Գազ՝ իշխանության դիմաց
Երեկ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ գազի գնի վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք անուղղակիորեն բացահայտել են գազի գնի շուրջ ստեղծված թնջուկը և, ամենակարևորը՝ տվել են այն հարցի պատասխանը, որն արդեն երեք օր հետաքրքրում է բոլորին՝ որտեղի՞ց է առաջացել 155 մլն դոլար պարտքը, որի դիմաց «ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարության բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը փոխանցվեց «Գազպրոմին»:
«Այս բանակցությունները սկսվել են 2011 թվականից, և այդ ժամանակվանից միշտ ասել եմ, որ գազի գինը մեր երկրում մեր սպառողի համար չի փոխվելու: Զուգահեռաբար բանակցություններ են ընթացել ռուսական կողմի հետ՝ գազի գները ֆիքսելու ավելի երկարատև ժամանակաշրջանի համար, որովհետև ամեն տարվա փոփոխությունները բավական ծանր վիճակ են ստեղծում հանրապետության համար: Բանակցություններն ավարտվեցին այս տարի, և պայմանավորվածությունը մինչև 2018 թվականն է:
Այս ընթացքում այն լրացուցիչ բեռը, որն առաջանում է «ՀայՌուսգազարդի» վրա, կազմում է շուրջ 1.1 միլիարդ դոլար, որից 600 միլիոն դոլարն այսօրվանից մինչև չորս տարի անց պետք է առաջանար: 300 միլիոն դոլար պարտքն առաջացել է ապրիլի 1-ից առ այսօր»,- հայտարարել է Արմեն Մովսիսյանը՝ ավելացնելով, թե ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը հասել է նրան, որ 300 միլիոն դոլար առաջացած պարտքի մոտավորապես կեսը վճարելու է ՀՀ-ն, մյուս կեսը՝ իրենք:
«Իսկ այսօրվանից մինչև 2018 թվականը, այն բեռը, որ պետք է առաջանար ՀՀ սպառողների վրա, որը 1000 խմ կտրվածքով կազմում էր 80 դոլար, ռուսական կողմն ուղղակի ազատում է դրանից»,- ասել է Ա. Մովսիսյանը:
Արմեն Մովսիսյանն, իհարկե, չի դավաճանել վերջին տարիների իր գործելաոճին՝ գազի գնի վերաբերյալ խոսել այնպես, որ հնարավորինս դժվար լինի հասկանալ իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը 2011թ.-ից գազը գնել է թանկ գնով, սակայն այդ մասին հայտարարվել է միայն 2013թ. ամռանը, քանի որ մինչ այդ Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները, որոնցից առաջ գազի թանկացման մասին հայտարարելը կարող էր սոցիալական լուրջ բողոք առաջացնել և իշխանությանը թույլ չտալ վերարտադրվել:
Այլ կերպ ասած, այս գործարքով Ռուսաստանն անուղղակիորեն ֆինանսավորել է Հայաստանի իշխանությունների վերարտադրությունը, ինչի համար էլ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցվեց «Գազպրոմին»: Իսկ Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, որ գազի գինն անփոփոխ է մնալու մինչև 2018թ., վկայում է այն մասին, որ ռուսներն այդպիսով «ֆինանսավորում» են գործող իշխանության պահպանումը՝ մինչև հաջորդ նախագահական ընտրություններ:
Իսկ դա նշանակում է, որ 2018-ից հետո գազի գնի փոփոխությունը կրկին կախված կլինի նրանից, թե որքանով նոր իշխանության ձևավորման մեջ «մասնակցություն» կունենա Ռուսաստանը: Ի դեպ, 600 միլիոն դոլարը, որն, ըստ Ա. Մովսիսյանի, պետք է գոյանար առաջիկա չորս տարիներին, համապատասխանում է գազի սուբսիդավորման համար պահանջվող գումարին, որը հայտարարում էին իշխանությունները՝ տարեկան 150 մլն դոլար: