Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը կարգալույծ է հռչակվել՝ «ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար:
Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի հարցը քննության է առնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գործող Կարգապահական հանձնախմբի կողմից և ներկայացվել կարգալուծության:
Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Արմեն Խաչատրյան ավազանի անունով:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա օգոստոսին նախկին աբեղան գրել էր, որ տևական ժամանակ իր նկատմամբ անտեղի հալածանքներ են կիրառվել: «Իմ նկատմամբ դեռեւս ճեմարանից ձեւաւորուած եւ ապա միաբանական կեանքում ընդգծուած խիստ կողմնապահութիւնը, անբարեացակամ ու անհանդուրժող վերաբերմունքը, կապուած իմ հոգեւոր նկարագրի եւ աշխարհայեացքի հետ, ինձ մղեցին դառը յուսախաբութեան, գայթակղութեան, ինքնամեկուսացման եւ անելանելի կացութեան: Վերոյիշեալ խնդիրների առընչութեամբ քանիցս հանգամանօրէն զեկուցագրել եմ Ձերդ Սրբութեանը Յունուար 11, 2013, Փետրուար 14, 2013 եւ Յունիս 22, 2013 թուակիր նամակներով, սակայն հակառակ սպասուածին` գէթ իմ հարցով որեւէ դրական լուծում այդպէս էլ չարձանագրուեց»,-գրված էր նամակում:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամն այս կապակցությամբ ասել էր, որ Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի վարքում թերացումներ են հայտնաբերվել և նա գտնվում էր պատժաշրջանում: «Ինչպես նախկինում, այնպես և վերջին շրջանում Հայր Եղիան իր հոգևոր ծառայության մեջ թերություններ էր արձանագրել, վարքի հետ կապված խնդիրներ կային, ինչի պատճառով նա գտնվում էր պատժաշրջանում: «Ինչպես նախկինում, այնպես և վերջին շրջանում Հայր Եղիան իր հոգևոր ծառայության մեջ թերություններ էր արձանագրել, վարքի հետ կապված խնդիրներ կային, ինչի պատճառով նա գտնվում էր պատժաշրջանում: Պատժից խույս տալու համար հիվանդության պատրվակով Հայր Սուրբը հեռացել էր Մայր Աթոռից»,- ասել էր Տեր Վահրամը և ավելացրել, որ Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի կողմից հարապարակված հրաժարական նամակը հանձնվել է Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովին ի քննություն: