Արա Ղազարյան. Կառավարություն անգործություն է դրսևորել

«Վերջին տարիներին հասարակության ուշադրությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նկատմամբ զգալիորեն աճել է: Դուք էլ լավ գիտեք, որ նույնիսկ մեր կենսաթոշակառու տարեցներնը իրենց կենցաղային վեճերով վեճի մյուս կողմին սպառնում են եվրոպական դատարանով: Այսինքն՝ եվրոպական դատարանը և նրա իրավական ակտերը կարծես թե մեր մշակույթի մասն են կազմում: Մինչդեռ բոլորդ էլ լավ գիտեք, որ միայն Եվրոպական դատարանի դատական ակտի առկայությունը չի կարող ծառայել իր նպատակին, եթե ապահովված չէ վերջինիս արդյունավետ կատարումը»,- այս մասին այսօր «Մարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական և միջազգային ատյաններում» զեկույցի հրապարակման ընթացքում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ եթե պետությունը շեղվում է Եվրոպական դատարանի կայացրած վճռից, ապա դա որոշակի բացասական ազդեցություն է թողնում այդ պետության միջազգային հանրության առջև վարկանիշին:

Զեկույցը կազմվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ. հետազոտությունն իրականացրել են Արա Ղազարյանն ու «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

Արա Ղազարյանն ասաց, որ մինչ այժմ Հայաստանի Հանրախետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված բողոքներով դատարանը կայացրել է 46 վճիռ: Նրա փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր կայացրած վճիռների կատարումը հսկում է ստանդարտ և խստացված ընթացակարգերով: Վճռի հրապարակումից հետո երկրի կառավարությունը պարտավոր է գործողությունների ծրագիր ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ըստ նրա՝ 2013 թվականի հուլիս ամսվա դրությամբ 38 կայացված վճիռներից 11-ի մասով ՀՀ կառավարությոնը գործողությունների ծրագիր չի ներկայացրել, այսինքն՝ անգործություն է դրսևորել: Արա Ղազարյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի վճռով գումարի փոխհատուցման պահանջը կատարվում է ժամանակին. մեկ գործով վճարումն ուշացվել է:

Տեսանյութեր

Լրահոս