Երկու էկրանով ռուսական սմարթֆոնը հանվել է վաճառքի
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական Yota Devices ընկերությունն այսօր հայտարարել է իր մշակած Yota Phone սմարթֆոնի վաճառքը սկսելու մասին: Այդ բջջային հեռախոսի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ունի երկու էկրան: Yota Phone-ն արժե 19.990 ռուբլի:
Պլանավորված է դեկտեմբերին սկսել նաև սմարթֆոնի վաճառքն արտերկրում: Դա առաջին հերթին վերաբերում է եվրոպական երկրներին (Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա ու Ֆրանսիա), ուր այն արժենալու է 499 եվրո: Առաջին էկրանը սենսորային է, իսկ երկրորդը՝ ոչ, սակայն նրա տակ գտնվում է սենսորային պանել:
Հետնամասի սև-սպիտակ էկրանը մշտապես միացված է, այն էներգիա է ծախսում միայն նկարներ թարմացնելիս: Դրանով կարող են ընթերցել նորություններ, սոցցանցերի թարմացումներ, SMS-ներ ու էլեկտրոնային գրքեր: Բացի այդ, երկրորդ էկրանով օգտատերը կարող է սքրինշոթ անել առաջին՝ գունավոր էկրանից:
Երկրորդ էկրանով հնարավոր չէ գործարկել բոլոր հավելվածները: Սմարթֆոնի սև-սպիտակ էկրանի համար տեղադրվել են մի շարք ծրագրեր, ինչպիսիք են MapsWithMe-ի քարտեզները, Bookmate գրքային հավելվածը, Lingvo բառարանը, սոցցանցերը (Facebook, Twitter և ВКонтакте) կարդալու հավելվածը:
Yota Phone-ի առավելագույն հաստությունը կազմում է 9.99 միլիմետր, այն կշռում է 146 գրամ: Հեռախոսն օժտված է Snapdragon 8960 երկմիջուկ պրոցեսորով, 2 գիգաբայթ օպերատիվ և 32 գիգաբայթ ներքին հիշողությամբ, երկու տեսախցիկով (1 և 13 մեգապիքսել):
Մարտկոցի հզորությունը կազմում է 1800 միլիամպեր/ժամ: Դա բավական է 3G ցանցերում 15 ժամ խոսելու կամ էլ երկրորդ (սև-սպիտակ) էկրանով 50 ժամ գիրք ընթերցելու համար: Երկու էկրանի անկյունագիծը կազմում է 4.3 դյույմ: