Բաժիններ՝

Նոր բացահայտումներ փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, դեկտեմբերի 17-ին շարունակվեց 2012թ. նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ դռնբաց դատական նիստը: Լեփ-լեցուն դահլիճում 100-ից ավելի մարդ էր հետևում նիստի ընթացքին: Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալներից Սամվել Դիլոյանին ու Արեն Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արտակ Վերանյանին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ծանուցում ստացած վկաներից մի քանիսը չէին ներկայացել՝ հանրապետությունում չլինելու, մյուսներն էլ՝ դատարանին անհայտ պատճառով:

Վկա Ջիվան Չիլինգարյանը դատարանին պատմեց, որ նոյեմբերի 18-ին տանը հյուրեր է ունեցել և ալկոհոլ է օգտագործել, ապա դեպքի օրը «Մուշ» ռեստորան է գնացել Էդվարդ Խլղաթյանի զանգով՝ արդեն ալկոհոլ օգտագործած: Թեև վատ ինքնազգացողության պատճառով մի պահ նույնիսկ չի ցանկացել գնալ: Գնալով «Մուշ»՝ տեսել է ջերմ մթնոլորտ, ինքն էլ մի քանի երգ է կատարել՝ ուրախացնելով ներկաներին: Ապա, վատ ինքնազգացողության պատճառով, հեռացել է հանգստի սենյակ, իսկ ներկաները շարունակել են խնջույքը: Երբ վերադարձել է՝ ներկաները դուրս գալիս են եղել, և ինքն ու Է. Խլղաթյանը բարի ճանապարհի կենաց են խմել նրանց հետևից: «Ադաթի պես մի բան ա մեր մոտ բարի ճանապարհի կենացը»,- ասաց Ջ. Չիլինգարյանը, ինչին ի պատասխան՝ մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանը նկատեց, որ ադաթ է նաև հյուրին ճանապարհելը, և վկայից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նա և Է. Խլղաթյանը դուրս չեն եկել՝ ճանապարհելու տղաներին: Դատախազի բազմաթիվ հարցերին Ջ. Չիլինգարյանը հստակ չէր պատասխանում, հաճախ ասելով՝ չեմ հիշում, չգիտեմ: «Եթե լավ չեք հիշում, ասեք՝ լավ չեմ հիշում, էս ա ես ձեր հիշողությունը կթարմացնեմ, մի քիչ հետո»,- ասաց Պ. Մարտիրոսյանը՝ նկատի ունենալով վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումը:

«Էս դեպքի մասին ես ոչ մի բան չգիտեմ, ինչ էլ որ Դուք ինձ հարցնում եք, աղոտ ա տպավորվել իմ մեջ»,- ասաց վկան՝ պատճառաբանելով, որ իր գործը երգելն է, և ինքը խուսափում է որևէ միջադեպի խառնվել, և միայն մի պահ է դուրս եկել, տեսել ընկած Սամվել Շարբաթյանին և անմիջապես վերադարձել սենյակ, որտեղ, իր ասելով՝ շարունակել է ոգելից խմիչք օգտագործել՝ արդեն մենակ: «Մտածեցի, որ իրանք ընդեղ են, իրանք կկարգավորեն, եթե պետք լինի՝ օգնություն ցույց կտան, իմ ի՞նչ գործն ա,- ասաց նա՝ պատասխանելով մեղադրողի «Բա ձեզ հետաքրքիր չէ՞ր՝ ինչ է կատարվում» հարցին:

Վկայի նախաքննական ցուցմունքում կան «ինքնաթոր օղի», «սեռական բնույթի հայհոյանք» արտահայտությունները: Երբ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը հետաքրքրվեց, թե վկան օգտագործո՞ւմ է այդ բառերը, նա խիստ զարմացած ասաց, որ առաջին անգամ է լսում «ինքնաթոր» բառը, իսկ «սեռական բնույթի հայհոյանք» արտահայտությունն ընդհանրապես չի օգտագործում: Նույն պատկերն էր՝ «ընթերակա» բառի հետ կապված, երբ Հակոբյանը հետաքրքրվեց՝ Ջ. Չիլինգարյանին որպես ընթերակա ներգրավելիս բացատրվե՞լ են նրան ընթերակայի իրավունքներն ու պարտականությունները, վկան խնդրեց բացատրել այդ բառի իմաստը: Ջ. Չիլինգարյանը միաժամանակ հերքեց, որ ինքը գործի նյութում նշված ողջ ժամանակահատվածում, այն է՝ 23:26-ից մինչև 05:31-ը, անընդմեջ եղել է քննիչի կողքին և հետևել քննչական գործողությունների ընթացքին, ավելին՝ նույնիսկ կես ժամ անընդմեջ չի եղել նրա կողքին, բայց հաստատեց, որ այդ առթիվ ինչ-որ թղթեր ստորագրել է: Ասաց նաև, որ դեպքի առթիվ լրագրողին տված հարցազրույցում իրեն հայտնի ճշմարտությունն է ասել: Երբ դատախազ Մարտիրոսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ ցույց տալու համար առկա հակասությունները, Ռ. Հակոբյանը նկատեց, որ նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև հակասություններ չկան: Հակասություն կա նախաքննական առաջին ցուցմունքի հետ կապված, որից հետո վկան կանչվել է և ասել այն, ինչ ասաց հիմա՝ դատաքննության ընթացքում: Այս հակասության հետ կապված՝ վկան ասաց.

«Առողջական մեծ պրոբլեմ ունեի, ճնշումս շատ էր բարձրացել, ես չէի ուզում մեռնել, ուզում էի շուտ տուն գնալ, բայց ցուցմունքս չէր լիացնում քննիչին: Ես քննիչին ինչ ասում էի՝ ինքը չէր համաձայնվում, ասի՝ հետո կշտկեմ, կասեմ էն, ինչ գիտեմ»:

Տարբեր ձևակերպումներով այս հարցը տալիս վկան մի քանի անգամ ասաց, որ քննիչին ասել է այլ բան, ինչին ի պատասխան՝ քննիչն ասել է՝ «ֆայմդ չի հասնո՞ւմ, որ իրանք են եղել (հավանաբար՝ ամբաստանյալները.- Հ.Ս.), եթե մենակ իրանք են եղել (հավանաբար՝ դեպքի վայրում.- Հ.Ս..)»: Ինձ լոգիկա էր բացատրում քննիչը»: Եթե էն, ինչ ես եմ ասել, էդ գրած ըլներ, ստեղ լրիվ ուրիշ բան էր լինելու 60 տոկոսը»:

Դատախազի հաջորդ հարցին՝ լավ, դուք ինչ-որ մի բան հիշո՞ւմ եք, վկան պատասխանեց. «Պետք ա բան տեսած լինեի, որ բան հիշեմ»:

«Եթե քննիչին հրավիրենք այստեղ, դուք առերես կպնդե՞ք էն, ինչ որ ասացիք»՝ դատախազի հաջորդ հարցին վկան պատասխանեց. «Ես Աստծու դեմ էլ կպնդեմ»:

Արտակ Վերանյանի պաշտպան Մհեր Դավթյանը նկատեց և դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ Ջ. Չիլինգարյանի հարցաքննության ժամը գործի նյութերում ջնջումով է ներկայացված, ուղղում կա: Ռ. Հակոբյանն  ասաց, որ վկային հարցաքննելուց առաջ, ըստ օրենքի՝ նրան պետք է բացատրեին իր իրավունքներն ու պարտականությունները, ժամանակ ֆիքսեց ու կարդալով դրանք՝ դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ իրեն ինը րոպե պետք եկավ միայն կարդալու համար, մինչդեռ քննիչը պարտավոր է վկային նաև բացատրել, ապա լսել ցուցմունքը՝ 6 էջ արձանագրել ձեռագիր տեքստը, հետո վկան պետք է ընթերցեր, ինչը, ըստ պաշտպանի՝ մեկ ժամ հինգ րոպեում (սա վկային հարցաքննելու՝ գործում ֆիքսված ժամանակահատվածն է) հնարավոր չէ անել: Ի դեպ, Ջ. Չիլինգարյանը չկարողացավ գեթ մեկ բառ ընթերցել իր նախաքննական ցուցմունքից:

Ուստի պաշտպանը գործով ձեռք բերված այս ապացույցը համարեց անթույլատրելի և մեղադրող կողմին խնդրեց՝ դրան հղում չկատարել:

Հայր և որդի Արմեն և Արման Նալբանդյանների հարցաքննությունը կարճ տևեց: Փոխարենը՝ դատարանում ուշագրավ հայտարարություններ արեց վկա Արեն Վիրաբյանը: Նա ասաց, որ դեպքի օրը՝ նոյեմբերի 18-ին, առավոտյան ժամը 7-ից մինչև կեսօր Արտակ Վերանյանն իր հետ է եղել՝ մասնակցելով իր որդու մատաղի արարողությանը, ապա գնացել է հանդիպելու Սամվել Շարբաթյանին, իսկ որոշ ժամանակ անց եկել է Արենը և ասել, որ ամեն ինչ լավ է, Արտակն ու Շարբաթյանը պայմանավորվել են: Հետո Արեն Վիրաբյանի եղբայրը՝ Աղասին, գնացել է «Մուշ»՝ տեսնելու Արտակին, և ճանապարհին վերցրել է իր երկու ընկերներին: Երբ տեղ են հասել, տեսել են, որ նրանք արդեն հեռանում են, էլ չեն մոտեցել: Այս մասին Աղասի Վիրաբյանը եղբորը պատմել է դեպքի հաջորդ օրը, երբ վկան վերադարձել է Վրաստանից՝ ուր մեկնել էր գիշերը:

«Ոնց որ տղերքի գլխին սարքում են, որ սպանություն է եղել»,- ըստ վկայի՝ ասել է իր եղբայրը, իսկ ինքն այսքան ժամանակ լռել է, որովհետև՝  «եթե մարդն առանց որևէ արարք կատարելու գնում է պատասխանատվության, ոնց որ կարող ա կոպիտ ա, բայց տղերքի գլխին սարքում են, որ սպանություն ա եղել, ո՞նց կարող ա ես իմ ախպորը վտանգի ենթարկեի: Իսկ հիմա, քանի որ տեսնում եմ, որ դատարանում սաղ արվում ա օրենքի շրջանակներում, անհանգստանալու բան չունեմ»:

Արեն Վիրաբյանը դատարանին հայտնեց նաև, որ Արտակը միշտ շատ ջերմ է արտահայտվել Սամվել Շարբաթյանի մասին՝ անընդհատ ասելով՝ քեռին, քեռին, և նա չէր կարող սպանելու դիտավորություն ունենալ: Երբ այս մասին ասել է քննիչին, վերջինս համակարգչով ինչ-որ դիակի լուսանկարներ է ցույց տվել իրեն, ասելով՝ էս էլ քո «քեռին, քեռին» անողները, տեսնո՞ւմ ես՝ ինչ են արել:

Պաշտպան Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ քննիչին չի թույլատրվում դեպքին ոչ ականատես, Սամվել Շարբաթյանին չճանաչող վկային նման նկարներ ցույց տալը:

Նոր հանգամանքների ի հայտ գալով պայմանավորված` դատախազ Պ. Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց՝ հնարավորինս շուտ, արտահերթության կարգով հարցաքննել նշված երեք անձին: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս