Բաժիններ՝

Հայ ծրագրավորողներն առաջարկում են կիրառել ինտերակտիվ էքսկուրսավարի ծածկույթ` Open Bluetooth

Երբ գնում եք թանգարան, ակնկալում եք ստանալ լիարժեք ինֆորմացիա, որի համար շատ հաճախ անհրաժեշտ է լինում դիմել, օրինակ, էքսկուրսավարի, օգնությանը: Սակայն շատ դեպքերում առաջանում է լեզվի խնդիր, կամ՝ էքսկուրսավարը մարդաշատության պատճառով հասանելի չի լինում կամ ընդհանրապես չի լինում: Բացի այդ՝ էքսկուրսավարը սովորաբար հնարավորություն չի ունենում ցուցադրել ձեզ, օրինակ, թանգարանում ցուցադրված նմուշների հետ կապված հավելյալ մեդիա նյութեր:

Հենց նմանատիպ խնդիրների լուծման համար 3 ծրագրավորողներից կազմված թիմը`Շուշանիկ Թովմասյանը, Աննա Լալազարյանն ու Համլետ Գրիգորյանն առաջարկում են openBluetooth-ը կիրառել. սա հնարավորություն է տալիս ցանկացած տարածքում բլութութների միջոցով կազմակերպել ինտերակտիվ գիդ ծածկույթ:

168.am-ի հետ զրույցում նախագծի հեղինակներից, ծրագրավորող Շուշանիկ Թովմասյանն ասաց, որopenBluetooth համակարգի մոբայլ հավելվածն ունենալով՝ այցելուն կարող է անցնել նմուշների կողքով` ստանալով տվյալ նմուշին համապատասխան ինֆորմացիա` վիդեոների, ֆոտոների կամ աուդիոների տեսքով:

«Այս ամենն իրականացնելու համար, թանգարանի աշխատակիցը պետք է ինտեգրի openBluetooth համակարգը, գրանցի բլութութներ` դրանց կապելով համապատասխան մեդիա նյութեր (վիդեոներ, ֆոտոներ, աուդիոներ): Այնուհետև բլութութները տեղադրի նմուշների մոտ: Իսկ թանգարանի այցելուից պահանջվում է թանգարան մտնելիս միայն  ներբեռնել մոբայլ հավելվածը»,- ասաց Շ. Թովմասյանը:

Կարդացեք նաև

openBluetooth

Նրա փոխանցմամբ՝ նմանատիպ լուծումներ տրված են QR կոդերի, GPS-ի, Wifi-ի միջոցով: Բայց QR կոդերի դեպքում նախ հարմար չէ ամեն անգամ նկարել QR կոդերը, հետո էլ մարդաշատության պատճառով հնարավոր է չկարողանաս «տեսնել» կոդը: GPS-ը հնարավոր է փակ տարածքներում չաշխատի, իսկ Wifi-ը ավելի լայն տարածք է ծածկում, չմասնավորեցնելով տարածքը: Այս պարագայում` ըստ ծրագրավորողի լավագույն տարբերակը հենց բլութութների միջոցով ինֆորմացիայի փոխանցումն է:

«openBluetooth-ն ունի ավելի լայն շուկա, քանի որ այն կարելի է կիրառել ոչ միայն թանգարաններում, այլև բոլոր այն վայրերում որտեղ ինֆորմացիա տրամադրելու խնդիր կա, օրինակ, տարբեր միջոցառումների և մրցույթների ժամանակ, նույնիսկ գազանանոցներում»,- ասաց Շ. Թովմասյանը:

Մեր զրուցակիցը նշում է, որ ծրագրի հիմնական մասն արդեն արված է, սակայն դեռևս որոշ աշխատանքներ կան, և, եթե համակարգը ավելի չընդլայնեն, ապա առաջիկա 2 ամսվա ընթացքում հնարավոր կլինի օգտագործել այս հնարավորությունը և նոր տարվա առաջիկա ամիսներին կկարողանան նման ծառայություն առաջարկել:

Նշենք, որ այս նախագիծը ծրագրավորողների թիմը ներկայացրել էր «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնի ժամանակ, որտեղ նախագծին տրվեց խրախուսական մրցանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս