Բաժիններ՝

Բագրատ Ասատրյան. Բանիմաց, կրթված, հայրենասեր սերունդը գալու և դնելու է իր պահանջները

Հարցազրույց տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանի հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարվա տնտեսական ու քաղաքական զարգացումները:

– Տնտեսական առումով տարին գորշ ու աննշան էր` բոլոր իմաստներով, անգամ առկա ծրագրերն իրականություն չդարձան: Հրապարակվել են 11 ամսվա նախնական ցուցանիշները, և պարզ է, որ տնտեսական աճը լինելու է 3.5%-ից ցածր, գնաճը` 6%-ից բարձր, այսինքն` ծրագրավորված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները չեն կատարվելու: Առկա զարգացումներում բացասականը, ցավոք, ավելի շատ է: Առանցքային խնդիրներից մեկը, որը հասարակությանն անհանգստացնում է և, կարծես, պետք է իշխանություններին ևս անհանգստացներ, արտագաղթն է, որը ծավալուն է, մեծ մասշտաբների է հասել և նախորդ տարիների համեմատ բարձր կլինի: Սոցիալական վիճակի առումով էական լավացում չի նկատվել, այս տարի էլ ոչ բարվոք պատկեր ենք ունենալու:

Կարծում եմ` տարվա արդյունքներով աղքատության շեմից ցածր վիճակում գտնվողների առումով շատ բան չի փոխվելու, վիճակը շարունակելու է մնալ ավելի վատ, քան նախաճգնաժամային 2008-ին: Իշխանությունները, բնականաբար, փորձում են ցույց տալ դրական տեղաշարժեր, դրական արդյունքներ, սակայն վիճակն իսկապես վատանում է, այս տարվա բացասական զարգացումների շարքը եթե շարունակենք, հարկ է առանձնահատուկ ընդգծել ծնունդների նվազման միտումը (տարվա արդյունքներով կլինի մինչև 40.000 ծնունդ), մահացողների թվի աճը, և այլն: Քաղաքական զարգացումների առումով նույնպես որոշիչը գորշությունն էր:

Կարդացեք նաև

– Ընտրական տարի էր:

– Այո, ընտրական տարի էր, բայց աննկատ, աննշան անցավ, անգամ հասարակության մեջ ինչ-որ նշանակալից, սուր արտահայտիչ ձգտումներ չեղան: Վատ է, բայց հասարակությունը կարծես համակերպված լինի: Թեև ընտրությունների արդյունքը միանշանակ պետք է գնահատել` իբրև ապտակ իշխանություններին: Թեկնածուի արժանիքների մասին չեմ խոսում: Համեմատ 2007-2008թթ. նախընտրական արշավի, ըստ էության, վերջին նախընտրական արշավը բավականին զուսպ էր, բայց արդյունքը շշմեցրեց բոլորին: Ժողովուրդն իր կարծիքը հայտնել է, և, կարծում եմ, եթե ակնհայտ կեղծիքները կամ ստիպողաբար 5000 դրամով բերման ենթարկելը չլիներ, միանշանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն ակնհայտ էր: Տարվա առավել հուզումնալից իրադարձությունը, թերևս, կապված էր ձևավորված սպասումների հետ, կտրուկ շրջադարձն էր դեպի ՄՄ: Եվրոպան հնարավորություն տվեց, որ 2008-ի հանցանքն իշխանավորները մարսեն՝ հետագա զարգացումների որոշակի սպասումով: Սակայն եղավ այն, ինչ եղավ:

Իհարկե, 2008-ին էլ հասկանալի էր, որ այս իշխանությունները ՀՀ-ն տանում են միջնադար, չեն կարող գնալ ԵՄ, որովհետև առկա սկզբունքներով, մոտեցումներով ՀՀ-ն Եվրոպայում անելիք չուներ: Սակայն ինձ համար միանշանակ է, որ այս ուղին` ՄՄ-ին անդամակցելու անվան տակ, ՀՀ-ի ինքնիշխանության վաճառքն է` իշխանության վերարտադրության ապահովման դիմաց: Սակայն սա ճանապարհ չէ որևէ երկրի համար, այն Հայաստանը դանդաղ մաշեցնելու է: Այսօր ակնհայտ է, որ ՌԴ-ն` որպես տնտեսական, քաղաքական միավոր, դեռևս կայացած չէ, շատ հեռու է այն ձևական ձգտումներից, որոնք հրապարակ են հանվել:

ՌԴ-ի ներուժի առանցքն այսօր նավթի, ընդհանրապես էներգակիրների բարձր միջազգային գներն են, որոնք, փոքր-ինչ նվազելու պայմաններում, խիստ բացասական ազդեցություն կունենան ռուսաստանյան զարգացումների վրա: Դրա վառ ապացույցներից է այս տարվա վիճակը` նավթի միջազգային գների կայունացման ու փոքր-ինչ նվազման պայմաններում էապես խաթարվեց տնտեսական աճը` տարվա արդյունքներով տնտեսական աճը ՌԴ-ում չի գերազանցի 1.5%-ը, ինչը ծրագրավորվածից բավականին ցածր է: Առանց էներգակիրների ՌԴ-ի տնտեսությունը համադրելի է, թերևս, Թուրքիայի տնտեսության հետ: ՌԴ-ն իր ժողովրդին չի կարող շատ բան տալ, ՀՀ-ին ի՞նչ է տալու:

Իրականում այն քամում է Հայաստանը, տանում է այն ամենը, ինչի կարիք ունի, և ՀՀ իշխանությունները միմիայն նպաստում են դրան: Ասածիս վառ ապացույցներից են վերջին շրջանի «գազային» պատմությունները, ըստ իս՝ տարրական խարդախությունների շղթա: Ես չգիտեմ՝ ի՞նչ մակարդակով, ո՞վ` ո՞ւմ է խաբել, բայց արդյունքը զարհուրելի, սարսափելի է ու ակնհայտ, որ այս պատմություններով` գազի մատակարարման դիմաց կուտակված պարտք, «ՀայՌուսգազարդի» բաժնեմասի հանձնում ռուսական կողմին, պետք է Դատախազությունը զբաղվի, այսօր ևեթ քրեական գործ հարուցի: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ: Այսքան պայքարում ենք, որ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, իբրև նվաճո՞ւմ ներկայացվի 1000 խմ գազի դիմաց 400 դոլար գինը: Սա՞ էր այս իշխանությունների նվաճումը:

Չի կարելի 30 տարով պայմաններ ֆիքսել, քանի որ աշխարհում զարգացումներ են ընթանալու, և այսօր ակնհայտ է, որ էներգետիկ հաշվեկշռում տեղաշարժեր են լինելու: Այսօր արդեն էներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ գազի գնի նվազման միտումներ կան: Բայց այդ աստիճան և այսպես գերվել չի կարելի: ՌԴ-ի ցանկացած մարզ ավելի շատ իրավունքներ ունի: Կատարվածը զարհուրելի է, իսկ պայքարը գազի համար չէ, այլ ստի ու կեղծիքի դեմ է, և հայ ժողովրդի ապագայի համար է:

Տարվա դրական դրսևորումներից եմ համարում այն, որ երիտասարդները ոտքի կանգնեցին, հիշո՞ւմ եք մի քանի դրսևորումներ` Մաշտոցի պողոտա, Թռչկանի ջրվեժ, տրանսպորտի սակագներ: Անգամ արդյունք ունեցան: Մեր երկրին սերնդափոխություն ու թարմ մտածելակերպ է հարկավոր, և դրա առանձին դրսևորումներն առկա են:

– Տնտեսական ներկայիս ցուցանիշներով պարզ է դառնում, որ հաջորդ տարի ավելի բարդ իրավիճակ է լինելու, քան այս տարի, բյուջեով նույնպես ավելի քիչ ՀՆԱ-ի աճ է նախատեսված, քան այս տարի: Ձեր կարծիքով` տնտեսական աճի դանդաղումը, արտագաղթը ինչի՞ կհանգեցնեն:

– Տեսանելի է՝ Հայաստանը մաշվում է, փոքրանում է: Այն բացասականը, որ եղել է այս 10 տարիների ընթացքում, խորանալու է: Իհարկե, հայտնի է, որ քաղաքական քարտեզը չի փոխվելու: Հնարավոր չէ, որ ՌԴ-ն մի վճռով ՀՀ-ն դարձնի ՌԴ մարզ: Այսօրվա պաշտոնյաների ոչ պատասխանատու վարքագծի պատճառը կարծես սա է: Լայն իմաստով՝ վտանգը նա է, որ ամբողջ քաղաքական համակարգը մեկ մարդու համար է ծառայում: Թերևս սա է պատճառը, որ արդեն երկրորդ տասնամյակն է լրանում, որ իշխանական բուրգը ղեկավարում է մի քաղաքական ուժ, որտեղ քաղաքական ձգտումներ ունեցող մարդ համարյա չկա: Ինձ վերջին շրջանից հիշեցրեք մի դեպք, որ այդ իշխող ուժը որևէ նախաձեռնությամբ հանդես գա: Այսօր ԱԺ-ում մեծամասնությունն ամեն գնով ամեն ինչի հետ համակերպվել է պարտադրում: Մի՞թե որևէ խնդիր չկա:

– Քաղաքական անկարողության իրավիճակո՞ւմ ենք հայտնվել:

– Ըստ էության՝ այո: Իշխանության նպատակն ընդդիմությանը կոտրելն էր և արդեն, կարծես, արդյունքի հասել են: Հաջորդ քայլն այն է, ինչ սովորաբար լինում է, արդեն նշմարվում է՝ երիտասարդական շարժումները՝ էկոլոգիական, տրանսպորտի, անարդարությունների և այլն: Կրիտիկական զանգված պետք է ձևավորվի, որ նոր որակ ստանա դա:

Մինչ այս հրապարակում հանդես եկողները խուսափում էին քաղաքական պահանջներից, բայց, կներեք, առանց դրա ոչ մի բան չի լինի: Կարծում եմ՝ երիտասարդական այս շարժումը կհասունանա, կձևավորվի և ինքնուրույն պահանջներով հանդես կգա, այդ թվում` քաղաքական ազատությունների, ներքաղաքական հարաբերությունների մասով:

– Ժողովուրդը հիասթափված է բոլոր քաղաքական ուժերից: Ձեր կարծիքով` ներկայիս իրավիճակը, այդ խմորումները դեռ ինչքա՞ն կշարունակվեն:

– Այս բացասական իրավիճակը կարճ չի տևի: Հիասթափությունն էլ իրականություն է, բայց, կարծում եմ, այսօր ձևավորվում է մի հատված, որոնք բանիմաց են, նորմալ կրթություն են ստացել, որոնք տարբերում են զարգացումը հետամնացությունից, գիտելիքը՝ տգիտությունից, իրականը՝ ձևականից, գիտեն՝ ինչ է ազատությունն ու անկախությունը, հայրենիքը, և հայրենասեր են, որոնք ակամայից, ուղղակի ու անուղղակի ապրում են մեր երկրի հոգսերով, և այդ սերունդը գալու է, դնելու է իր պահանջները:

– Այսինքն` հայկական մայդանն այնուամենայնիվ կկայանա՞:

– Հայկական մայդան մեզանում լինում է պարբերաբար, վերջին անգամ կայացել է 2008-ին՝ իր ծավալներով ու որակով: Ցավոք, միջազգային հանրությունը, Եվրոպան չցանկացավ կամ չկարողացավ նկատել այն: Մենք այդ ժամանակ էլ մի գործոն չէինք, հիմա էլ շատ ավելի փոքր ենք, և այսօր շատ ավելին պետք է անենք, որ մեզ տեսնեն և այս կամ այն ձգտումը գնահատեն: 2008-ին վատ բան կատարվեց, ու եվրոպացիներն իշխանության լեգիտիմության վրա աչք փակեցին, այլ դիրք բռնեցին: Օրինակ, հայ-թուրքական սահմանի բանալին եվրոպացիների ձեռքին չէ, բայց եթե ցանկանային, կարող էին արդյունքի հասնել, առնվազն դրական լիցք հաղորդել այդ գործնթացներին, բայց ֆուտբոլային դիվանագիտությամբ բավարարվեցին:

Նույնը` ԼՂՀ կարգավորումների հարցում կամ համատարած կոռուպցիայի վերաբերյալ նույնիսկ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ոչ մի առարկայական խնդիր չդնելը:

Ամեն դեպքում եվրոպաներին խելք սովորեցնողը չպետք է լինենք, պետք է հստակ գիտակցենք, որ սրանք մեր խնդիրներն են, մենք պետք է հասկանանք՝ որն է մեր ուղին: Արդյո՞ք մենք պետք է գնանք տարածաշրջանային համագործակցության, խնդիրների իրական կարգավորման, թե՞ ժամանակ ձգենք, արդյո՞ք մենք այսպիսի ԱԺ պետք է ունենանք, թե՞ պետք է ձգտենք, որ ԱԺ-ն գոնե մեր Սահմանադրությանը համապատասխանի: Արդյո՞ք ընդունելի է, որ իշխանությունը ձևավորում է թաղի խուժանը:

– 2014-ից ի՞նչ սպասելիքներ ունենք, հատկապես հաշվի առնելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ ծավալվող պայքարը:

– Կառուցվածքային բարեփոխումների առումով սա հրապարակ հանված ամենալուրջ խնդիրն է, սակայն իշխանությունը` փոխանակ բաց քննարկում անցկացնի, ներկայացնի փաստարկները, մասնակից դարձնի ամբողջ հասարակությանը, հարցը տարավ ավանդական, իրեն հատուկ ճանապարհով: Մինչդեռ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանն այսօր էլ չկա: Իմ խորին համոզմամբ՝ դա իսկապես անհրաժեշտ, բայց և` ստեղծված իրավիճակում պարտադրված քայլ է: Մեր երկիրը չի կարող նախկին սկզբունքով առաջ գնալ, դա հայտնի է: Մենք պարտադրված ենք գնալ այդ քայլին՝ ժողովրդագրական առկա զարգացումների առումով փակուղու առաջ ենք կանգնած:

Առաջիկա 10 տարիների ընթացքում կենսաթոշակային տարիք անցնողների թիվն աճելու է 3 անգամ, աշխատանքային տարիք մուտք գործողների թիվը նվազելու է մոտ 1.5 անգամ, այսինքն` աշխատող/թոշակառու հարաբերակցությունը գնալով ավելի է ծանրանալու: Հին մոտեցումներն արդեն չեն աշխատելու, և պետք է նման վճիռներ կայացվեն: Բայց այս վճիռներն արդյունավետ են միայն այն պարագայում, երբ հասարակությունն ընդունում ու ընկալում է: Եվ եթե առողջ ընկալում լիներ, մեր տնտեսությունը շատ կշահեր. օրինակ, դա ստվերի դեմ պայքարի շատ լավ միջոց է: Օրինակ, ամենահայտնի գործարարները՝ «պատգամավորները», ինչքա՞ն եկամտահահարկ են վճարում: Խղճուկ թվեր են, միայն իրենց պատգամավորական աշխատավարձին համապատասխան:

Իսկ նրանք գործատուներ են, նրանք մարդկանց են աշխատացնում: ԱԺ-ում քանի՞սը թիկնապահ ունեն, մեկի հետ աշխատանքային պայմանագիր կա՞, քանի՞սն են եկամտահարկ վճարում: Պարզ է, որ՝ ոչ մեկը: Այսինքն՝ այս կենսաթոշակային բարեփոխումների դրական կողմերը բազմաթիվ են, բայց նաև կան ռիսկեր, որոնց պատասխանը պետք է տրվեր, որի համար պետք է իշխանություն-հասարակություն կապ լիներ, իսկ վստահության մասին չեմ էլ խոսում:
2014թ. խնդիրներից մեկը տնտեսական աճի տեմպերի հնարավոր նվազումն է: Այս բացասական միտումը հայկական երևույթ չի, զարգացող երկրներին բնորոշ է, և առաջինը դրսևորվեց ՌԴ-ում, ուր 2013թ. արդյունքներով 1.5 %-ից ցածր աճ է լինելու, որի պատճառներից մեկը սպառման ծավալների անկումն է:

Գաղտնիք չէ, որ ռուսական տնտեսության վիճակն ուղղակի ազդում է մեր տնտեսության վրա` ներդրումների, տրանսֆերտների և այլ փոխանցման մեխանիզմների միջոցով: Եվ այս պարագայում գալիք տարում մեր երկրում պահանջարկի նվազման ռիսկ կա: Արտաքին բացասական ազդակների առկայության ներքո պարտադիր կուտակային համակարգի ներդրումը կհանգեցնի նրան, որ մոտ 200 մլն դոլարի համարժեք միջոց շրջանառությունից դուրս է գալու, այսինքն՝ պահանջարկն այդ չափով չի աճելու, ինչը տնտեսական աճի հնարավորությունների զսպում է առաջ բերելու: ԱԺ-ն, փոխարենն այս խնդիրները քննարկի, գիտեք՝ ինչ է անում:

– Չնայած հասարակության ջանքերին, ըստ ամենայնի, կենսաթոշակային համակարգը կսկսի գործել հունվարի 1-ից, ի՞նչ է լինելու մեր փողի հետ:

– Հարցերն իսկապես բազմաթիվ են, սակայն դրանցից շատերն ունեն պատասխան: Ակնհայտ է, օրինակ, որ այդ միջոցների կառավարման համար առաջնային խնդիրը հուսալիությունը պետք է լինի: Հիմա տեսնենք` ո՞վ պետք է կառավարի այդ միջոցները՝ պետությո՞ւնը, թե՞ մասնավորը, կամ տեղական ընկերություննե՞րը, թե՞ արտասահմանյանները:

Ըստ իս` պատասխանները միանշանակ են. հայտնի է մինչ վերջերս գործող պետական կենսաթոշակային հիմնադրամի ճակատագիրը, որը բացարձակ գողության տեղ էր դարձել, բացահայտում՝ բացահայտման հետևից էր լինում: Այսինքն՝ պետություն-մասնավոր ընտրության միջև նախընտրելին մասնավորն է, որը և վճռված է: Կամ՝ տեղակա՞ն, թե՞ օտարերկրյա ընկերությանն այս միջոցները վստահելը` ակնհայտ է, որ հուսալիության տեսանկյունից նախընտրելին փորձառություն ունեցողն է: Խնդիրները բազմաթիվ են և ծավալուն, բազմակողմանի քննարկման և հասարակությանը լիարժեք ներկայացնելու կարիք ունեին, ինչն իշխանությունը չի արել և դրանով իսկ վտանգել է կարևոր նախաձեռնության արդյունավետությունը:

– Չե՞ք կարծում, որ արտագաղթելու վերաբերյալ սպառնալիքներն իրականություն կդառնան:

– Այնպես չէ, որ կենսաթոշակային համակարգը կնպաստի արտագաղթին, հակառակը, սա մարդուն տեղում ամրացնելու միջոց է: Սա ամենաերկարատև ֆինանսական գործիքն է` ապագայի տեսանկյունից: Այլ բան է, որ միավոր աշխատուժի գինն է բարձրանալու, արտադրանքի կամ ծառայության ինքնարժեքի աճ է տեղի ունենալու, և իշխանությունը պետք է մտածեր դրա մասին: Առիթ ունեցել եմ բարձրաձայնել դրա մասին, բայց արձագանք չեղավ: Պետք է այդ բեռը թուլացնել՝ եկամտահարկի տոկոսադրույքը վերանայել, ինչը պահանջարկի ծավալների ավելացմանը կնպաստեր: Բայց մեր ողբերգությունների զգալի մասը գալիս է նրանից, որ մեր վճիռների մեծ մասն անհայտ անձինք մութ սենյակում են կայացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս