Բաժիններ՝

Հայ ֆիզիկոսների ստեղծած սարքով կարելի է շուրջօրյա վերահսկել մարդու սրտի աշխատանքը (տեսանյութ)

Երբ մոտ մեկ տարի առաջ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի շրջանակներում ներկայացվեց նաև առողջապահության ոլորտում տեխնոլոգիաների կիրառումը, որտեղ մասնավորապես ճապոնացի մասնագետները ներկայացնում էին ոլորտում վերջին նորարարությունները, հատկապես բջջային հեռախոսակապի հիման վրա աշխատող համակարգը, որը թույլ է տալիս օնլայն ռեժիմով տեղեկանալ հիվանդի մի քանի ցուցանիշների, ինչպիսիք են` սրտի աշխատանքը, արյան ճնշումը և այլն, այդ ժամանակ, կարծես, այդ ամենի կիրառումը Հայաստանում գրեթե անիրական թվացող հնարավորություն էր: Սակայն կարճ ժամանակ անց արդեն երևանյան կլինիկաներից մեկում ներդրվեց այս հնարավորությունը:

Այսուհետ, սակայն, Հայաստանում ոչ միայն հնարավոր կլինի կիրառել դրսից ներկրած սարքերը, այլև սրտի աշխատանքը վերլուծող տեղական մշակման սարքեր օգտագործել: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Ինտեգրատիվ կենսաբանության լաբորատորիայի մի խումբ գիտնականներ նախաձեռնել են նման սարքի ստեղծման աշխատանքները: Նրանք ստեղծել են արդեն նմանատիպ սարքի լաբորատոր նմուշը:

Gitnakanner5Ինտեգրատիվ կենսաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ստեղծած փոքր չափերով սարքը կրելով գրպանում կամ ամրացնելով գոտու վրա՝ էլեկտրոդները կպցնելով սրտի տիրույթում, կարելի է շուրջօրյա վերահսկել մարդու սրտի աշխատանքը: «Նման սարքի շնորհիվ մի կողմից` հիվանդն այլևս ազատվում է բժշկին այցելելու ամենօրյա անհարմարությունից, մյուս կողմից, սակայն, նա միևնույն ժամանակ նաև բժշկի հսկողության տակ է գտնվում, քանի որ այդ տվյալներն ինտերնետի միջոցով կարող են ուղարկել բժշկին»,- ասաց նա` նշելով, որ այս կերպ բժիշկը կարող է հեռակա ձևով հետևել մարդու սրտի աշխատանքին:

Մինչ այս սարքի մշակումը, դեռևս 1995 թվականից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Ինտեգրատիվ կենսաբանության լաբորատորիայի գիտնականները նախաձեռնել են ևս մի շարք այլ տարբեր սարքերի ստեղծումը, օրինակ` «Բիոսկոպը», որի յուրահատկությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս գնահատել մարդու կամ տարբեր կենդանի համակարգերի ընդհանուր վիճակը և բիոդաշտը (աուրան), ինչպես նաև կանխատեսել տվյալ օրգանիզմի կենսական վիճակը, սպասվող և առկա հիվանդությունները, և այլն:

Կարդացեք նաև

Gitnakanner, sarq (1)

Բացի սրանից, գիտնականների այս խումբը ստեղծել է նաև մի շարք այլ սարքեր` ռետինոգրաֆ (նախատեսված է օգտագործել դեպի կենտրոնական նյարդային համակարգ ուղղված տեսողական ինֆորմացիան` վիճակի գնահատման համար), էնցեֆալոգրաֆ (ուղեղի ֆունկցիոնալ վիճակի գնահատման համար, և այլն:
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Գագիկ Քարամյանի խոսքով`արտասահմանում, բացի «Բիոսկոպից», մնացած սարքերի տեսակներից կան, սակայն իրենք փորձում են դրանք արտադրել և վաճառել Հայաստանում, որովհետև մեր երկրում այդ սարքերի պահանջարկն, ըստ նրա՝ մեծ է: Իսկ արտասահմանյան անալոգ գործիքները բավական թանկ արժեն, դրանք Հայաստանում կամ շատ քիչ են, կամ գրեթե չկան:

Gitnakanner6«Օրինակ` սրտի աշխատանքի չափման նմանատիպ սարքի արժեքը 4000-6000 դոլար է, իսկ եթե մենք այն արտադրենք Հայաստանում, ապա նշյալ սարքն առնվազն երկու անգամ քիչ կարժենա: Իհարկե, եթե ավելի շատ քանակով սկսենք արտադրել դրանք, ապա, բնականաբար, այդ սարքերի գինը գուցե 3 անգամ էժան կլինի նմանատիպ արտասահմանյան սարքերից»,- ասաց Գ. Քարամյանը` նշելով, որ այժմ, օրինակ` սրտաբանության ինստիտուտները հիվանդներին օրավարձով են տալիս նմանատիպ սարքերը:

Իսկ էժան լինելու դեպքում, ըստ նրա՝ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդները կկարողանան այն ձեռք բերել և իրենց տներում ունենալ ջերմաչափերի կամ ճնշումը չափող սարքերի նման: «Մենք ուզում ենք հասնել նրան, որ սա դառնա մասսայական արտադրության սարք և ընտանեկան, տնային գործիք, որը հասանելի կլինի բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասաց Ռաֆիկ Սարգսյանը:

Մեր զրուցակիցները նշում են, որ օրերս իրենք ՀՀ գիտության պետական կոմիտեից դրամաշնորհ են ստացել՝ կիրառական աշխատանք կատարելու համար, և առաջիկա մեկ տարում արդեն պատրաստվում են ստեղծել նշյալ սարքի լաբորատոր տարբերակի արտադրական նախատիպը:

«Բնականաբար, սարքի այդ տարբերակն արտաքին տեսքով շատ ավելի գեղեցիկ կլինի, այն ավելի փոքր կլինի, ավելի կատարելագործված և ավելի հարմար օգտագործման համար, ինչը հնարավորություն կտա մի կողմից՝ որպեսզի հիվանդն ավելի երկար այն կրի` առանց անհարմարություններ զգալու, իսկ բժիշկը կկարողանա ավելի երկար և խորքային ուսումնասիրություն կատարել և հստակ ախտորոշում ունենալ»,- ասաց Գ. Քարամյանը` նշելով, որ իրենք հետագայում ցանկանում են այս սարքը միացնել նաև սմարթֆոնին, որպեսզի արդեն հեռախոսով մարդիկ կարողանան բժշկին ուղարկել իրենց սրտի աշխատանքի տվյալները:

Նա նշեց նաև, որ այդ սարքն իր ցուցանիշներով չի զիջում ճապոնական, չինական, եվրոպական արտադրության նմանատիպ սարքերին և շատ ճշգրիտ է:
Ըստ մեր զրուցակից ծրագրավորող Արմեն Մանուկյանի` ծրագրային տեսանկյունից դեռևս բավականին գործ կա կատարելու, իսկ մինչ այդ իրենք կսկսեն այս համակարգը հասանելի դարձնել Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, քանի որ այն այժմ ամենաշատ տարածում ունեցող բջջային օպերացիոն համակարգն է:

«Բացի այս՝ եթե հիվանդի մոտ գրանցված ցուցանիշները շատ են տարբերվում, ապա այդ դեպքում սարքը հատուկ ազդանշան է արձակում, ինչը նշանակում է, որ հիվանդին անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել և դիմել բժշկին»,- ասաց Ա. Մանուկյանը` նշելով, որ նման տեխնոլոգիաների կիրառությունն առողջապահության ոլորտում միտված է նվազեցնելու հիվանդի մոտ առկա ռիսկերը և հնարավորինս արագ կանխարգելելու հնարավոր վտանգները, քանի որ սրտի աշխատանքի ցանկացած փոփոխություն միանգամից հայտնի է դառնում բժշկին:

Այս լաբորատորիայի գիտնականները, ուսումնասիրություններ կատարելուց բացի, ստեղծել են նաև իրենց նորաստեղծ ընկերությունը` «Բիոարտը», և համագործակցում են ինչպես` Հայաստանի, այնպես էլ` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների տարբեր բժշկական, կենսաբանական և կրթական կենտրոնների հետ:

Նման սարքերի և ընդհանրապես մոբայլ առողջապահության լուծումների կիրառման աճի տեմպերը նկատելի են հատկապես զարգացած երկրներում` Ճապոնիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում: Ի դեպ, Մեծ Բրիտանիայում այս կերպ հնարավոր է դարձել մինչև 40% կանխարգելել և նվազեցնել ռիսկերն ու մահացության ցուցանիշը մի շարք քրոնիկ հիվանդությունների, այդ թվում` սրտային հիվանդությունների դեպքում, որոնք կարիք ունեն անընդհատ բժշկական հսկողության:

Տեղեկացնենք, որ ամեն տարի սրտային հիվանդություններից ամբողջ աշխարհում մահանում է 17.3 միլիոն մարդ: Այս թիվը տարեցտարի ավելի է աճում, և կանխատեսվում է, որ 2030 թվականին այս ցուցանիշը կհասնի 23 միլիոնի:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` սրտանոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են: Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում մահացության պատճառներից առաջին տեղում սրտային հիվանդություններն են, մինչդեռ, ըստ մասնագետների, մասնավորապես` Սրտի համաշխարհային ֆեդերացիայի, սրտային հիվանդություններից վաղաժամ մահերի առնվազն 80%-ից հնարավոր է խուսափել, եթե հսկվեն հիմնական ռիսկային գործոնները և կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն:

Այժմյան հայաստանյան կլինիկաներում հիմնականում իրականացնում են ավանդական ՍԷԳ (էլեկտրասրտագրություն), որի տևողությունը շատ կարճ է: Մինչդեռ հաճախ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ անընդհատ հսկողության տակ գտնվելու անհրաժեշտություն ունեն, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այդ ամենն արդեն կարող է իրողություն դառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս