
Չինաստանը կործանիչներ է ուղարկել ՀՕՊ-ի նոր գոտում պարեկություն կատարելու համար. CNN

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չինաստանն իր կործանիչներն ուղարկել է ՀՕՊ-ի նոր գոտում պարեկություն կատարելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
Պեկինը նոյեմբերի 23-ին հայտարարել էր Արևելա-չինական ծովում ՀՕՊ-ի իր նոր գոտու ստեղծման մասին, որը տարածվել էր նաև վիճելի համարվող Դյաոյույդաո (ճապոնական անվանումը՝ Սենկակու) կղզիների օդային տիրույթի վրա: Չինաստանը պահանջում է, որ այդ գոտով թռչող ինքնաթիռներն իրենց երթուղու ու ռադիոհաճախականությունների մասին զեկուցեն իրենց:
Սակայն դրանից հետո ամերիկյան, ճապոնական, հարավկորեական մարտական ինքնաթիռներն անտեսել են դա և տվյալ շրջանով անցել են՝ առանց Չինաստանի իշխանություններին իրազեկելու: Չինաստանը ոչ մի կերպ չի արձագանքել այդ ամենին, և տագնապի ազդանշանով օդ չի բարձրացրել իր կործանիչները:
Այժմ Չինաստանի ռազմաօդային ուժերի գնդապետ Շեն Ցզինկեն հայտարարել է, որ այդ գոտում պարեկություն կատարելու համար այնտեղ են ուղարկվել մի շարք Су-30 և J-11 տիպի կործանիչներ: