
100.000 դրամ տուգանք՝ անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար

Քաղաքացի Ա. Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Առաջին ատյանի դատարանը որպես պատիժ նշանակել է տուգանք 100.000 դրամի չափով:
Ինչպես տեղեկանում ենք datalex դաստական տեղեկատվական համակարգից, Ա. Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հունիս ամսին Կապան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի հարևանությամբ գտնվող այգետնակում սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած տուժողի հետ (ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդված):
Ըստ datalex-ի՝ դատաքննության ընթացքում Ա. Սիմոնյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Տուժողն ու նրա ներկայացուցիչն էլ հայտարարել են, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ չունեն, խնդրել են նրան քրեական պատասխանատվության չենթարկել: Դատարանն իր վճռում նշել է, որ Ա. Սիմոնյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգմանքներ չկան: Որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են դիտվել իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը, առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելը, նախկինում դատապարտված չլինելը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Ա. Սիմոնյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք 100.000 դրամի չափով:
Նշենք, որ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց: Մինչ այդ այն կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում: