Բաժիններ՝

95 տարեկանում մահացել է Նելսոն Մանդելան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Յոհաննեսբուրգում՝ իր տանը, մահացել է ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան: Այս մասին հայտարարել է ՀԱՀ-ի գործող նախագահ Ջեյկոբ Զուման:

Հունիսի սկզբին Մանդելան հայտնվել էր հիվանդանոցում՝ կապված թոքերի շրջանում ունեցած խնդիների հետ: Սեպտեմբերին նրան դուրս էին գրել հիվանդանոցից, ինչից հետո նա գտնվել է իր տանը: Նոյեմբերին ՀԱՀ-ի կառավարությունը հաստատել էր, որ Մանդելան գտնվում է կայուն կրիտիկական վիճակում: Մանդելան 95 տարեկան էր:

Զուման հայտարարել է, որ երկրի բոլոր դրոշներն իջեցվելու են մինչև Մանդելայի հուղարկավորությունը: Նրա հուղարկավորությունը կազմակերպվելու է պետական մակարդակով՝ որպես ժողովրդի հայր: Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ իրենց ցավակցություններն են հայտնել ՀԱՀ-ի ղեկավարությանը:

ՀԱՀ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահ (1994-1999) Նելսոն Մանդելան ծնվել է 1918 թվականի հուլիսի 18-ին, Կունու գյուղում, թեմբու (կոսա) ցեղի ավանդական առաջնորդի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է մեթոդիստական եկեղեցու դպրոցում:

Կրթությունը շարունակել է Ֆորտ-Հեյրի համալսարանի քոլեջում (արվեստագետի մագիստրոսի դիպլոմ): Սովորել է Վիթվաթերսրանդի համալսարանում, իսկ 1988 թվականին Հարավային Աֆրիկայի համալսարանում ստացել է իրավական գիտությունների բակալավրի աստիճան:

1944 թվականին անդամակցել է Հարավային Աֆրիկայի Աֆրիկյան ազգային կոնգրեսին (ԱԱԿ)՝ ՀԱՀ-ի խոշորագույն կուսակցությանը, որը հանդես էր գալիս երկրի իշխանությունը սևամորթ բնակչությանը հանձնելու օգտին: Մանդելան հանդիսացել է ԱԱԿ-ի երիտասարդական լիգայի հիմնադիրներից ու ղեկավարներից մեկը:

1951 թվականին ընդունվել է Յոհաննեսբուրգի փաստաբանների կոլեգիայում: Օլիվեր Թամբոյի (հետագայում ԱԱԿ-ի ազդեցիկ գործիչ) հետ Յոհաննեսբուրգում բացել է սեփական իրավաբանական գրասենյակը:

1952 թվականին Մանդելան ԱԱԿ-ը գլխավորել է Տրանսվաալ նահանգում: Ռասայական խտրականության (ապարտեիդ) դեմ շարժմանն ակտիվորեն մասնացելու համար քանիցս ձերբակալվել է:

1964 թվականի հունիսի 12-ին «Ռիվոնիի գործընթացի» (Հարավային Աֆրիկայի ազատագրական շարժման 9 առաջնորդների նկատմամբ) որոշման համապատասխան, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ «կառավարության տապալման նպատակով զինված ապստամբություն նախապատրաստելու» համար:

Մինչև 1982 թվականը Մանդելան ազատազրկումը կրել է Ռոբբեն կղզու բանտում, ինչից հետո նրան տեղափոխել են Քեյփթաունի մոտ գտնվող «Փոլսմոոր» բանտը, իսկ 1988 թվականի դեկտեմբերին՝ Քեյփթաունից 50 կիլոմետր հեռավորության վրա ընկած Փարլ ավան՝«Վիկտոր Ֆերսթեր» բանտային համալիր:

1990 թվականի փետրվարի 11-ին 27-ամյա ազատազրկումից հետո ազատվել է բանտից: 1991 թվականի հուլիսի 5-ից մինչև 1997 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Մանդելան հանդիսացել է ԱԱԿ-ի նախագահը, իսկ 1994 թվականի մայիսի 9-ից մինչև 1999 թվականի հունիսի 16-ը՝ ՀԱՀ-ի նախագահը:

ՀԱՀ-ի պատմության մեջ առաջին ոչ ռասայական խորհրդարանական և Ազգային ասամբլեայի ընտրություններն անցկացվել են 1994 թվականի ապրիլի 26-28-ին: Ազգային ասամբլեայի առաջին նիստում Մանդելան միաձայն ընտրվեց երկրի ղեկավար:

ՀԱՀ-ի նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նա շարունակել է վարել հասարակական ակտիվ կյանք՝ հանդես գալով մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների անունից: 2005 թվականի հուլիսի 12-ից Մանդելան հանդիսանում է UNESCO-ի բարի կամքի դեսպան:

Նելսոն Մանդելան 1993 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակակիր է, նա ունի միջազգային տարբեր պարգևներ: Նա հիմնադրել է մի շարք հիմնադրամներ, այդ թվում նաև մանկական:

Հուլիսի 18-ը նշվում է որպես Նելսոն Մանդելայի միջազգային օր: Դա ՄԱԿ ԳԱ-ի կողմից հաստատվել է 2009 թվականի նոյեմբերին՝ որպես խաղաղության ու ազատության հարցում Մանդելայի ունեցած ներդրման ճանաչման նշան:

Նելսոն Մանդելան ամուսնացել է երեք անգամ՝ վերջին դեպքում Գրասա Մաշելի հետ, ով հանդիսացել է ավիաաղետի ժամանակ զոհված Մոզամբիկի նախագահ Սամորա Մաշելի այրին: Մանդելան ունի ավելի քան 40 թոռ և ծոռ:

Մանդելան հեղինակ է մի շարք գրքերի, այդ թվում նաև «Երկար ճանապարհ դեպի ազատություն» (1994), «Խոսակցություններն ինքդ քեզ հետ» (2010): Իր կյանքի վերաբերյալ Մանդելան հայտարարել է.

«Ես պայքարել եմ սպիտակամորթների գերիշխանության դեմ, և ես պայքարել եմ սևամորթների գերիշխանության դեմ: Ես պաշտպանում էի ժողովրդավարական ազատ հանրության ստեղծման իդեալը, որում բոլոր մարդիկ կապրեն միմյանց հետ համաձայնության մեջ և որում բոլորը կունենան հավասար հնարավորություններ: Դա այն իդեալն է, հանուն ինչի ես ապրում եմ, և որին հուսով եմ հասնել: Եթե անհրաժեշտ լինի, ես պատրաստ եմ դրա համար մահանալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս