Դերենիկ Դումանյան. Մեր աշխատանքից ոչ միայն ազգաբնակչությունն է դժգոհ, այլև ես
Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ
– Պարոն Դումանյան, անցած տարի պաշտոնը ստանձնելուց հետո ասացիք, որ ուսումնասիրություն եք իրականացնում ոլորտում ստվերի մակարդակը գնահատելու համար: Ի՞նչ արդյունքներ ունեք:
– Եթե որևէ մեկն ունի այնպիսի բանաձև, որ դնենք բազմապատկենք, հասկանանք, թե ստվերը որքան է, ուրախ կլինեմ, որ տրամադրեն: Ամեն դեպքում, մենք աշխատում ենք գնահատել: Իմ հանձնարարականով Առողջապահության ազգային ինստիտուտը տպագրել է Առողջապահության ազգային հաշիվները, որտեղ նաև ուղիղ գրպանից վճարումների հարցումների արդյունքներ են հրապարակված: Բայց կուզենայի Ձեր ուշադրությունը մի հարցի վրա սևեռել` եթե 2010-ին վճարովի և համավճարի ծառայություններից համակարգ մուտք է եղել 10 մլրդ դրամ, ապա այս տարի դրա թիվը հասնում է 31 մլրդ-ի: Այսինքն, վստահորեն կարող ենք ասել, որ 3 տարիների ընթացքում շուրջ 3 անգամ ստվերը նվազել է: Ես համարում եմ, որ դա ստվերի գումարներն են եկել:
– Իսկ ծառայությունների թանկացման խնդիր չկա՞:
– Ոչ, ծառայությունների թանկացում հիմնականում չունենք, հակառակը` անցած տարվա իմ հրամանով որոշակի սահմանափակում դրեցինք, որ ծառայություններն անհիմն չթանկանան: Եվ 31 մլրդ-ը լուրջ գումար է: Հիվանդանոցային ծառայության հոդվածով պետությունը պետպատվերով 27 մլրդ է տրամադրում, և առաջին անգամ վճարովի ծառությունների պաշտոնական մուծումներն ավելին եղան, քան այս տարի` պետպատվերինը: Բայց ես հեռու եմ այն մտքից, որ ստվերը վերացրել ենք ու այս ուղղությամբ աշխատանք չունենք անելու:
Այս ուղղությամբ աշխատանք ունենք անելու, և դրանցից մեկն էլ այն է, որ այդքան աղմուկ բարձրացավ, որ բանկային համակարգով չենք կարող աշխատել, որովհետև դեմ կլինեն: Բայց դա ձևերից մեկն է այնպես անելու, որ այն հիվանդը, որ պետք է վճարի` այդ գումարը նստի հաշվեհամարին ու թափանցիկ երևա, իսկ այն հիվանդը, որ չպետք է վճարի` պետք է չվճարի` անկախ նրանից, թե որքան գումար է պետությունը նախատեսել բուժման համար: Չնայած մենք ինքներս գիտենք, որ այն գումարները, որ պետպատվերով են նախատեսված, դա չի փակում այդ ծառայության դիմաց ամբողջ ծախսը, և 2014 թ. ընթացքում մենք դրա վրա ենք աշխատելու, որ գները բարձրացնենք ու մոտեցնենք իրական գներին, որպեսզի պետպատվեր ստացողները սոցիալական փաթեթը չգերադասեն պետպատվերին:
– Այնուամենայնիվ առողջապահության ոլորտում կոռուպցիայի ընկալման համաթիվը չի փոխվել: Եթե ստվերը կրճատվել է, ապա սա ինչո՞վ եք բացատրում:
– Շատ ցավալի հարց է, ես էլ շատ ցավում եմ, որ մեր համակարգում դեռևս որևէ բան չի նկատվում այս ուղղությամբ: Նախ` եկեք աշխատենք հասկանալ, թե ինչու են հենց առողջապահությունից ամենաշատը բողոքում մեր քաղաքացիները:
– Առողջապահության հետ ամենաշատն են առնչվում:
– Երևի: Ես համաձայն եմ` մեր քաղաքացիներն ամենաշատն առնչվում են առողջապահության հետ, հետո` կրթության, հետո` մնացած բնագավառների, օրինակ` դատական համակարգի հետ մարդը կարող է կյանքում 1 անգամ շփվել, կամ չշփվել, բայց առողջապահությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ես հասկանում եմ, որ երբ շտապօգնության մեքենան իրեն հատկացված 10 րոպեների ընթացքում է հասնում հիվանդին, բայց այդ մարդու համար այդ 10 րոպեն թվում է, թե 10 ժամ տևեց:
Եթե բժիշկը գալիս է շատ հոգնած ու գլուխը դեռ չբարձրացրած է հարցնում, թե ինչից է գանգատվում, հիվանդն ասում է` ինձ արհամարհեց, վրաս չնայեց: Այսինքն` կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներից կարող եմ նշել այն, որ իսկապես մեր բուժաշխատողների համարժեք վարձատրության մեխանիզմները մենք դեռ չենք գտել, որպեսզի նույն առաջին օղակի բժիշկը համարժեք վճարվի, որ գնա տնային այց կատարելու` չնեղվի, որ կոշիկը մաշված է, կամ տրանսպորտի 100 դրամը չունի, որ երթուղայինով գնա, կամ իր մեքենան չունի, նաև երեխա պահելու խնդիր ունի, ինստիտուտում վճարման խնդիր ունի: Այսինքն` մենք պետք է ընդհանուր կոնտեքստում նայենք:
Մենք 2014 թ. ապրիլի 1-ից բժիշկների աշխատավարձը մոտ 70% բարձրացնում ենք, հատկապես առաջին օղակում, և հաշվարկային աշխատավարձը կլինի 180 հազար դրամ, որը լուրջ գումար է: Այդ գումարով, ես վստահ եմ, որ այդ օղակում բուժօգնության որակը լրիվ կտարբերվի, հատկապես որ լրացուցիչ որակական ցուցանիշներ ենք սահմանելու: Ստացիոնարներում նույնպես անհամաչափություններ ունենք. եթե 1-2 բժիշկ կամ բաժնի վարիչ ստանում են 1-1.5 մլն դրամ աշխատավարձ, կողքի բժիշկը կարող է ստանալ 60-120 հազար դրամ: Մենք հիմա մշակում ենք նաև բանաձև, թե ոնց պետք է այդ աշխատողներին աշխատեցնեն և վճարեն: Սա բավականին կկոմպենսացնի:
Մենք այսօր պետք է հասկանանք, որ առողջապահական համակարգի, մեր աշխատանքից ոչ միայն մեր ազգաբնակչությունն է դժգոհ, այլ ես էլ եմ դժգոհ, անկեղծ եմ ասում, ու վստահ եմ, որ մեր բուժաշխատողներն էլ են դժգոհ: Ընդամենը` 2-3 տասնյակ գլխավոր բժիշկներ, հատուկ մասնագետներ են գոհ, բայց ինձ ավելի լավ է, որ մեր բնակչությունը գոհ լինի, մեր բժիշկները գոհ լինեն, ես գոհ լինեմ, ու, որ այդ 20-30 բժիշկները դժգոհ լինեն: Ես դա ավելի ընդունելի եմ համարում, ու դրա համար մեր բոլոր աշխատանքների մեջ պետք է այնպես լինի, որ ամբողջ ուղղվածությունը լինի դեպի բնակչությունն ու բժիշկները, որ նրանք բավարարված լինեն ու նախկինի պես իրարից գոհ լինեն: Մենք պետք է մեր բժիշկների նկատմամբ նախկին վստահությունը վերականգնենք, որն այս ֆինանսական ոչ հավասարակշռության պատճառով խաթարվել է:
– Պարոն Դումանյան, եթե 70% է ավելացում լինելու, ինչպե՞ս կարող է պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձը 180 հազար դառնալ, երբ այսօր նրանք ստանում են 70-80 հազար, իսկ մանկաբույժները՝ 30-40 հազար դրամ:
– Չէ, նման բան չկա, եթե նրանք 1 ամբողջ դրույք աշխատում են, սպասարկում են 1000 մանուկ, դա 1 ամբողջ դրույք է համարվում:
– Մանուկների թիվն էլ է նվազում: Որքանո՞վ է ճիշտ` ըստ գլխաքանակի վճարել, հաշվարկային աշխատավարձն, ամեն դեպքում, քիչ է ստացվում:
– Նորմատիվների հետ կապված` կրթությունն էլ խնդիր ունի, ասում են` դասարանում ավելի քիչ աշակերտ պահենք, որ որակը լավ լինի: Ես ասում եմ` ավելի քիչ մանուկ սպասարկի, նույն գումարը տամ, որ որակը լավ լինի: Բայց նորմատիվ փոխելն էլ ընդհանուր հնարավորությունից է գալիս: Մեծահասակ 2000 բնակչության դեպքում է համարվում տեղամաս:
Գյուղական համայնքներում այս հարցը շատ լավ լուծված է, այնտեղ ընտանեկան բժշկություն է, երբ բժիշկը մինչև 350-400 հազար ստանում է: Եթե ամեն մի բժիշկ այդքան աշխատավարձ ստանա, ես այնքան շնորհակալ կլինեմ, ու մեր բժիշկներն ու հիվանդներն էլ իրար շատ կսիրեն: Բայց քանի որ Երևանում ու մյուս խոշոր քաղաքներում այդ խնդիրը կա` անդամագրելու, հավաքագրելու, որովհետև հիվանդը չկա, երեխան չկա, մեկն անդամագրվել է, մեկը` ոչ, մենք պետք է դրա մասին մտածենք, բայց ես այդ նորմատիվը փոխելու հնարավորություն չունեմ:
– Սոցիալական փաթեթների հետ կապված դժգոհություն կա, ինչո՞ւ է փոխվում:
– Սոցփաթեթի առողջապահական հատվածն ապահովագրական ընկերություններից անցնում է նախարարության իրավասության տակ: Այսինքն` պետությունն իր գործառույթն ինքն է իրականացնելու, այլևս մասնավորին չի տալու, որ գերշահույթներ չստանա:
– Փաստորեն, մինչ այժմ ապահովագրական ընկերությունները գերշահույթնե՞ր են ստացել:
– Միգուցե ստացել են, ես չգիտեմ, բայց առողջապահության մասը տեղափոխում է մեզ մոտ, որ մենք իրականացնենք, և հենց այդ միջոցներով էլ, կարծում եմ, մենք հնարավորություն կունենանք, որ պետպատվերի գները հասցնենք իրականին, որպեսզի 2015-ից անցնենք ապահովագրական համակարգին: