«Ցանկանում եմ ընտանիք կազմել, աշխատել, հասնել հաջողությունների, այնինչ այստեղ խորտակում եմ իմ կյանքը և ապագան». նամակ քրեակատարողական հիմնարկից
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժել է դատապարտյալ Ռուբեն Ամատունուն պայմանական վաղաժամկետ ազատել: Այս մասին «168 Ժամին» ուղղված նամակում հայտնել է դատապարտյալը: Նա նշել է, որ հանձնաժողովը մերժումը պատճառաբանել է նրանով, որ Քրեական օրենսգրքի հոդվածը, որով ինքը դատապարտվել է, ծանր է, և ինքը դեռ 3 տարի 3 ամիս պետք է պատիժ կրի:
«Իմ ազատումը մերժել էին առաջին անգամ հուլիսի 31-ին, իսկ հիմա՝ արդեն 2-րդ անգամ հոկտեմբերի 31-ին: Երկու անգամ էլ՝ նույն պատճառաբանությամբ և հաշվի չառնելով, որ չունեմ նախկին դատվածությունը, տույժ, հսկում, հաշվառում, քաղաքացիական հայց, այն, որ արժանացել եմ երկու խրախուսանքի, մասնակցում եմ բոլոր հանրօգուտ միջոցառումներին, խնամքիս տակ է գտնվում ծեր, միայնակ, սրտային հիվանդ, 2-րդ կարգի հաշմանդամ մայրս, ով հիմա գտնվում է շատ ծանր վիճակում: Ես, կրելով իմ պատիժը՝ գործող օրենքների պահանջներին համապատասխան, դրսևորելով պատշաճ, լավ վարքագիծ, լինելով աշխատասեր, կարգապահ, արժանանում եմ դաժան և անըմբռնելի վերաբերմունքի, իմ հետ համատեղ պատիժ կրող շատ դատապարտյալներ զարմանք են արտահայտում իմ չազատվելու կապակցությամբ, այսինքն՝ միևնույն է, կարգապա՞հ ես, թե՞ ոչ, վաղաժամկետ պայմանական չես ազատվում, եթե դատապարտված ես 175, 176, 112հոդվածներով կամ այլ նման հանցագործությամբ (ավազակություն, կողոպուտ, մարմնական վնասվածք առողջությանը պատճառելը), այսպիսի վերաբերմունքի արժանացող հոդվածները կարելի է բավականին երկար թվարկել: Այս ամենը տեսնելով՝ շատ դատապարտյալներ ձեռք են բերում հոգեկան շեղումներ, կորցնում են իրենց հավատը արդարության, օրենքների միահավասարության նկատմամբ, և տեսնելով, որ կարգապահ, ըստ օրենքի բոլոր տարրերի պատիժ կրող դատապարտյալներին նույնպես չեն ազատում վաղաժամկետ պայմանական, թողնում են ուղղման ճանապարհը, չեն մասնակցում հանրօգուտ միջոցառումներին և աստիճանաբար մղվում են դեպի հանցավոր աշխարհի հորձանուտ: Դատապարտյալների մյուս մասը բոլոր ատյաններին դիմելուց հետո հուսահատվում է և նույնպես ձեռք է բերում հոգեկան շեղումներ՝ իրենց իրավունքների ոտնահարման հետևանքով: Հայաստանի Հանրապետությունում առկա իրավապաշտպան անհատները և կազմակերպությունները տանում են նեյտրալ քաղաքականություն, լիարժեք չեն գործում և չեն կարողանում միջամտել կատարվող օրինախախտումներին: Նույն օրինակին է հետևում նաև Մարդու իրավունքների պաշտպանը:
Ես հիմա գտնվում եմ հուսահատ, հուսալքված, անօգնական վիճակում, և իմ նման նույն վիճակում են գտնվում շատերը, և մենք չգիտենք՝ ում դիմենք և ինչպես լուծենք այս խնդիրը: Մենք՝ հայերս, ունենք ամենավատ պայմանների և անօրինականությունների հետ հաշտվելու և ձայն չբարձրացնելու սովորություն (հատկանիշ), ինչի հետևանքով էլ միշտ խախտվում են մեր իրավունքները, և մենք միշտ գտնվում ենք զոհի, այն էլ՝ ձայնազուրկ զոհի կարգավիճակում, սակայն ես չեմ կարող այլևս լռել՝ տեսնելով այս անարդարությունը, ենթարկվելով բարոյահոգեբանական խոշտանգումների, ինչը վաղաժամկետ պայմանական ազատման չկիրառման հետևանք է: Ես չեմ կարող հաշտվել ինձ հասանելիք վաղաժամկետ պայմանական ազատումից ինձ անօրինական զրկելու մտքի հետ, ես հիմա պետք է գտնվեի ազատության մեջ, լիեի մորս կողքին, ով իմ կարիքը հիմա շատ է զգում, ես իմ վարքով և աշխատանքով վաստակել եմ վաղաժամկետ ազատման իրավունքը, ցանկանում եմ ընտանիք կազմել, աշխատել, հասնել հաջողությունների, այնինչ այստեղ խորտակում եմ իմ կյանքը և ապագան: Ես ահազանգում եմ «SOS»՝ դիմելով մեր կառավարությանը, հոգևոր հայրերին, հասարակությանը՝ խնդրելով միջամտել այս հարցին՝ օգնելով ինձ և ոչ միայն՝ ինձ: Ես խնդրում եմ իմ այս դիմում-խնդրագիրը լուսաբանել բոլոր հնարավոր լրատվական միջոցներով, և հուսով եմ, որ կան ազգասեր, արդարության կողմնակից մարդիկ, ովքեր օգնության ձեռք կմեկնեն ինձ՝ այս անօրինականությունները հաղթահարելու և օրինական իմ հասանելիք վաղաժամկետ պայմանականի կիրառմամբ ազատվելու և հասնելու մորս»,- ասված է դատապարտյալի նամակում: