Չինաստանում պատրաստվում են վերացնել «մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանում պատրաստվում են չեղյալ հայտարարել ավելի քան երեք տասնամյակ շարունակվող «մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունը: Այդ թեման այսօր քննարկելու է Չինաստանի խորհրդարանը:
Ծնելիության պլանավորման պետական քաղաքականությունը վերանայվելու է, այժմ երկրորդ երեխա ունենալու իրավունքը հատկացվելու է յուրաքանչյուր ընտանիքի, որում ամուսիններից գոնե մեկն իր հերթին հանդիսանում է միայնակ զավակ:
«Մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունը հանգեցրել է սոցիալական լուրջ աղավաղումների և հասարակության դժգոհությանը: Չինաստանում մեծ տեմպերով ընթանում է բնակչության ծերացում, ինչը կապված է չինական «1-6» (1 երեխա-նրա ծնողները, երկու տատ և երկու պապ) ընտանեկան ավանդական մոդելի հետ:
Ծերացման ներկայիս դինամիկայի պահպանման դեպքում մինչև 2050 թվականը Չինաստանի յուրաքանչյուր երրորդ բնակչի տարիքը կկազմի ավելի քան 60 տարի, իսկ թոշակառուների քանակը կգերազանցի ԱՄՆ-ի բնակչությունը:
Բացի այդ, «մեկ ընտանիք – մեկ երեխա» քաղաքականությունը հանգեցրել է գենդերային անհավասարակշռության. 15 տարեկանից ցածր յուրաքանչյուր 100 աղջկան բաժին է ընկնում 118 տղա, ինչը կարող է ապագայում դառնալ ապակայունացման սոցիալական լուրջ գործոն: