
Չինաստանն ընդլայնում է իր ներկայությունն Անտարկտիկայում

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն ընդլայնելու է իր ներկայությունն Անտարկտիկայում (Անտարկտիդան՝ մերձակա կղզիներով ու օվկիանոսային ջրերով): Չինաստանի իշխանությունները սկսել են Անտարկտիկայում իրենց չորրորդ հետազոտական կայանի կառուցումը:
«Տայշան» կայանի տարածքը կազմելու է մոտ 1000 քառակուսի մետր, դրանում կկարողանա միաժամանակ աշխատել մոտ 20 հետազոտող: Ակնկալվում է, որ հիմնական շենքի կառուցումը կավարտվի 2014 թվականին: Իր արտաքին տեսքով այն կհիշեցնի չինական թղթե լապտերիկ:
Կայանն իր գործունեությունը ծավալելու է Անտարկտիկայի ամռանը՝ դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում: Չինացի գիտնականների խոսքերով՝ նոր հետազոտական կայանը կօգնի ակտիվորեն ուսումնասիրել կլիմայի փոփոխությունները: Բացի այդ, այն արդեն իսկ գոյություն ունեցող չինական կայանների համար կհանդիսանա որպես վերաբեռնման կետ:
Ներկայումս Չինաստանն Անտարկտիկայում ունի հետազոտական երեք կայան՝ «Չանչեն» (բացվել է 1985 թվականին), «Կունլուն» (2009 թվական) և «Չժունշան» (1988 թվական): Ընդհանուր առմամբ, Անտարկտիկայում սեփական հետազոտական կայան ունի մոտ 30 երկիր: