Երվանդ Բոզոյան. Թարախի պորտալարը պետք է պոկել
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անընդունելի է համարում այն մեղադրանքները, թե խորհրդարանական ոչ իշխանական ուժերն ի զորու չեն պայքարել Հանրապետական մեծամասնության դեմ, ուստի իշխանությունը ընտրել է «գաղտնի» քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ գործող իշխանությունը առանց ԱԺ-ին ու հասարակությանը իրազեկելու՝ հայտարարեց Մաքսային միություն անդամակցության մասին, այնուհետև պարզվեց, որ գազի գինը Հայաստանում թանկացել է դեռևս 2011 թվականին, և որ Հայաստանը գազի դիմաց կուտակել է 300 մլն դոլար պարտք և այլն:
168.am-ի հետ զրույցում Երվանդ Բոզոյանն ասաց, թե ընդդիմությունը իշխանության այս քայլերը կանխել չի կարող միայն այն պատճառով, որ ԱԺ-ում թվով քիչ է ներկայացված:
«Փոքր երեխան էլ կարող է կալկուլյատորը վերցնի, հաշվի, որ քիչ են: Հարձակվում են մի ընդդիմության վրա, որն այսօր օբյեկտիվորեն բան չի կարող անել: Իշխանությունն իր մենաշնորհային դիրքորոշումն ունի, խորհրդարանի կեսից ավելին իրենն է, էլ ընդդիմությունն ի՞նչ անի: Պարզ չի, որ ո՛չ ես, ո՛չ դուք, ՛ոչ էլ խորհրդարանական ընդդիմիությունը բան չենք կարող փոխել, որովհետև մենք իշխանություն չենք: Իհարկե, հռետորական հարցադրում կարելի է անել` ինչո՞ւ ընդդիմությունն այսօր չի կարողանում լուծել հարցեր: Այս հարցադրումն իրավունք ունի գոյություն ունենալ, բայց մեղադրել ընդդիմությանն այդ կտրվածքով, որ չեն կարողանում կանխել իշխանության որոշումները, ամոթալի է»,- ընդգծեց նա:
Մեր հարցին, թե ինչպե՞ս կարելի է պայքարել իշխանության որդեգրած «գաղտնի» քաղաքականության դեմ, որպեսզի նման անակնկալները այլևս չկրկնվեն, քաղաքագետը պատասխանեց. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն շրջանակները, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, բայց իրականում աշխատում են ընդդիմության օգտին, վերանան: Նման շրջանակներին պետք է չեզոքացնել, վերացնել հասարակության մեջից և ստեղծել կոնսոլիդացիոն մթնոլորտ, որը մերժում է կատարվող ամեն ինչը:
Զարմանալի բան է կատարվում` բոլորը դեմ են իշխանություններին, բայց իշխանությունը պինդ է: Սա ուղղակի հեքիաթային իրավիճակ է: Ինչո՞ւ է այսպես ստացվել, որովհետև իշխանությունները հնարքը գտել են, կարողացել են ընդդիմադիր տեսակետներ ունեցող մարդկանց մի հսկայական զանգված սեփականաշնորհել: Այդ մարդիկ ընդդիմադիր ֆռազալոգիա օգտագործելով պայքարում են ոչ թե իշխանության դեմ, այլ` իշխանության ընդդիմության դեմ: Եվ արդյունքում, առաջ են գալիս տեսակետներ, որ իշխանությունը ճիշտ է՝ վատն է, բայց այլընտրանք չունի, որովհետև մնացածն ավելի վատն են»:
Երվանդ Բոզոյանի կարծիքով, հենց այս գաղափարախությունն է դարձել «քայքայիչ»: Նրա խոսքով` հասարակությունում ձևավորվել է «անբարոյական հսկայական շերտ», որը «թարախի պես թունավորում է հասարակության առողջ» հատվածը: «Հենց էդ թարախի պորտալարը պետք է պոկել, որ ամեն ինչ բաց լինի, մարդիկ հասկանան` ով ով է այս երկրում: Իշխանությունները խոցելի կլինեն, եթե թարախը չլինի, որովհետև հենց դա է խանգարում կոնսոլիդացված քայլեր կատարելու համար»,- ընդգծեց նա: