Տեղի է ունեցել Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը
Նոյեմբերի 25-ից 29-ը Երևանում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում, տեղի է ունենեցել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը:
Նիստը վարում էին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը և ռուսական մասի նախագահ Կ.Բիրյուլինը: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի զարգացմանը վերաբերվող հարցեր:
Երևանում անցկացված նիստի շրջանակներում միջկառավարական հանձնաժողովի երկու կողմերի համանախագահները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի և ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հետ:
Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում մասնակիցներն այցելել են «ԿԱՄԱԶ» թափքով հատուկ ինժեներական տեխնիկայի և ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման արտոնագրված սպասարկման կենտրոն:
Ռուսական կողմը Նիստի ընթացքում իրականացրեց ռուսական արտադրության ռազմատեխնիկական նշանակության մի շարք արտադրանքների ցուցադրություն:
Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև Նիստի Արձանագրությունը:
Կողմերը պայմանավորվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 9-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:
ՀՀ Պաշտպանության նախարարություն