Հայաստանից «անկախ» է կատարվել. Բարսեղ Բեգլարյանը՝ Ռուսաստանին տնտեսապես ինտեգրվելու մասին
«Եթե մենք մեր անվտանգությունը կապել ենք Ռուսաստանի հետ, ուզենք թե չուզենք, պարտավոր ենք որոշ առումով ՌԴ-ին ինտեգրվել նաև տնտեսական հարցերով: Բայց որոշ առումով… Հիշեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը տնտեսական առումով ավելի ձեռնտո՞ւ է Հայաստանին, քան Եվրոպան: Ըստ նրա՝ այն, որ Հայաստանը տնտեսական կապերով էլ պետք է միանա Ռուսաստանին՝ ՀՀ-ից «անկախ» է կատարվել. «Ու մեզանից անկախ է դա տեղի ունենում: Այլ խնդիր է, որ մեր անվտանգությունը կապել միայն Ռուսաստանի հետ, այդքան էլ գուցե ճիշտ չէ: Այստեղ էլ դիվերսիֆիկացիա է պետք: Բայց դե, կյանքն այդպես է, դա գալիս է գուցե հնուց՝ դեռևս անկախացումից հետո: Սա մեզնից անկախ է տեղի ունեցել»:
Մեր հարցին, թե Հայաստանը սուվերենությունից ամբողջապես չի՞ զրկվի, եթե տնտեսական առումով էլ կապվի ՌԴ-ին, Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց. «Հիշեցնեմ ձեզ մի խոսք. Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն ասել է՝ այն, սովետական քաղաքացին, որը շատ թե քիչ չի ափսոսում Սովետական Միության քանդման համար, նա սիրտ չունի, իսկ այն մարդը, ով ուզում է վերականգնել Սովետական Միությունը, նա էլ խելք չունի: Այնպես որ՝ բացարձակապես խնդիր չկա Սովետական Միությունը վերականգնելու: Մենք, եթե չուզենանք, մեզ ոչ մեկը չի տանի-մտցնի ինչ-որ մի… Սա լրիվ այլ ոլորտում է: Մի հատ ուշադիր նայեք՝ հիմա Եվրոպան էլ ունի իր լավերը, Ռուսաստանն էլ իրա լավերը, նա ունի իր վատերը, նա էլ՝ իր վատերը. մենք պետք է բոլորից լավերը վերցնենք, վատերը դեն գցենք, ինչը պրակտիկապես հնարավոր չէ»:
Իսկ հարցին, թե չե՞ք ափոսոսում, որ Եվրոպայի հետ երեք ու կես տարի բանակցելուց հետո Հայաստանը Վիլնյուսում կես էջանոց փաստաթուղթ ստորագրեց, Բարսեղ Բեգլարյանն այսպես արձագանքեց. «Բայց էլի շարունակում ենք Եվրոպայի հետ՝ խի՞ ափսոսեմ: Ես Եվրոպայի հետ գործեր եմ անում…»: