
Դավութօղլուին մեղադրել են թուրք ազգի անցյալը վաճառելու մեջ՝ կապված երևանյան այցի հետ

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը թուրքական մամուլի բնորոշմամբ հանդես է եկել շոկային հայտարարությամբ:
Վուրալը մեղադրանքներ է հնչեցրել արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հասցեին, ով դեկտեմբերի 12-ին այցելել էր Երևան: Վուրալն ընդգծել է, որ Դավութօղլուն խոսել է «հայկական բերանով», երբ ասել է, որ 1915 թվականի տեղահանությունն անմարդկային էր:
Վուրալի խոսքերով՝ Դավութօղլուն փոխանակ բացատրի, թե ինչ պայմաններում է իրականացվել տեղահանությունը և պաշտպանի երկրի շահերը, վաճառում է թուրք ազգի անցյալը. «(Իշխող) «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պատրաստվում է ճանաչել (Հայոց) ցեղասպանությունը:
Թուրքիան արդեն հրաժարվել է պաշտպանվելուց և հանձնվելու շեմին է: Կարծում եմ, որ ԱԶԿ-ն հողեր հանձնելու նախագծի շեմին է: Նա 200.000 հայերի կբերի երկիր և նրանց կտրամադրի հողեր»: