«Ես կորցրել եմ իմ բալային, ուզում եմ՝ պատիժը կրի արժանի ձևով». սպանված աղջկա մայր
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատաքննությունը: Քրեական գործով ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն իրեն մեղավոր չճանաչեց Մարիամ Հունանյանի սպանության և բնակարանն այրելու մեջ: Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, վերջինիս խնդրել է փակել աչքերը, և իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը: Մ. Հունանյանը տեղում մահացել է: Դ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով իր կրակայրիչով հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը:
Դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Դավիթ Բալայանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց գործով ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նախաքննության ընթացքում դատավոր Դավիթ Բալայանը քննել է Դավիթ Թամրազյանի կալանավորումը երկարացնելու մասին միջնորդությունը և բավարարել այն: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի արգելում դատավորին՝ քննել գործը, եթե այդ դատավորը կալանքի երկարացման հարց է քննել, սակայն դա, իր կարծիքով՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Դատավոր Դավիթ Բալայանը մերժեց Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է:
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա Հայկ Խաչատրյանը: Նա ասաց, որ աշխատում է Ռազմական ոստիկանությունում, բայց երբեմն նաև տաքսի է վարում: Ըստ վկայի՝ դեպքի օրը՝ մայիսի 7-ին, ինքը տաքսի է վարել և «Հին Ջրվեժ» ռեստորանից հաճախորդի է տեղափոխել, սակայն, քանի որ մութ է եղել, ինքը դեմքը չի հիշում: «Եթե աղջիկ լիներ, մեկումեջ կնայեի»,- ասաց վկան: Նա պնդեց նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներն ու ասաց, որ «տեր է» դրանց: Վկայի այս հայտարարությանը դատավոր Դավիթ Բալայանն արձագանքեց, թե տերը ո՞րն է, վկան չի ամուսնանում: Դատական նիստի ընթացքում հնչեցին հարցեր նաև վկայի պետական աշխատավարձի մասին, այն մասին, թե ինչպես է վկան ստացած աշխատավարձով պահել ընտանիքը: Վկայի հարցաքննության ընթացքում Նիկոլայ Բաղդասարյանն առարկեց՝ նշելով, որ դատարանում հնչեցվում են «ձեռ առնող» հարցեր:
Տուժողի իրավահաջորդ Նարինե Վարդանյանը դատարանում պատմեց, որ աղջիկը՝ Մարիամ Հունանյանը և գործով ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը միասին են աշխատել, որոշ ժամանակ անց դուրս են եկել աշխատանքից, բայց հեռախոսով շփվել է Դ. Թամրազյանի հետ: Նարինե Վարդանյանն ասաց, որ աղջիկն իրեն պատմել է՝ Դավիթն իրեն ծանոթացրել է մի աղջկա հետ, ում հետ իր դուստրը վիճել է: Տուժող Մարիամ Հունանյանի մոր խոսքով՝ դեպքի օրը՝ մայիսի 7-ին, խոսել է աղջկա հետ, նրա հետ ամեն ինչ կարգին է եղել: Ժամը տասնմեկին արդեն աղջկա հեռախոսն անջատված է եղել: «Ես կորցրել եմ իմ բալային, ուզում եմ՝ պատիժը կրի արժանի ձևով»,- ասաց Մարիամ Հունանյանի մայրը: Նա առաջարկեց, որ իր աղջկան սպանողին ցմահ ազատազրկման դատապարտեն:
Գործով տուժող Լուսինե Գալստյանը, ում բնակարանում վարձակալությամբ ապրել է Մարիամ Հունանյանը, դատարանում ասաց, որ Մարիամ Հունանյանն իր բնակարանում ապրել է մոտ վեց ամիս: Լուսինե Գալստյանի խոսքով՝ ինքը նախապես իմացել է, որ իրեն պատկանող բնակարանում բնակվել է երկու անձ, դեպքից հետո միայն նրան հայտնի է դարձել, որ իր բնակարանում երեք անձ է բնակվել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թվականի հունվարի 10-ին: