
Կինը մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Հ. Խաչատրյանն առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նպաստել է Ք. Ս.-ի՝ պոռնկությամբ զբաղվելուն, իր բնակարանը պարբերաբար տրամադրել է վերջինիս` վարձատրության դիմաց տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց ընտրված է եղել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված վճռի՝ մինչև քրեական գործի դատաքննությունը սկսելը Հ. Խաչատրյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հ. Խաչատրյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման: Դատարանն իր վճռում նշել է. «Հ. Խաչատրյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխել` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը խափանման միջոց կիրառել կալանավորումը և նրան կալանքի վերցնել դատական նիստի դահլիճում»:
Նշենք, որ դատարանի այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց: Այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարանում: