Ինչով է տարբերվում նոր անձնագիրը նախորդից և երբ են ՀՀ քաղաքացիները պարտավոր փոխել անձնագրերը

Հին անձնագրերն ուժի մեջ կլինեն մինչև ժամկետի ավարտը, սակայն դրանց ժամկետը լրանալուց հետո բոլոր քաղաքացիները պետք է ձեռք բերեն արդեն նոր կենսաչափական անձնագիր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը` նշելով, որ 2014թ հունվարի 1-ից բոլոր այն քաղաքացիներին, ում  անձնագրի ժամկետը լրանում է, տրվելու է նոր տեսակի անձնագիր:

«Նոր անձնագրի արտաքին տեսքը չի տարբերվում այսօրվա` նախկին նմուշի անձնագրերից, սակայն ներքին պարունակությունը որոշակի փոփոխության է ենթարկվել. նախ այն նախկին 32 էջից դարձել է 40 էջ, էջերի ձևավորումն է մի քիչ տարբեր, ունի նաև ուղղանկյուն լոգոտիպ, ինչը նշանակում է, որ այդ անձնագիրը կենսաչափական տվյալներ է պարունակում»,- ասաց Ն. Մուրադխանյանը:

Կենսաչափական տվյալներ պարունակող նոր անձնագրի պետտուրքը արժե 25 հազար դրամ, իսկ նույնականացման քարտի պետտուրքը` 3 հազ դրամ։ Վերջինս, ի դեպ ,2014 թվականից պարտադիր է լինելու: Բանախոսը նշեց նաև, որ նույնականացման քարտերն աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին և 16 տարին լրացած անձանց առաջին անգամ տրամադրվելու են անվճար։

«Ոստիկանությունը նշյալ փաստաթղթերը պարտավոր է տրամադրել 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ավելի կարճ ժամկետում ստանալու համար պետք է լրացուցիչ գումար վճարել»,- ասաց Ն. Մուրադխանյանը։ Մասնավորապես, 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալը կարժենա 20 հազար դրամ, երեք աշխատանքային օրում` 10 հազար դրամ։ Նշվեց նաև, որ հնարավոր է շուտով կառավարության որոշման մեջ փոփոխություն մտցվի, ըստ որի՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում նշյալ փաստաթուղթը ստանալ ցանկացողը, դրա համար կվճարի 5 հազար դրամ:

Ի դեպ, ըստ բանախոսի, հունվարի 1-ից հետո ում անձնագրի ժամկետը լրացել է, նա կարող է ստանալ միայն նույնականացման քարտ, որը ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող փաստաթուղթն է Հայաստանի տարածքում, իսկ կենսաչափական անձնագիրը`ՀՀ-ից դուրս մեկնելու համար է նախատեսված:

Ն. Մուրադխանյանը տեղեկացրեց նաև, որ դեռևս 2001 թվականին Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որտեղ ահաբեկչության դեմ միջազգային պայքարի նկատառումներով որոշվել է, որ պետությունները անցնեն կենսաչափական թղթերով փաստաթղթերի, քանի որ դրանք կեղծելը գրեթե անհնարին է և անցանկալի անձանց սահման հատելը բացառվում է: Դեռևս 2011 թվականի տվյալներով՝ 190 երկրներից 93-ն արդեն իսկ անցել են կենսաչափական տվյալներով փաստաթղթերի, 21-ից 43-ն էլ մոտակա ժամանակներում են անցնելու:

«Այսինքն` դա ժամանակի հրամայականն է, և որոշ ժամանակ հետո կլինեն պետություններ, որոնք առանց կենսաչափական փաստաթղթերի ուղղակի իրենց երկիր մուտք թույլ չեն տա: Դա օրվա պահանջն է, դա որոշված չէ Հայաստանում»,- ասաց Ն. Մուրադխանյանը:

Տեղեկացնենք, որ Հայաստանում այս համակարգը ներդրվել է 2012 թվականի հունիսից և ներկայիս տվյալներով արդեն կամավոր ավելի քան 91 հազ. քաղաքացի ստացել է նույնականացման քարտ և ավելի քան 4.5 հազ. քաղաքացի` կենսաչափական անձնագիր:

Տեսանյութեր

Լրահոս