Բաժիններ՝

Հայ դատի եվրոպական գրասենյակը խստիվ դատապարտում է ՄԻԵԴ որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 17-ի վճռով հաստատեց, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ: Ըստ դատարանի, Լոզանի դատարանի 2007-ի վճիռը` Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի դէմ, հարված է ազատ խոսքի իրավունքին: Փերինչեքն իբրեւ ժխտողական դատապարտված էր շվեյցարական դատարանի կողմից: Այդ մասին ասվում է ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի Գրասենյակի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիայի Հայ Դատի Գրասենյակը խստիվ դատապարտում է այս վճիռը, որ այնքան վտանգավոր է եւ ուղղակի զորակցություն է Եվրոպայի տարածքում Անկարայի եւ Բաքվի կողմից ղեկավարվող ժխտողականության հոսանքին եւ հավելյալ ճամփա է բացումդրա դիմաց: Անգամ թաքնվելով ազատ խոսքի իրավունքի ետեւում, օրինակ առնելով Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի մոտեցումը, եվրոպական դատարանը իր տխրահռչակ այս որոշումով ոտնահարում է Հայոց Ցեղասպանության զոհերի եւ հաջորդ սերունդների արժանապատվության իրավունքը:

Այսուհետեւ հայությունը, որի այդ իրավունքը ոտնահարվում է, պիտի չկարողանա Եւրոպայի մեջ գտնել օրէնքով սահմանված իր պաշտպանությունը: Առանց այս հիմնական իրավունքին, ոչ մէկ չի կարող հաստատել, որ ինչ կլինեն հայության հետագայ քայլերը եւ միջոցները` իրավական ինքնապաշտպանության փնտրտուքի այս հոլովույթում: Իսկ մյուս կողմից, տխրահռչակ այս որոշումը անպայման պիտի գոտեպնդի եւ հավելյալ ներուժ պիտի տա թրքական ծայրահեղական շարժումներին ու զուգահեռաբար պիտի հարվածի Թուրքիայի մէջ հետզհետե բարձրացող արդար ձայներին:

Ավելին: Եվրոպական դատարանը հայտարարելով, որ «ցեղասպանություն եզրը միաձայնություն չի վայելում», ուղղակիորեն կնույնանա Փերինչեքի ժխտողական այն հայտարարության հետ, ըստ որի` «Հայոց Ցեղասպանությունը միջազգային սուտ է»: Այս նույնանման մոտեցումը անընդունելի է ու խստիվ դատապարտելի: Ու տակավին, նույնքան դատապարտելի է եվրոպական դատարանի այն զգայացունց մոտեցումը, ըստ որի` «պետք է տարբերել այս հարցը` հրեաների Ողջակիզման դեմ ժխտողականությունից»: Ինչպէ՞ս կարելի է ընդունել նման տարբերակում` ՄԻԵԴ կողմից:

Ֆրանսիայի Հայ Դատի Գրասենյակը, Հայ Դատի Եվրոպայիհանձնախմբի բրյուսելյան գրասենյակի հետ գործակցաբար, իր բոլոր կարողականությունը պիտի դնի եվրոպական դատարանի անընդունելի այս որոշման դեմ: Շվեյցարիան երեք ամսվա ժամանակամիջոց ունի բողոքելու եւ վերատեսության պահանջ ներկայացնելու եվրոպական դատարանին: Այս առումով, տեսակցություն է պահանջվել առաջին հերթին Փարիզում Շվեյցարիայի դեսպանի հետ` ներկայացնելու համար մեր ակնկալությունները շվեյցարական իշխանություններից: Համակարգված այլ նախաձեռնություններ պիտի կատարվեն նաեւ տարբեր երկիրներում` Հայ Դատի գրասենյակների եւ հանձնախմբերի, ինչպես նաեւ` պաշտոնական Երեւանի կողմից, միացեալ ճակատ կազմելով այս արշավի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս