Բաժիններ՝

Թուրք պատգամավորները Դավութօղլուին մեղադրել են Ադրբեջանի շահերին դավաճանելու մեջ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երկրի ԱԳՆ-ի 2014 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ արժանացել է խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր հիմնական ուժերի՝ «Ժողովրդա-հանրապետական» (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների ներկայացուցիչների քննադատություններին՝ կապված Երևան այցելելու հետ:

Թուրք պատգամավորները Դավութօղլուից պահանջել են պատմել Երևան կատարած նրա այցի նպատակների և հայերի հետ «ձեռք բերված» գաղտնի պայմանավորվածությունների մասին:

ԱՇԿ-ի պատգամավորներից Թողրուլ Թյուրքեշը Դավութօղլուից պարզաբանում է պահանջել ԼՂ-ին հարակից երկու շրջանների վերադարձման շուրջ բանակցությունների և Թուրքիայի կողմից 1915 թվականի իրադարձություններում սեփական մեղքն ընդունելու մասին հայտարարության կապակցությամբ:

Ի պատասխան՝ Դավութօղլուն հիշեցրել է, որ պատգամավորի հայր Ալփարսլան Թյուրքեշը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հանդիպել և բանակցություններ է վարել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. «Ես չեմ կարծում, թե ձեր հայրը սխալ քայլ է արել: Միևնույն ժամանակ սխալ չեմ համարում իմ կատարած այցը Երևան»:

ԺՀԿ-ական պատգամավոր Օսման Քորութուրքն իր հերթին Դավութօղլուից պահանջել է, որ երկրի ԱԳՆ-ը Հայաստանի հետ վարի թափանցիկ բանակցություններ և բանակցությունների արդյունքների մասին զեկուցի հասարակությանը: Քորութուրքն Ահմեթ Դավութօղլուին անվանել է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ վատթարագույն արտգործնախարար:

Նա հայտարարել է. «Հայաստանի հետ բանակցություններ վարելը հանցագործություն չէ: Հանցագործությունն Ադրբեջանի շահերին դավաճանելն է և Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում հայ-թուրքական սահմանը բացելը: Ինձ զարմացնում է  այն, որ դուք, հանդիսանալով արտգործնախարար, չեք նկատում նման պարզ բաները»:

Հիշեցնենք, որ ԱՇԿ խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալն էլ Դավութօղլուին մեղադրել էր թուրք ազգի անցյալը վաճառելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս