«Գազպրոմը» կնշանակի Հայաստանի հաջորդ իշխանությանը

Հայ-ռուսական գազային նվաստացուցիչ համաձայնագրի խորհրդարանական քննարկումներից հետո շատ-շատերի մոտ առաջացող հիմնական հարցը հետևյալն է. արդյո՞ք ապագայում Հայաստանում ձևավորվելիք որևէ նոր իշխանություն քաղաքական ու իրավական հիմքեր կարող է ունենալ Հայաստանին պարտադրված այս վասալային համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար:

Թվում է, թե նման հիմքերն ակնհայտ են, քանի որ ցանկացած բանական մարդու համար հասկանալի է, որ 30 տարով Հայաստանը ռուսական «Գազպրոմի» պլացդարմ դարձնելը, մեղմ ասած, պետական հանցագործության տարրեր է պարունակում, և ցանկացած հաջորդ իշխանություն կարող է չեղյալ հայտարարել այդ հակապետական համաձայնագիրը՝ դրանից բխող ոչ միայն՝ քաղաքական, այլ նաև՝ քրեական հետևանքներով: Հայաստանի գործող իշխանության համար, բնականաբար:

Բայց այս ակնհայտ իրողությունն ակնհայտ է դարձնում շատ ավելի վտանգավոր հետևություն. այլևս Հայաստանում ցանկացած մակարդակի իշխանություն ձևավորվելու է միայն ու բացառապես Ռուսաստանի կողմից: Իհարկե, մինչև հիմա էլ հայաստանյան բոլոր ընտրություններում ռուսական ազդեցությունը որոշիչ է եղել: Ռուսները բոլոր ընտրություններում էլ ցանկացել են իշխանության վերնախավում տեսնել անձանց ու ուժերի, որոնք դեմ չեն գնա ռուսական շահերին: Դա այդպես էլ եղել է: Սակայն հիմա խնդիրը փոխվում է:

Ռուսաստանին Հայաստանում այլևս պետք է ոչ թե ռուսական շահերին դեմ չգնացող, այլ ռուսական շահերն «օպերատիվ» ռեժիմում սպասարկող իշխանություն: Ընդ որում, բացառված չէ, որ ապագայում Հայաստանի իշխանական վերնախավի ներկայացուցիչների ցուցակները ճշտվեն ոչ թե Կրեմլի կամ Անվտանգության ծառայության համապատասխան բաժնում, այլ հենց «Գազպրոմում», բայց դա հարցի տեխնիկական կողմն է:

Հասկանալի է, որ Հայաստանում նման գերլիազորություններ ստանալուց հետո «Գազպրոմը» չի կարող իրեն թույլ  տալ, որ հանկարծ Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը՝ նախագահական կամ խորհրդարանական մակարդակով, մտածի ի վնաս «Գազպրոմի» շահերի Հայաստանի շահերով առաջնորդվելու մասին: Այնպես որ, այս գազային համաձայնագրով Հայաստանի իշխանությունը «Գազպրոմին» է հանձնում ոչ միայն՝ առնվազն 30 տարի Հայաստանում գերարտոնյալ կարգավիճակով գործունեություն ծավալելու, այլև՝ ապագայում Հայաստանում իշխանություն ձևավորելու մենաշնորհը:

Իսկ բոլոր նրանք, ովքեր գոնե այս պահին Հայաստանում հավակնում են իշխանության գալ, պատրաստ են գործող իշխանությունից ոչ պակաս նվիրվածությամբ ծառայել նույն ռուսական շահին: Որքան էլ նրանք սուր ելույթներ էին ունենում նախօրեին Ազգային ժողովում գազային համաձայնագրի քննարկման ժամանակ:

Այսինքն՝ ներկայիս քաղաքական համակարգի պայմաններում Ռուսաստանը տեսանելի ապագայում Հայաստանում իշխանություն ձևավորելու հարցում առանձնապես լուրջ բարդություններ չի ունենա, քանի որ ոչ իշխանական ուժերի մեծամասնությունը պատրաստ է իշխանության գալու համար Հայաստանը «Գազպրոմին» հանձնել ոչ թե 30, այլ 130 տարով:

Տեսանյութեր

Լրահոս