Բաժիններ՝

Եվրապարտատոմսերի գնորդներին 300 մլն դոլարով խաբել ենք. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Շուրջ 2 շաբաթ է՝ դրսում եմ։ Սկզբից՝ Կիև (դասախոսությունների), իսկ հետո՝ Եվրոպա։ Կիևում ականատեսը եղա Մայդանում ծավալված հսկայական շարժմանը՝ ինչպես 2008-ին՝ Հայաստանում։ Եվրոպայում խոսակցություններն այդ մասին շարունակվեցին։ Կուզենայի կիսել տպավորություններս։ Ուկրաինական իշխանությունների գործելաոճն ինչ-որ տեղ նման է հայկական իշխանություններին։ Ճիշտ է, այս երկիրը ՄՄ մտնելու մասին ակնհայտ որոշում չի կայացրել, այնուամենայնիվ, ինչպես և Հայաստանը, կանգնած է Եվրոպա-Մաքսային միություն երկընտրանքի առջև։ Ե՛վ Ուկրաինայի, և՛ Հայաստանի համար քաղաքական այս բանավեճը երկու իրար բացարձակապես նման խնդիրների արդյունք է։

Առաջին, անվտանգություն։ Հայաստանի համար դա, համենայն դեպս, կարճաժամկետ շրջանի համար, արտաքին վտանգների խնդիր է։ Առնվազն Ղարաբաղի համար։ Ղարաբաղի խնդիրը, ինչն, անշուշտ, մեզ համար ազգային-ազատագրական գաղափարական բովանդակություն ունի, միևնույն ժամանակ, կարծում եմ, պատմական այս շրջանի համար պահանջում է պահպանողական վերաբերմունք։ Ուկրաինայում անվտանգության խնդիրը երկրի միասնականության հարցն է։ Ռազումովսկու կենտրոնի վերջերս արած հարցման արդյունքներով (ի տարբերություն հայկական սոցիոլոգիական «կենտրոնների»՝ Ուկրաինայում այս կենտրոնը վստահելի է համարվում)՝ ուկրաինացիների 48%-ը կողմ է եվրոպական ինտեգրմանը, 40%-ը ձգտում է ինտեգրվել ռուսական քաղաքատնտեսական տարածքում։ Եվ սա բնական է։ Ուկրաինայի հարավն ու արևելքը ռուսալեզու են, և մարդիկ այստեղ իրենց պատկերացնում են՝ իբրև ռուսական աշխարհի կրողներ։ Այսպիսով, և՛ Ուկրաինայի, և՛ Հայաստանի համար անվտանգության խնդիրն օբյեկտիվորեն գոյություն ունեցող, անվիճելի խնդիր է։ Սա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը 4 տարի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելուց առաջ պետք է մտածեր հետևանքների մասին։ Ինչևէ, Հայաստանի ղեկավարի մեղքն աներկբա է։
Այստեղ լուրջ ասելիք պետք է ունենային նաև եվրոպացիները. ինչպե՞ս էին ապահովելու այս 2 երկրների շարունակական անվտանգությունը, միասնականությունը։ Այս պահի դրությամբ դրա պատասխանը չի եղել։ Ամենայն հավանականությամբ, չի էլ լինի։ Եվրոպան պատրաստ չէր իր իսկ կողմից նախաձեռնած պայմանագրերի հետևանքների համար պայքարին։ Մասնավորապես, Ուկրաինայի դեպքում հայտարարվեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման հաշվին չի լինելու պայքար հանուն եվրոպականացված Ուկրաինայի (տես Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հայտարարությունը)։ Հայաստանի դեպքում այն տպավորությունն եմ ստացել, որ Եվրոպան նույնիսկ թեթևացած շունչ քաշեց։ Կարող էր, չէ՞, Եվրոպան գոնե մի երկու թթու խոսք ասել Հայաստանի ղեկավարության պատեհապաշտ որոշումների մասով։ Բա 4 տարի երկրի հետ աշխատել էիք։ Հանուն ինչի՞։ Սեպտեմբերի 3-ի Հայաստանի ղեկավարի «անսպասելի» հայտարարությունից հետո բարձրաստիճան եվրոպացի չինովնիկները ջանքեր չեն խնայում մեզ ներշնչելու, որ, ահա, վերջապես նոր էջ է բացվում։ Հլա մի տեսեք, թե ի՞նչ նոր փուլ ենք սկսում ձեր հետ։ Փաստորեն հայ-եվրոպական հարաբերությունները… սկսվում են մեր կողմից եվրոպական ինտեգրացիայից հրաժարվելու պարագայում։ Տպավորություն կա, որ եվրոպացիները մեզ բեռ են համարում և ուզում են, որ այդ բեռը ծանրանա Ռուսաստանի ուսերին։ Մեգաէկոնոմիկայի մեր տեսության գլուխներից մեկն էլ այն է, որ ժամանակակից անհավասարաչափ զարգացման պայմաններում անխուսափելի է պայքարը ռեսուրսների (մարդկային, հումքային, հողային) վերաբաշխման համար։ Արևմուտքը պետք է զիջի Արևելքին։ Եվ ահա այս Արևմուտքը դեմ չէ, որ զիջողը լինի Ռուսաստանը։ Այդ իսկ պատճառով Ուկրաինայի առումով խնդիրը մի փոքր այլ է։ Եվրոպան, իրենց իսկ խոստովանությամբ (Լուկ վան դեն Բրանդ, երկար տարիների ֆլանդրիական վարչապետ, ԵՄ տարածքային քաղաքականության նախարար)՝ շուրջ 50 մլն նոր աշխատուժի կարիք ունի, չնայած Հարավային Եվրոպայում մեծ գործազրկություն է։ Խնդիրը, սակայն, ոչ ծերացած, թարմ ու երիտասարդ բնակչության մեջ է։ Ուկրաինան իդեալական տարբերակ է։ Ի դեպ, մինչև պր-ն Բրանդի տեսությունը, մեգաէկոնոմիկայի մեր ձեռնարկում մենք հայտարարել էինք այն մասին, որ ԵՄ-ն դեռևս կընդլայնվի մինչև այն սահմանները, երբ ինքնաբավ կդառնա երիտասարդ աշխատանքային ռեսուրսների առումով (ժամանակակից արտադրությունները պահանջում են երիտասարդ աշխատուժ)։ Հասկանալի է, որ մերժելով կամ հետաձգելով Ուկրաինային, կանաչ լույս է վառվում Թուրքիայի ճանապարհին։ Ի վերջո, ստացվում է, որ Եվրոպայի համար Թուրքիայի հետ «ընկերություն» անելն ավելի հեշտ է, քան Հայաստանի։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Եվրոպան վախենում է այս երկրից, բնակչության մի մասի ընդվզումից, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելուց։ Ի տարբերություն Հայաստանի, Եվրոպան ուզում է Ուկրաինային։ Այստեղ, սակայն, գնի հարց կա։
Հանգիստ եմ խոսում այս մասին, քանի որ այս տարվա փետրվարին կայացած նախագահական ընտրություններում միակն եմ եղել, որն ասել է, որ Հայաստանի համար, թերևս, ճիշտ է՝ այս պահին չեզոք քաղաքականություն վարել, չձգտել մտնել ասոցիացիաների ու միությունների մեջ։ Հստակ հայտարարել եմ, որ անհնարին է, երբ անվտանգությունը վստահել ենք Ռուսաստանին, իսկ տնտեսությունն ուզում ենք զարգացնել Եվրոպայում։ Կային թեկնածուներ, որ 5 տարիների ընթացքում ԵՄ անդամություն էին քարոզում։ Ընդ որում, առանց հարցնելու եվրոպացիների կարծիքը։ Ո՞ւր են նրանք հիմա։ Հաճելի է, չէ՞, մարդկանց նման բաներով խաբելը։ Մանավանդ, որ գիտես, որ նման բան չի կարող տեղի ունենալ։ Դե հիմա լցվեք փողոցներն ու պայքարեք։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա իր գործն է անում։ Նա, ինչպես և սրանից 2 հարյուր տարի առաջ, իր շուրջը ձևավորում է իր շուկաները։ Եվ դրա համար ռուսները պատրաստ են վճարել հիմա ու ավելի շատ, քան եվրոպացիները։ Ռուսական տնտեսական տարածքը, այնուամենայնիվ, ավելի փոքր է եվրոպականից։ Բայց իրական է, կոնկրետ։
Հիմա հարց է ծագում. Եթե Հայաստանը կամ Ուկրաինան ունեին անվտանգության նման խնդիրներ…
Երկրորդ, իշխանության վերարտադրություն։ ՄՄ տնտեսաքաղաքական տարածքը «հավերժ» նախագահների ու «հավերժ» իշխող կուսակցությունների տարածք է։ Ճիշտ է, Վ.Պուտինը և «Եդինայա Ռոսիան», ի տարբերություն Հայաստանի, ընտրված են։ Բայց միևնույն է, երաշխիքը կարևոր է։ Հայաստանի ղեկավարությունը, իշխող քաղաքական մեծամասնությունը հասկանում են. Եվրոպա մտնելն իշխանության կորստի վտանգ էր պարունակում։ Պարզ է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի ղեկավարությանը չի վստահում։ Մերոնց եվրոպական խաղերն անհետևանք չեն մնացել։ Վերջին գազային համաձայնագիրը ՌԴ-ի և Հայաստանի միջև ցույց է տալիս, որ Ռուսաստանը Հայաստանում գործելու է ոչ թե գործընկերության, այլ ինքնակամության սկզբունքով։ Ռուսաստանը ստիպում է ընդունել պայմաններ, որոնք պետք է որ վիրավորեին Հայաստանի ղեկավարության ինքնասիրությունը։ Բայց, ինչպես ասում են, իշխանության վերարտադրության վախը մերոնց համար սահման չունի։ Նրանք պատրաստ են ստորագրել ամեն բան։ Օրինակ, ինչպե՞ս կարելի էր ձևակերպել 155 մլն դոլարի պարտք (խոսվում է 300 մլն-ի մասին), երբ Հայաստանն ընդամենը սեպտեմբերին 700 մլն դոլարի եվրոպարտատոմս էր թողարկել։ Չէ՞ որ այդ պարտատոմսեր գնողներին նախօրոք ասվել էր ՀՀ արտաքին պարտքի մասին։ Ստացվում է, որ 300 մլն դոլարով խաբել ենք։ Վստահ եմ, առաջիկայում Մյուդիսը, Ֆիտչը, Ստանդարդ էնդ Փուրսը հայտարարություն կանեն։ Ստույգ տեղյակ եմ, որ որոշ համաձայնագրերի մասով մեր ներկայացացուցիչները չեն էլ փորձում ռուսներին, բելառուսներին ու ղ՚ազախների ներկայացնել ՀՀ շահերը։ Համաձայնվում են ամեն ինչի։ Ռուսները նույնիսկ մեկ-մեկ իրենք են ասում՝ կարող է մի ինչ-որ շահ էլ Հայաստանն ունի։ Բայց ոչ, Հայաստանի ղեկավարությունը, վախենալով ռուսական ցասումից և փորձելով ցույց տալ քծնելու աննախադեպ օրինակներ, հրահանգել է առանց քննարկելու ստորագրել ամեն ինչ։ Այսպիսով, մեր ղեկավարներն օր օրի հալեցնում են երկրի ինքնիշխանության փշրանքները։ Դրա փոխարեն՝ նրանք ստանում են երկրի ներսում անօրինական քաղաքական ու դատական ռեպրեսիաներ, տնտեսական թալան իրականացնելու քարտ-բլանշ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս