
«Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզի նախագիծն արդեն մշակված է». Տիգրան Սարգսյան

Մաքսային Միությանն անդամակցելու՝ Հայաստանի մտադրության մասին նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո իշխանությունները ձեռնամուխ են եղել ճանապարհային քարտեզի մշակմանը: Այսօր արդեն, ինչպես պարզվում է, Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է։ Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մասնակցում էր «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո անցկացվող «Մարդու առողջությունը» 10-րդ ազգային գիտաբժշկական համաժողովին:
«Արդեն մշակված է «ճանապարհային քարտեզի» նախագիծը. աշխատանքային խումբը դեկտեմբերի 11-12-ին պիտի վերջնական քննարկի և եզրակացություն տա, թե ինչ խնդիրներ կան լուծված-չլուծված։ Դեկտեմբերի 12-ից հետո աշխատանքային խումբը կվերադառնա, և մենք ամբողջական պատկեր կունենանք ճանապարհային քարտեզի վերաբերյալ»,- ասաց նա: Նշենք, որ Ճանապարհային քարտեզը կքննարկվի չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով։