Ստարտափ ընկերությունների 10 ամենակոպիտ սխալները՝ ըստ Նիկիտա Շերմանի

Նոյեմբերի 29-ին Երևանում առաջին անգամ ArmNet նախագծի շրջանակներում անցկացվեց Ստարտափ՝ նորաստեղծ ընկերությունների օր (StartUp Day),  որի շրջանակում Ռուսաստանի «Սկոլկովո» Ստարտափ ակադեմիայի փորձագետները սեմինարներ վարեցին աշխատանքի արդյունավետ կազմակերպման, բիզնես մոդելավորման և ներդրումների ներգրավման թեմաներով:

«Drimmi» խաղերը թողարկող ընկերության հիմնադիր Նիկիտա Շերմանն իր փորձառությունից ելնելով՝ ներկայացրեց ստարտափ ընկերությունների 10 ամենակոպիտ սխալները՝  ի՞նչ չի կարելի անել բիզնես ընկերություն ստեղծելու ժամանակ:

Սխալ 1.  Ես ցանկանում եմ ստեղծել ԼԱՎ  ընկերություն

Ըստ բանախոսի` նոր ընկերություն ստեղծելիս՝ մարդկանց ամենատարածված սխալներից մեկը լավ ընկերություն ստեղծելու գաղափարն է: Ըստ նրա՝ պետք է ոչ թե լավ ընկերություն ստեղծել, այլ լավ ապրանք: Արդյունքում՝ եթե ընկերության ապրանքը լավն է, ապա, բնականաբար, այդ ընկերությունը մարդկանց համար դառնում է լավը:

Կարդացեք նաև

«Շատերը տեսնելով Google-ի, Amazon-ի և այլ հայտնի ընկերությունների պայմանները, ցանկանում են իրենք ևս ստեղծել այնպիսի ընկերություն, որը կունենա նման պայմաններ: Արդյունքում՝ բիզնեսի որակի վրա կենտրոնանալու փոխարեն՝ նրանք կենտրոնանում են աշխատակիցների պայմանների վրա: Իհարկե, լավ է և անհրաժեշտ է նորմալ պայմաններ ապահովել ընկերության աշխատակիցների համար, սակայն պետք չէ մոռանալ, որ Ձեր բիզնեսը ստեղծված է գումար վաստակելու համար, իսկ Ձեր հաճախորդներին գրավելու և գումար վաստակելու համար կարևոր են ոչ թե Ձեր աշխատակիցների համար ստեղծված հարմարավետ պայմանները, այլ Ձեր ընկերության առաջարկած ապրանքը, դրա որակը, դրա յուրահատկությունը և այլ բնութագրիչներ»,- ասաց Ն. Շերմանը` նշելով, որ անհրաժեշտ է ստեղծել լավ ապրանք և ոչ թե՝ իմիջ:

Սխալ 2. Անհրաժեշտ է հավաքել ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

Ըստ բանախոսի`հատկապես նորաստեղծ ընկերությունների ղեկավարները չպետք է անմիջապես մտածեն աշխատակիցներ հավաքելու մասին: «Իհարկե, արժեքավոր աշխատակիցներ ունենալն ամենակարևոր բանն է ցանկացած ընկերության համար, սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած աշխատակից իր հետ նաև որոշակի ռիսկ է բերում: Դա ռիսկեր է պարունակում»,- ասաց Ն. Շերմանը` նշելով, որ անհրաժեշտ է ինքնուրույն անել այն, ինչ կարող եք, և ամեն մի հարցի համար առանձին աշխատակից չպահել: «Պետք է ընդունել աշխատանքի այնպիսի մարդկանց, ովքեր կարող են անել այն, ինչ Դուք չեք կարող, օրինակ` հաշվապահություն և այլն»,- ասաց Ն. Շերմանը:

Սխալ 3. Մարդկանց անհրաժեշտ է ՄՈՏԻՎԱՑՆԵԼ

Ըստ բանախոսի`որքան էլ տարօրինակ հնչի՝ մարդկանց մոտիվացնել պետք չէ: «Մարդիկ պարտավոր են աշխատել, քանի որ եկել են աշխատելու և վե՛րջ: Նրանց մոտիվացնելու լավագույն տարբերակը` չմոտիվացնելն է»,- ասաց Ն. Շերմանը:

Սխալ 4. Պետք չէ վստահել ԿԱՆԽԱԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆԸ

«Հույսը Ձեր առաջին թշնամին է, իսկ փորձարկումը՝ Ձեր լավագույն ընկերը»,- ասաց Ն. Շերմանը` նշելով, որ պետք չէ վստահել կանխազգացողությանը:

Սխալ 5. Կվստահեմ մարդկանց այն, ինչից ԻՆՔՍ գլուխ չեմ հանում

«Եթե ընդհանրապես գլուխ չեք հանում Ձեր գործից, ուրեմն պետք չէ ոչինչ անել»,- ասաց  Ն. Շերմանը` նշելով, որ ինքն իր հետ ազնիվ լինելը հաջողության հիմքն է: Բացի այդ, անհրաժեշտ է վստահել մարդկանց, բայց և փորձել նրանց:

Սխալ 6. Այս ամիս գումար ունենք, իսկ հետո ԿՏԵՍՆԵՆՔ

Ըստ բանախոսի` անհրաժեշտ է  ֆինանսների բաշխումը պլանավորել նախօրոք:  «Ծրագրեք Ձեր ֆինանսների բաշխվածությունը 6 ամիս առաջ, մի քանի տարբերակներ մշակեք, քանի որ չծրագրված ծախսերը կարող են անգամ «սպանել» Ձեր բիզնեսը»,- ասաց Ն.Շերմանը:

Սխալ 7. ԱՎԵԼԻ ՇԱՏ  ծրագրեր են պետք  

Ըստ բանախոսի` բիզնեսի արագ ընդարձակումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: «Բիզնեսի արագ աճը շատ վտանգավոր է. նախ՝ հենվեք մի ծրագրի վրա, իսկ հետո կարող եք ստեղծել և ուրիշները»,- ասաց Ն. Շերմանը` նշելով, որ մշտապես անհրաժեշտ է հիշել Ձեր հիմնական նպատակի մասին:

Սխալ 8. Ինձ անհրաժեշտ է առանձին ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ 

Ըստ բանախոսի` բիզնեսի լավագույն տարբերակը բոլորի հետ հավասար մեկ վայրում գտնվելն է:  «Բաց տարածության մեջ գրասենյակը (Օpen space office) հետաքրքիր տարբերակ կարող է լինել Ձեր նոր ստեղծված ընկերության համար»,- ասաց Ն. Շերմանը` նշելով, որ այդպիսով կարող եք նաև տեղեկանալ, թե ինչո՞վ են զբաղվում Ձեր աշխատակիցները: Շփվե՛ք նրանց հետ:

Սխալ 9. ՇԱՏ  ներդրումներ են անհրաժեշտ

«Եթե Դուք սպասեք, որպեսզի այդ շատ ներդրումներն ունենաք, ապա կարող է և ընդհանրապես բիզնես ստեղծեք»,- ասաց Ն. Շերմանը:

Սխալ 10. Պետք չէ վարվել, ինչպես ԲՈԼՈՐԸ

«Պետք չէ վարվել, ինչպես բոլորը. հնարավոր է՝ Ձեր նոր մտքերը շատ ավելի հաջող լինեն, քան գործարարների շրջանում տարածված մեթոդները»,- ասաց Ն.Շերմանը:

Հ. Գ. Բանախոսը վերջում ավելացրեց ևս մեկ կանոն. «Ընկերները կօգնեն. սա սխալ մտածելակերպ է: Իհարկե, լավ է լավ ընկերներ ունենալը, սակայն Դուք պետք է հիշեք, որ եթե դա միայն Ձեր բիզնեսն է, ապա Դուք պետք է լուծեք Ձեր խնդիրները»,- ասաց Ն. Շերմանը` ավելացնելով, որ բոլորովին այլ է, երբ քո և ընկերոջդ, այսինքն` Ձեր համատեղ ստեղծած ընկերությունը խնդիրներ ունի:

Տեսանյութեր

Լրահոս