Դավիթ Հակոբյան. Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը զբաղվում են «քաղաքական էրոտիկայով»
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համոզմամբ` խորհրդարանական ընդդիմությունը ՀՀ կառավարարությանն անվստահություն հայտնելու ու հրաժարական պահանջելու փոխարեն պետք է վայր դնի սեփական մանդատները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը:
«Նաիրա Զոհրաբյանը (ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար) հայտարարեց, որ գործող իշխանությունները կրում են պատմական պատասխանատվություն` տարվող տնտեսական քաղաքականության համար: Ես համաձայն եմ: Բայց կարծում եմ, որ իրենց ընդդիմադիր հայտարարած չորս ֆրակցիաները, որոնք հայտարարում են, որ կառավարությանը չեն վստահում, իրենց անվտահությունն են հայտնում, ևս պատասխանատվություն ունեն: Չորս ֆրակցիան մոտ 50 մանդատ է, իսկ ամեն մանդատ ամսական կտրվածքով մոտ 3000 դոլար հայ ժողովրդի գրպանից տանում է:
Եթե նրանք կեղծ ժողովրդավարաներ չեն, պիղծ մտահոգություն չեն հայտնում, իսկապես ուզում են նոր տնտեսական քաղաքականություն, նոր կառավարության ձևավորում ու հայ ժողովրդի ապագայի հանդեպ անտարբերությամբ լցված չեն, իշխանափոխությունը ներքևից` արյունոտ գործողություններով չեն ուզում, ուրեմն՝ պարտավոր են 50 մանդատն էլ ցած դնել ու, ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ, մայիսին հրավիրեն նոր ընտրություններ»,- առաջարկեց Մարքսիստը:
Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստանում ևս հնարավոր կլինի Վրաստանի «սցենարով» անցում կատարել վարչապետական ինստիտուտին, ինչը, Դավիթ Հակոբյանի համոզմամբ, հնարավորություն կտա ձերբազատվել այն կառավարությունից, այն իշխանությունից, որին անվստահություն է հայտնում խորհրդարանական ընդդիմությունը:
«Իսկ եթե նրանք ջուր են տեսնում` ձուկ են դառնում, ծովակ են տեսնում` մուկ են դառնում, չեն պնդում իրենց ասածները, ուրեմն… իրենք են առաջին հերթին «պատմական պատասխանատվությունը» կրում, ոչ թե իշխանությունը, նրա համար, որ Հանրապետական խունտան երրորդ անգամ վերարտադրվեց. вот в чем вопрос:
Երկրում ամենամեծ պատասխանատվությունն այսօր ոչ այնքան իշխանություններն են կրում, որքան իրենց ընդդիմադիր հայտարարած չորս խմբակցությունները, որոնք կարող են իշխանության առաջը կանգնել` օգտագործելով մանդատները վայր դնելու լծակը»,- նշեց նա:
Մեր հարցին ի պատասխան՝ արդյոք ընդդիմությունը կդիմի՞ նման քայլի, մարքսիստ Դավիթ Հակոբյանն ասաց. «Ելնելով նրանց ամբիցիոզությունից` չեմ հավատում, որ մանդատները ցած կդնեն, իսկ եթե դնեն` կհերոսանան երկրի առաջ: Ինչքան կարելի է ասել, որ կառավարությունը հանցագործ է, բավարարվել դատարկ այդ գնահատակններով, ու այլ բան չանել»:
Դ. Հակոբյանի չբացառեց, որ «իրենց ընդդիմադիր համարող» չորս ֆրակցիաների համար մանդատները կարող են ավելի «թանկ» լինել, քան երկրի ճակատագիրը: Նա շեշտեց, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերն այսքան ժամանակ կոնկրետ քայլերի դիմելու փոխարեն զբաղվում են «քաղաքական էրոտիկայով»:
«Քաղաքական էրոտիկա, ոչինչ ավելին, կեղծ մտահոգություն ժողովրդի ճակատագրի մասին… եթե իսկապես մտահոգված են, հենց հիմա` մինչև Նոր տարի, պարտավոր են մանդատները վայր դնել, ստեղծել խորհրդարանական ճգնաժամ, ձևավորել նոր կառավարություն, անցում կատարել կառավարման վարչապետական ինստիտուտի:
Սրանով հիանալի կարող են ձերբազատվել և՛ նախագահից, և ՛նրա կուսակցությունից»,- շեշտեց նա` ավելացնելով, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը չեն օգտագործում այս լծակը, որովհետև իրենք էլ «սոված ժողովրդից փող են գրպանում», այն էլ միայն «հրապարակախոսական ինստիտուտով զբաղվելու» համար:
«Հրապարակախոսությամբ Հակոբյան Դավիթն էլ է բավարարվում… Հրապարակախոսական ինստիտուտը բավական է, որ քաղաքականությամբ զբաղվես, բայց պետք է դրանից դուրս գալ: Հերիք է պառլամենտում տարեկան 2 մլն կոռզեն ու հրապարակախոսությամբ զբաղվեն»,- եզրափակեց մարքսիստը: