«Վիկիլիքսը» բացահայտում է Միացյալ Նահանգների գաղտնի զեկույցն ամերիկահայերի վերաբերյալ
Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե Ամերիկայի հայկական համայնքն ինչպես է դիտարկվում օտարների կողմից: Այդ պատկերն ավելի գրավիչ է դառնում, երբ գնահատականը տրվում է ամերիկացի դիվանագետի կողմից մի ներքին զեկույցում:
«Վիկիլիքսը» մեծ թվով ամերիկյան կառավարական գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, այդ թվում` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հեռագրերն ուղղված Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին: Այդ զեկուցագրերից մեկը, 2009 թվականի նոյեմբերի 17-ի թվագրությամբ, դեսպան Մարի Յովանովիչի «գաղտնի» զեկույցն է, որն ընդգրկում է 2009 թվականի նրա շրջայցը` Լոս Անջելես, Բոստոն, Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ:
Ահա դեսպանի զեկույցի որոշ ուշագրավ հատվածներ` «Սփյուռքի համայնքների ներգրավման փորձը. Հայաստան» վերնագրով.
1. Հայ Առաքելական եկեղեցու թեմը «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իշխանության ներքո է», մինչդեռ Կիլիկիո Առաջնորդարանը «ճանաչում է Հայոց կաթողիկոսի իրավասությունը, որը գտնվում է Անթիլիասում, Լիբանան: Սա միայն վարչական նպատակներով է, սակայն, Կիլիկիո Առաջնորդարանը ճանաչում է Հայաստանի Էջմիածնի Կաթողիկոսի աստվածաբանական գերակայությունը: Կիլիկիո Առաջնորդարանը կապված է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ)/դաշնակների հետ. այն հիմնադրվել է 1890 թվականին և կազմում է Ամերիկայի հայկական համայնքի երեք խոշորագույն հատվածներից մեկը և իր բնույթով պահպանողական է»: Զեկույցում բացատրվում է, որ «ՀՅԴ-ն/դաշնակները երկու նպատակ ունեն. 1915 թվականի հայերի ջարդերը Թուրքիայում որպես ցեղասպանություն ճանաչումը և արևելյան Թուրքիայում ավանդական հայկական տարածքների վերականգնումը»: Վստահաբար կարելի է ասել, որ Թուրքիայի կառավարությանը դուր չի գա, որ ամերիկյան դիվանագետը Թուրքիայի հատվածները ներկայացրել է որպես «ավանդական հայկական տարածքներ»: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ ՀՅԴ-ն «աջակցում է կանանց օժանդակ միությանը հայտնի որպես Հայ օգնության միություն (ՀՕՄ), ի լրումն երիտասարդական և մշակութային միություններին և ԱՄՆ-ում գործեղ խոշոր լրատվամիջոցներին, ներառյալ` թերթեր, ռադիո և հեռուստատեսություն»:
2. Զեկույցում ամերիկահայ կաթոլիկները ներկայացված են որպես «ամենափոքր կրոնական դավանություն…. Հայ կաթոլիկ եկեղեցին աջակցում է քիչ թվով դպրոցների և մանկատների, բայց գրեթե ոչ մի գործունեություն չի ծավալում Հայաստանում»:
3. «Հայ բողոքական համայնքը համարվում է ամենահին հայկական համայնքը Միացյալ Նահանգներում և այդ համայնքի անդամները շատ ակտիվ են իրենց` Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությամբ»:
4. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը» (ՀԲԸՄ) հիմնադրվել է 1906 թվականին, երկրորդ խոշոր հատվածն է և ամենամեծ բարեգործական կազմակերպությունը հայկական համայնքում…. Նրանք կապված են Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) հետ, նաև հայտնի են որպես ռամկավարներ, որն ակտիվ է (բայց լուսանցքային) Հայաստանում, Սփյուռքի ամերիկյան համայնքում և Միջին Արևելքում, ինչպես Լիբանանում»:
5. «Հնչակները կամ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երրորդն է հայկական համայնքի քաղաքական կազմակերպությունների խմբում և ամենասակավաթիվը: Այն գործում է որպես քաղաքական ակումբ Կալիֆորնիայում և հրատարակում է շաբաթաթերթ»:
6. Զեկույցում թվարկվում են նաև «անկախ կազմակերպություններ, որոնք քաղաքական բնույթ չունեն», ինչպես Ամերիկայի հայկական համագումարը [ԱՀՀ], Լինսի հիմնադրամը, Գաֆեսչյան հիմնադրամը և Թուֆենկյան հիմանդրամը: Հետաքրքիր է, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) տեղադրված է այս կատեգորիայում, չնայած որ զեկույցն ընդունում է, որ Հայ Դատի հանձնախումբը «ընդհանուր առմամբ ճանաչվում է որպես դաշնակցականների լոբբիստական կազմակերպություն»:
7. Զեկույցը մարդասիրական խմբում ընդգրկել է Հայ օգնության ֆոնդը, «Հայաստան» համահայկական հիմադրամը, Հայաստանի մանուկների հիմնադրամը, Ջինիշյան հիմնադրամը, Հայկական ակնաբուժական ծրագիրը և Հայաստանի ծառատունկ ծրագիրը, սակայն չի նշում Միացյալ հայկական հիմնադրամի մասին, որը 700 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստան 1988 թվականի երկրաշարժից ի վեր:
8. Դեսպան Յովանովիչը Հայաստանի սփյուռքի նախարարությունը և Ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնում է որպես Հայաստանի կառավարության կողմից Սփյուռքի հետ կապ հաստատելու օրինակներ:
9. Զեկույցում հայկական Սփյուռքը քննադատվում է «Հայաստանում ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների և քաղաքացիական հասարակության զարգացմանը» չաջակցելու համար: Սակայն, այնտեղ նշվում է, որ ամերիկահայերը ֆինանսական օժանադակություն են ցուցաբերում երկու վերլուծական կենտրոնների՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին և Սիվիլիթաս հիմնադրամին:
Դեսպան Յովանովիչի զեկույցի առավել հետաքրքիր բաժինը վերաբերում է Հայ-թուրքական արձանագրություններին: Նա պնդում է, որ ամերիկահայ կազմակերպությունները «սևեռուն ուշադրություն են դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության որոշումներին և արագորեն համախմբում են իրենց աջակիցներին ընդդեմ Հայաստանի կառավարության, եթե Սփյուռքի խմբերը գտնում են, որ կառավարությունը չի գործում Հայաստանի լավագույն շահերից ելնելով: Շատ խմբեր դեմ են հանդես եկել կառավարության տարածաշրջանային հաշտեցման ջանքերին, այն հիմնավորմամբ, որ նման հաշտեցումը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղի եռացող հակամարտության լուծումը կամ ճանաչում, որ Օսմանյան կայսրությունն իրագործել է 1915 թվականի ցեղասպանությունը: Այլ կազմակերպություններ, ինչպիսիք են Ամերիկայի հայկական համագումարը և ՀԲԸՄ-ը, հրապարակայնորեն աջակցել են կառավարության քաղաքականությանը, ուղղված տարածաշրջանային համագործակցությանն ու Կովկասում Հայաստանի մեկուսացմանը վերջ դնելուն: 2009 թվականի սեպտեմբերին, ԱՀՀ-ը, ՀԲԸՄ-ը, Արևելյան և Արևմտյան թեմերի եկեղեցիները և ռամկավարները հանդես եկան հայտարարությամբ, որով աջակցում էին նախագահ Սարգսյանի` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արտաքին քաղաքականությանը»:
Չնայած դեսպանի զեկույցը պարունակում է հետաքրքրական տեղեկություններ, սակայն այն ճշգրիտ և համապարփակ ձևով չի բնութագրում ամերիկահայ համայնքի ողջ պատկերը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի