Բաժիններ՝

ՀՀ-ում կլինեն կլիմայի փոփոխությունների նկատմամբ ավելի դիմացկուն անտառներ

Դեկտեմբերի 2-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագիրն ամփոփեց մինչև այժմ կատարված աշխատանքի արդյունքները:

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է WWF (Բնապահպանության համաշխարհային հիմնադրամ) հայաստանյան մասնաճյուղի կողմից և ուղղված է անտառների կայունության բարձրացմանը կլիմայի փոփոխության նկատմամբ: Ծրագրի երկու պիլոտային տարածքները (ընդհանուր 150 հա) գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում` համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերում: Աշխատանքների արդյունքում դրանք կվերածվեն ավելի կայուն և բնականին մոտ անտառների: Տարածքների ցանկապատումն ավարտվել է 2012թ.-ի վերջում: Անտառի տրանսֆորմացիայի գործողությունները սկսվել են նույն ժամանակ՝ 2012թ.-ի աշնանը, և կավարտվեն 2014թ.-ի գարնանը: Դրանք իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից:

2011 թ.-ի դեկտեմբերին Բնության համաշխարհային հիմանդրամ Հայաստանի և Հայանտառի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ ընտրված պիլոտային տարածքներում միատարր անտառային ծառուտները տրանսֆորմացիայի ենթարկելու վերաբերյալ: Երկու պիլոտային տարածքներում ընդհանուր նախատեսվում է ցանել ավելի քան 1700 կգ կաղնու սերմ և տնկել ավելի քան 195 000 տնկի և սերմնաբուսակ: Նախատեսնվում են նաև համապատասխան խնամքի գործողություններ: 2012-2013թթ.-ի ընթացքում իրականացվել են տեղական համայնքերի իրազեկության բարձրացման  միջոցառումներ Լեռնանցք, Սարամեջ և Կողբ համայնքերում:

Հանդիպմանը ներկա Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ  Ջոն Բարքերը նշեց, որ այս ծրագիրը Եվրամիության կողմից ֆինանասավորվող տարածաշրջանային 10 ծրագրերից մեկն է, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը: «Անտառները մեծ դեր են խաղում կլիմայի փոփոխության հարցում: Դրանք կամ օգնում են թեթևացնել հետևանքները, իսկ եթե ճիշտ չեն կառավարվում, ավելի են նպաստում կլիմայի փոփոխությանը: Հենց այդ պատճառով մենք ընտրեցինք հենց այս ծրագիրը»,- ասաց Ջոն Բարքերը:

Հանդիպմանը ներկա Բնության համաշխարհային հիմնադրամ Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Լիխտենբերգերն իր ելույթում նշեց, որ աշխարհում առանձնացվել է 35 թեժ կետ, այդ թվում՝ Հարավային Կովկասը: Կովկասում վտանգված են հենց անտառները, և շատ բուսատեսակներ անհետացման եզրին են:

Մասնակիցներին ցուցադրվեցին իրականացված դաշտային գործողությունների արդյունքները՝ ուղղված մեղմացնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը և բարելավելու կենսաբազմազանությունը, ինչպես նաև տեղի բնակչության ապրելամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս