Սիրիական ազատ բանակի հրամանատարը փախել է Սիրիայից. աղբյուր
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմության առաջնորդներից Սալիմ Իդրիսը հարկադրված է եղել լքել Սիրիան: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ «Իսլամական ճակատի» զինյալները գրավել են նրա հրամանատարական կետը, ինչպես նաև իր գլխավորած Սիրիական ազատ բանակի պահեստները:
Այս մասին պարբերականին հայտնել է նրա աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ Իդրիսը նախ փախել է Թուրքիա, ապա՝ Կատար: Աղբյուրն ընդգծել է, որ այդ իրադարձությունը հերթական անգամ վկայում է, որ Սիրիական ազատ բանակը զիջում է իր դիրքերն իսլամականներին:
Աղբյուրը հավելել է, որ դա էականորեն կխանգարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ հունվարին կազմակերպելու համար «Ժնև 2» կոնֆերանսը, որին պետք է մասնակցեն Սիրիայի վարչակարգի և զինյալների ներկայացուցիչները: «Իսլամական ճակատ» խմբավորումը Սիրիայում ստեղծվել է ոչ վաղ անցյալում:
Հիշեցնենք, որ «Իսլամական ճակատի» կողմից Թուրքիային սահմանակից գոտում Սիրիական ազատ բանակի հրամանատարական կետն ու զինապահեստները գրավելուց հետո Թուրքիան փակել է տվյալ հատվածում գտնվող «Ջիլվեգյոզուի» սահմանային անցակետը, իսկ ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքիայի տարածքով Սիրիական ազատ բանակին ոչ մահաբեր ռազմական օգնության ցուցաբերումը:



