանած հայտնի դիրիժոր Ռամոն Տեբարը:
Նախագծի շրջանակներում Մոնսերատ Կաբալիեն հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, վարպետության դաս անցկացրեց Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների հետ, այցելեց Հայաստանի եկեղեցիներ` Նորավանք, Գեղարդ, Սբ. Էջմիածին, և այլն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալիեին պարգևատրեց ՀՀ պետական բարձր պարգևով` Պատվո շքանշանով` համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: «Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը: Դուք հրաշալի երկիր ունեք և ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,- ՀՀ նախագահի հետ զրույցում ասել է Մոնսերատ Կաբալիեն: Անվանի երգչուհին նշել է, որ անկրկնելի տպավորություններով է հեռանում Հայաստանից և վստահ է, որ ավարտվող այս այցը դեռ շարունակություն է ունենալու:
«Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ»
Նախագիծը, սակայն, միայն աշխարհահռչակ երգչուհու այցելությամբ չէր ավարտվում: Տեսաձայնային Blu-Ray ձևաչափի հրաշալի մի ալբոմ ստեղծվեց, որի մեջ ամփոփվել են երգչուհու կատարումները, այդ թվում` «Հայաստան, Արցախ. Քրիստոնեության կղզյակ» (The island of Christianity: Armenia and Artsakh) տեսաձայնային ալբոմի մաս կազմող, Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված տեսահոլովակները: Ալբոմն իրենց ստեղծագործություններով պատվել են նաև աշխարհահռչակ կոմպոզիտոր Վանգելիսը (Vangelis)` իր նոր` «Habanera», և Queen խմբի կիթառահար, Լիվերպուլի Ջոն Մուռի անվ. համալսարանի ռեկտոր Բրայան Մեյը (Brian May)` իր և Ֆրեդդի Մերկուրիի «Is this the world we createdգ» ստեղծագործություններով` Մոնսերատ Կաբալիեի կատարմամբ:
Ալբոմի մեջ ներառված է նաև Արտեմի Այվազյանի «Երևան» ստեղծագործությունը` Մոնսերատ Մարտիի կատարմամբ: Ձայնագրությունները կատարվել են Լոնդոնի և Բարսելոնայի լավագույն ստուդիաներում (Abbey Road Studio, և այլն)` աշխարհահռչակ նվագախմբերի հետ` Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի (Royal Philharmonic Orchestra), Ռուսական ֆիլհարմոնիկ (Russian Philharmonic Orchestra and Bolshoi Chorus) և Cadaquռs նվագախմբերի հետ:
Եվ ահա, դեկտեմբերի 12-ին Եվրոպայի կենտրոնում` Intercontinental հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի «Հայաստան, Արցախ. Քրիստոնեության կղզյակ» տեսաձայնային նոր ալբոմի շնորհանդեսը: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հովանու ներքո և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պատվավոր ներկայությամբ անցկացված միջոցառմանը` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հրավերով, ներկա գտնվեց Փարիզի ողջ բարձրաշխարհիկ հասարակությունը:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, հարյուրավոր բարձրաստիճան հյուրեր` Ֆրանսիայի քաղաքական, մշակութային, հասարակական և լրագրողական շրջանակներից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայազգի խոշոր գործարարներ և արվեստագետներ (Ռուսաստանից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, և այլն): Երեկոն վարում էր Ֆրանսիայի ամենասիրված արվեստի գործիչներից մեկը` Ստեֆան Բեռնը: Հանդիսավոր ընթրիքի ընթացքում ցուցադրվեցին Մ. Կաբալիեի Հայաստան և Արցախ կատարած այցից դրվագներ և վերջինիս կատարմամբ` «Հայաստան, Արցախ. Քրիստոնեության կղզյակ» տեսաձայնային ալբոմի մաս կազմող տեսահոլովակները:
«Սա իրոք պատմական իրադարձություն է Արցախի կյանքում: Պատմական` մի շարք առումներով: Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղը` բոլորիս կողմից հարգված ու սիրված Մոնսերատ Կաբալիեն, աշխարհահռչակ երաժիշտներ Վանգելիսի և Բրայան Մեյի հետ միասին, որոնց արվեստն արդեն իսկ դարձել է համամարդկային ժառանգություն, թողարկել են մեր հայրենիքին նվիրված շատ հետաքրքիր մի ալբոմ: Այդ ստեղծագործությունն ունի կարևոր մշակութային ու բարոյական նշանակություն մեզ և, կարծում եմ, նաև ողջ քրիստոնյա աշխարհի համար:
Տիկին Մոնսերատը շարունակում է պատմական քրիստոնյա քարոզիչների առաքելությունը` բարձր արվեստի միջոցով ոչ միայն Արցախն աշխարհին ներկայացնելով, այլև յուրօրինակ կոչ հղելով մարդկությանը` պահպանելու քրիստոնեական արժեքները:
Սա կարևոր է հատկապես ներկա ժամանակաշրջանում, երբ գաղտնիք չէ, որ բազմաթիվ խնդիրների առաջացումն անմիջականորեն կապված է հենց Քրիստոնեության ակունքներից և բարոյականությունից շեղվելու հետ: գԱրցախցիներն ամենայն ջերմությամբ են հիշում այս տարվա հունիսին տիկին Մոնսերատի այցելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը դարձավ մեր երկրի մշակութային կյանքի նշանակալի էջերից մեկը: Համաշխարհային հանրահայտ երգչուհու հետ մեկտեղ, մենք ճանաչեցինք խիզախ ու հպարտ մի մարդու, ով արձագանքեց մեր հրավերին` այցելել Արցախ և տեղում ծանոթանալ այն արժեքներին, որին հետևում են արցախցիները:
Իսկ ճշմարտությունը մեկն է. մեր ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և հաստատուն քայլերով ընթանում է ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն կառուցելու և քաղաքակիրթ հանրությանն ինտեգրվելու ուղով»,- իր ելույթում նշեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ելույթով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը. «Ինձ համար պատիվ է` Մոնսերատ Կաբալիեին շնորհավորել իր նոր` «Հայաստան, Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ալբոմի թողարկման կապակցությամբ: Ներկաներից շատերը կարող են տեղյակ լինել, որ ես պատիվ եմ ունեցել Արցախ այցելել ութսուն անգամ, և այդ այցերի մի մասը նաև եղել են մութ և Արցախ աշխարհի համար ամենադժվարին գոյատևման ժամանակների ընթացքում:
Կրկին և կրկին ես այնտեղ հանդիպում էի սահմաններ չճանաչող ագրեսիային դիմակայող զինվորների: Պատերազմի առաջին տարիներին նրանք ադրբեջանցիների` հզոր զենքերով հարձակումներին որսորդական հրացաններով էին դիմակայում: Ես տեսել եմ կանանց և երեխաների, ովքեր դիմակայում էին սաստիկ ցրտին` պատսպարվելով շինությունների նկուղներում` Ստեփանակերտի վրա երկնքից թափվող արկերից պաշտպանվելու համար: Այդպիսի ծանր ժամանակներում է երևում մարդկանց իրական անկոտրում ոգին: Երկու պատմություն կարող եմ ձեզ պատմել, որոնք ցույց են տալիս, թե այդ աշխարհում որքան խոր արմատներ ունի Քրիստոնեությունը, որը միայն հողի վրա դարերով արմատներ գցած եկեղեցիներով չի չափվում, այլ նաև Արցախի հայության ոգիներով:
Առաջին պատմությունը, որ ցանկանում եմ պատմել, 1992թ. կայացած ուղևորության մասին է, որն ինձ տարավ Ադրբեջանի կողմից իրականացվող անխնա տեղահանման քաղաքականությունից տուժած հեռավոր շրջաններ: Մենք Գետաշենում մի գյուղացու հանդիպեցինք, ով պատմեց, թե ինչպես են իրենց գյուղը շրջափակել տանկերով, ուղղաթիռներով, ցածր թռչող մարտական հաշվարկներով, թե ինչպես են նրանք շրջափակվել, հալածվել և թալանի ենթարկվել ադրբեջանցի զինվորների կողմից, որից հետո դատարկաձեռն վտարվել են իրենց հողից: Տեղացի լինելով` գյուղացին գիտեր, թե ինչպես կարելի է փախուստի դիմել` անցնելով անտառներում թաքնված ճանապարհներով և կածաններով, որպեսզի վերամիավորվի իր երկրի հետ և շարունակի պայքարը:
Չնայած նրան հաջողվել էր փախուստի դիմել, նա չէր կարողանում հաշտվել այն դառնությունների և դաժանությունների վերաբերյալ հիշողությունների հետ, որոնց ենթարկվել էին իր ընտանիքն ու հարազատները: Մայիս ամիսն էր, և ծառերի ծաղկունքի շրջան էր: Նա փորձել է մոտենալ մի ծիրանի ծառի` փոքր-ինչ հանգստանալու համար: Երբ նա մոտեցել է ծառին, սարսափած տեսել է հինգ տարեկան հայ երեխայի մարմինը` երկու մասի բաժանած և ծառից կախած: Նա ինձ պատմում էր, թե ինչպես էր հեկեկում և վրեժ աղերսում: Մեկ տարի անց նորից այցելեցի այդ տարածքը, և նորից հանդիպեցի այդ գյուղացուն: Նա մեզ հյուրընկալեց իր կառուցած փոքրիկ տանը և ասաց. «Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որովհետև խախտել եմ իմ երդումը: Երբ հետագայում ես գրավեցի ադրբեջանական գյուղերը` երբեք չկարողացա ոչ մի երեխայի ցավ պատճառել. ես դրժեցի երդումս»:
Ինձ հետ այնտեղ եկած ամերիկացի ընկերներիցս մեկը տեղից վեր կացավ, գլխարկը հանեց և ասաց. «Շնորհակալ եմ, պարո՛ն: Կյանքումս առաջին անգամն է, որ ես իսկապես հասկանում եմ, թե Աստվածաշունչն ինչ ի նկատի ունի` մեջբերելով Աստծու` «Դատաստանն իմն է» խոսքը: Շնորհակալություն ձեր ցուցաբերած մեծահոգության համար»: Այս խոսքերին ի պատասխան` գյուղացին ասաց. «Մեծահոգությունը փշե պսակ է գլխի համար»:
Տեսե՛ք` ինչ խորն աստվածաբանական արտահայտություն ենք մենք լսել այս գյուղացուց: Ամենազարմանալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ավելի քան 60 տարի Սովետական իշխանության և ադրբեջանական գերակայության ներքո Արցախի ժողովրդին չեն թողել մոտենալ որևէ եկեղեցու, քահանայի կամ Աստվածաշնչի: Քրիստոնեությունը պահպանվել է նույնիսկ ծայրահեղ հետապնդումների և դառը հակամարտությունների ժամանակ: Երկրորդ կարճ պատմությունը վերաբերում է այն դաժան ժամանակներին, երբ Ստեփանակերտը պարբերաբար հրետակոծությունների էր ենթարկվում Շուշին բռնազավթած ադրբեջանցիների կողմից: Պարգև Սրբազանն այդ ամբողջ ժամանակի ընթացքում մնաց իր ժողովրդի հետ:
Ամեն առավոտ, երբ հրետակոծությունները սկսվում էին, նա կանգնում և աղոթում էր: Այդ ժամանակ դառը և ցուրտ ձմեռ էր, և հեշտ չէր, չկար էլեկտրականություն և ջեռուցում. մարդ տաքանում էր միայն անկողին մտնելիս: Մի առավոտ, երբ հրետակոծությունը սկսվեց, Տեր Հայրն արթնացավ և սկսեց աղոթել: Մեկ րոպե անց մի մեծ արկ հարվածեց իր տանը և մի մեծ բետոնի կտոր գցեց իր անկողնու վրա` այն անկողնու, որտեղ Սրբազանը րոպե առաջ պառկած էր:
Եթե Սրբազանը առավոտ կանուխ վեր չկենար աղոթելու, նա չէր ապրի: Աղոթքը փրկեց Սրբազանի կյանքը: Ես ցանկանում եմ իմ խոսքն ավարտել Սրբազանի խոսքերից մի մեջբերումով: Երբ մենք այդ օրը գնացինք իրեն տեսնելու և մեր կարեկցանքը հայտնելու, ես նրան հարցրեցի, թե արդյո՞ք ինքն ուզում էր աշխարհին իր խոսքը փոխանցել: Նա ինձ պատասխանեց հետևյալ խոսքերով.
«Մեր ազգը նորից վերագտել է իր հավատքը և աղոթում է եկեղեցիներում, խցերում և մարտի դաշտում` պաշտպանելով իրենց հարազատների և իրենց սեփական կյանքը: Միայն հանցագործները և չարագործները չէ, որ մեղք են գործում, բայց նաև նրանք, ովքեր կանգնում նայում են և գիտակցելով` չեն դատապարտում կամ կանխում այն: Խաղաղություն հաստատողները թող օրհնյալ լինեն. նրանք Աստծո զավակներն են: Մենք չենք ատում, մենք հավատում ենք Աստծուն: Եթե մենք ուզում ենք հասնել Աստծո հաղթանակին, մենք պետք է սիրենք: Նույնիսկ, եթե սատանայական ուժերն են խառնված, և ոչ միայն այս պատերազմում, այլ աշխարհում ամենուր, մենք պետք է սիրենք. մենք պետք է միշտ ունակ լինենք սիրելու»:
Այս երկու պատմությունները, և դրանց նման շատ այլ պատմություններ, դեռ ապրում են և կենսունակ ապացույց են այն բանի, թե ինչպես խորը հավատով մի ժողովուրդ դիմակայեց ժամանակի փորձությանը և դարերի միջով վերագտավ իր խաղաղությունը: Այս մարդիկ Հայաստանի և Արցախի հողը պաշտպանել են` որպես Քրիստոնեության մի կղզյակ` ի պատիվ Աստծո փառքի և աշխարհի օրհնության:
Եվ մենք` ոչ հայ մարդիկ, մեր պարտքի տուրքը պետք է հանձնենք հայ ժողովրդին` աշխարհի մնացած մասից հավատի այս պատն ամուր պաշտպանելու համար:
Թող որ Աստված առատորեն օրհնի իր հայ ժողովրդին և Քրիստոնեության կղզյակ Արցախ աշխարհն ու Հայաստանը»:
Երեկոյի ընթացքում ներկայացվում էին Արցախի և Հայաստանի թվով յոթ եկեղեցիներում և վանքերում արված տեսահոլովակները, հնչում էր Կոմիտասը` Մոնսերատ Կաբալիեի կատարմամբ, ելույթներ` Արցախի, Հայաստանի ժողովուրդների և հոգևոր արժեքների մասին:
«Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ հայ ժողովրդի հանդեպ: Երջանիկ էի, որ կարողացա շրջել ամբողջ Հայաստանով: Ես երջանիկ էի` լինել Արցախում և Հայաստանում: Առաջինը, որ արեցի` ոտք դնելով այդ սուրբ հողում` եկեղեցի այցելելն էր և Աստծուց շնորհակալություն հայտնելը այդ հնարավորության համար: Խոստացել եմ վերադառնալ Աստծո այդ տունը: Հայաստանը միշտ եղել է Քրիստոնեության բնօրրանը: Կարծում եմ` Գանձասարի ուժն այդ հավատքի մեջ է: Այդ անսահման հավատքն է ինձ բերել այստեղ: Ես արդեն շատ տարեց կին եմ, բայց կարող եմ ասել, որ ես եղել եմ Գանձասարում: Սա սովորական ուխտագնացություն չէ, և Գանձասարն էլ սովորական վայր չէ:
Այս Քրիստոնեական կղզում Գանձասարը Ավետյաց երկիրն է: Այսպիսով ես մի ուխտագնացություն եմ կատարել, որը պիտի կրկնեմ, հուսով եմ` դա կարող եմ անել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանների` իմ կարգավիճակով: Խոստացել եմ վերադառնալ` շնորհակալություն հայտնելու ժողովրդին այն բոլոր զգացումների համար, որ ունեցել եմ: Ինձ վիճակվեց տեսնել այն, ինչի մասին երկար տարիներ երազում էի»,- ասաց աշխարհահռչակ Մ. Կաբալիեն իր խոսքում:
«Ես երջանիկ եմ, որ Արցախն այսօր տեղավորվել է Փարիզի սրտում: Հրաշալի երեկո է: Շատ մարդիկ կան, որ նույնիսկ չգիտեն Արցախի գոյության մասին, պետք է ցույց տալ, որ մենք կանք, և, թե ինչպիսի քաջություն ունենք, որպեսզի պաշտպանենք այն հողակտորը, որն այնքան մեծ դժվարությամբ ձեռք ենք բերել: Արվեստն ու քաղաքականությունը միշտ միախառնված են եղել, և սա հրաշալի առիթ էր»,- ասաց Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը (Patrick Devedjian):
«Ես օպերային արվեստի մեծ սիրահար եմ և չէի կարող պատկերացնել, որ երբևէ կարող եմ Մոնսերատ Կաբալիեի հետ նույն սրահում ճաշել, որովետև նա ինձ համար ասես Աստվածուհի լինի: Նաև չէի կարող մտածել, որ այսօր կհանդիպեմ իմ սիրելի կինոդերասանուհի Կլաուդիա Կարդինալեին, ով հայերիս հայտնի է նաև Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմով: Մեծ քայլ է կատարել Մոնսերատ Կաբալիեն` այցելելով Ղարաբաղ և Հայաստան, որտեղ երգել է: Նա արժանի է նման մեծարման: Այսօր մեծ արվեստագետներից շատերը չունեն այդ քաջությունը` բացեիբաց Ղարաբաղ այցելելու: Շատ ուրախ եմ, որ այս ամենը կատարվում է Արցախի շուրջ»,- ասաց Փարիզի XIII համալսարանի գիտնական, արվեստաբան Կլոդ Մութաֆյանը:
«Երջանիկ եմ, որ այս երեկո Ձեզ հետ եմ: Ղարաբաղի ժողովրդին իմ ողջույններն ու բարեկամությունն եմ փոխանցում: Իմ վերջին այցելության ժամանակ ես տեսա Արցախի բարեփոխումները: Միակ բանի կարիքը, որ ունի Արցախը, խաղաղությունն է: Եվ այդ ցանկությունը Ղարաբաղի իշխանություններն ունեն: Ինչ վերաբերում է այս միջոցառմանը` հրաշալի է ընտրված վերնագիրը: Քրիստոնեության գործոնն անընդհատ պետք է վերահաստատվի: Եվ Մոնսերատ Կաբալիեի ներկայությունն այստեղ շատ մեծ խորհրդանիշ է»,- ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբուլանը:
Շառլ Ազնավուրը միջոցառմանն անդրադառնալով` ասաց. «Սա հրաշալի միջոցառում է: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա ես չեմ պատրաստվում Ղարաբաղին խորհուրդներ տալ, Ղարաբաղը պետք է ինձ խորհուրդներ տա, և դա ավելի ճիշտ է»:
«Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ ղարաբաղյան թեման կարող է բարձրացվել նման բարձր հարթակներում: Եվ այն, որ Մոնսերատ Կաբալիեն կարող է մի օր Կոմիտաս կատարել և լինել Ղարաբաղումգ ամեն ինչ մշակույթից է սկսվում: Մշակույթի մարդիկ ամենաքիչ բարդույթներն ու նախապաշարումներն ունեն, նրանք գալիս-տեսնում են իրական մարդկանց, իրական կյանքը, բարությունը, մարդկանց և բնության գեղեցկությունը: Եվ նրանք ցանկանում են գնալ Արցախ, վերադառնալ և վերապրել այդ ամենը»,- ասաց Խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռը` երգահան, կատարող Ստաս Նամինը:
«Իսկապես շատ հավակնոտ նախագիծ է սա, և մեր նպատակն էր`աշխարհի ամենալավ սոպրանոյին Ղարաբաղ և Հայաստան հրավիրելը: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալիեն մի օր կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները:գԱլբոմի մեջ ներկայացված բոլոր ստեղծագործությունները ձայնագրվել են աշխարհի լավագույն ստուդիաներում` լավագույն նվագախմբերի, լավագույն երաժիշտների և մասնագետների միջոցով: Եվ այսպիսով նախագիծը դեռ չի ավարտվում: Այն իր շարունակությունը պետք է ունենա և պետք է աշխարհի բոլոր ծայրերում սփռվի: Այս նախագիծը և ալբոմը Քրիստոնեական արժեքների, հայ մշակույթի, պատմության և հոգևոր արժեքների մասին է, որն աշխարհին պատմվում է Մոնսերատ Կաբալիեի միջոցով»,- ասաց նախագծի գլխավոր կազմակերպիչ Գարիկ Իսրաելյանը:
Երեկոյի ավարտին բոլոր ներկաները` որպես հուշ, իրենց հետ տարան «Հայաստան, Արցախ. Քրիստոնեության կղզյակ» տեսաձայնային ալբոմը, որն աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալիեի, Վանգելիսի, Բրայան Մեյի միջոցով պատմում է հայ ժողովրդի, հայ մշակույթի և քաղաքակրթության, հայկական եկեղեցիների ու վանքերի ոգու և ճարտարապետական արվեստի, Կոմիտասի երգարվեստի, և վերջապես` Արցախի ու Հայաստանի մասին: Հատկապես Արցախի, որի մասին շատ հաճախ համաշխարհային քաղաքականության մասին լրահոսում մոլորված մարդն ընթերցում է բազմաթիվ իրարամերժ ապատեղեկատվություն: Մոնսերատ Կաբալիեի միջոցով աշխարհը հնարավորություն ունեցավ իմանալ ճշմարտությունն Արցախի ժողովրդի, մշակութային և հոգևոր արժեքների մասին:
«168 Ժամ»
Լուս.` ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ
Հ.Գ. Նախագծի իրականացմանը մեծապես աջակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը, գործարար-բարերարներ Ռուբեն Վարդանյանը (ՌԴ), Ռալֆ Յիրիկյանը (Հայաստան), Կոնստանտին Մանուկյանը (ՌԴ), Վլադիմիր Ավետիսյանը (ՌԴ) և հայազգի այլ բարերարներ: Ալբոմի աշխատանքներն իրականացվել են Բարսելոնայի Ջոզեֆ Բայգեսի (Josep Baiges) և Մարկ Բլանեսի (Marc Blanes) և Լոնդոնի «Abbey Road» ձայնային ստուդիաների, ռեժիսոր Հովհաննես Հակոբյանի («ZOOM Production», Armenia) և Մանել Իգլեսիասի (Manel Iglesias), լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի (PHOTOGROUP Studio) և դիզայներ Հասմիկ Մովսեսյանի (PHOTOGROUP Studio), սցենարիստ Վարդան Զադոյանի և բազմաթիվ այլ մարդկանց ջանքերով:
Փարիզում կազմակերպված միջոցառումն իրականացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, ի դեմս` դեսպան Վիգեն Չիտեչյանի և արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Վահագն Աթաբեկյանի և մյուս աշխատակիցների, ինչպես նաև Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության (ի դեմս Հովհաննես Գևորգյանի) ջանքերով: