Բաժիններ՝

Քանի որ մենք 10 միլիոն դոլարի պոտենցիալ ներդրողներ ենք, ակնկալում ենք պատշաճ ուշադրություն. Բուզանդի բնակարանատերերը՝ կառավարությանն ու քաղաքապետին

Ս.թ. նոյեմբերի 28-ին կառավարությունը հավանություն տվեց ՝ Երևան քաղաքի Փ. Բուզանդի փ. 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած մոտ 110 անձանց բավարարում տրամադրելու որոշմանը։ Տվյալ հասցեի բնակիչները օրեր առաջ հայտարարեցին, որ Կառավարության այդ որոշումը ի վնաս իրենց է, քանի որ առաջարկվում է կատարել հավելավճար՝ բնակիչներին դնելով անհարմար վիճակի մեջ: Այս խնդրի հետ կապված՝ Բուզանդի փ. 13-21 հասցեի նախնական առուվաճառքի պայմանագիր ունեցող քաղաքացիները ժողով էին կազմակերպել Կոնգրես հյուրանոցում, որին մասնակցում էր ապագա բնակիչների 70%-ը։ Մնացածի բացակայությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հիմնական մասը արտերկրի բնակչիչներ էին և տվյալ պահին Հայաստանում չէին։
Եվ այսպես, Փավստոս Բյուզանդի փողոցի 13-21 հասցեներում կառուցապատվող «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի հետ նախնական առուվաճառքի պայմանագիր ունեցող քաղաքացիները ժողովի ընթացքում ուսումնասիրել են «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի կառավարությանը ներկայացրած առողջացման նախագիծը: Ի հայտ են եկել մի շարք հարցեր, որոնց պատասխանները կառավարության որոշման նախագծի մեջ հստակ արտացոլված չեն: Նախագծում առկա են թերություններ, ոչ լիարժեք լուսաբանված կետեր, որոնք հետագայում բազմաթիվ խնդիրներ կարող են առաջացնել «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի հետ նախնական պայմանգրերի կնքման փուլում:
Վեր հանված խնդրահարույց կետերն ու դրանց լուծման առաջարկները ժողովի մասնակիցները ներկայացրել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երևանի քաղաքպետ Տ. Մարգարյանին և «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահե Պետրոսյանին։
«Հարգելի պարոնայք, քանի որ մենք հանդիսանում ենք, ըստ նախագծի, 10 000 000 ԱՄՆ դոլար գումարի պոտենցիալ ներդրողներ, որից մոտ 2 500 000 ԱՄՆ դոլար կատարվում է կանխավճարի տեսքով, խնդրում ենք մեր առաջարկություններին ցուցաբերել պատշաճ ուշադրություն և մոտենալ ըմբռնումով»,- նշել են ժողովի մասնակիցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս