
Էրդողանը մեղադրում է, իսկ Ֆեթհուլլահ Գյուլենը՝ հերքում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում իրականացվում են կեղտոտ գործողություններ՝ նկատի ունենալով վերջին օրերին երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալը:
Էրդողանի խոսքերով՝ վերջին օրերին Թուրքիայում իրականացված օպերացիաների հետևում կանգնած են արտաքին ու ներքին ուժերը: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը մինչև վերջ հետաքննելու է ստեղծված իրավիճակը:
Միևնույն ժամանակ իսլամական ազդեցիկ հասարակական գործիչ Ֆեթթուլահ Գյուլենը, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, հերքել է իր մասնակցությունը Թուրքիայում իրականացված իրադարձություններում: Գյուլենի խոսքերով՝ ներկայիս Թուրքիայում ուժեղ հակաքարոզչություն է իրականացվում իր և իր կողմնակիցների նկատմամբ:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևում կանգնած են Ֆեթհուլլահ Գյուլենն ու նրա կողմնակիցները:
Որպես դրա պատճառ էր նշվում այն, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել էր Գյուլենի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող ուսումնական հաստատությունների փակման մասին:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրում ընթանում է 4 նախարարի կալանքի տակ վերցնելու նախապատրաստությունը՝ կապված կոռուպցիոն գործունեության հետ: Անգամ նշվում է, որ համապատասխան փաստաթուղթն ուղարկվել է Արդարադատության նախարարություն:
Հիշեցնենք, որ թուրք մտածող Ֆեթհուլլահ Գյուլենն իսլամի մասին հեղինակել է ավելի քան 60 գիրք՝ հիմք դնելով գյուլենական շարժմանը և մեծ ազդեցություն ունենալով Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական հայացքների վրա: Գյուլենական շարժումը Թուրքիայում և արտասահմանում, մասնավորապես` Միջին Ասիայում, ունի միլիոնավոր հետևորդներ:
1998 թվականին (1997 թվականի հետմոդեռնիստական հեղաշրջումից հետո) Գյուլենը մեղադրվել է գործող կարգը տապալելու փորձի մեջ և նույն տարի հեռացել է ԱՄՆ: 2006 թվականի մայիսին (Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության կառավարման ժամանակաշրջանում) Թուրքիայում վերացվեցին Գյուլենի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները:
2008 թվականին ամերիկյան Foreign Policy պարբերականի ընթերցողները Ֆեթհուլլահ Գյուլենին ճանաչեցին որպես աշխարհի առաջադեմ ինտելեկտուալ: WikiLeaks-ի կողմից հրապարակվող Stratfor-ի նամակագրությունում (2011 թվական) նշված էր Գյուլենական շարժման և Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (Գյուլեն-Էրդողան) առճակատման մասին: