
Քեթրին Էշթոնը հեռախոսազրույց է ունեցել Ահմեթ Դավութօղլուի հետ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ Էշթոնը Դավութօղլուին իրազեկել է նախորդ շաբաթվա վերջին Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Էշթոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ տվյալ գործընթացի սկսվելուց ի վեր դրան աջակցելու համար:
Դավութօղլուն իր հերթին շնորհավորել է Էշթոնին՝ կապված Իրանի հետ համաձայնության գալու հետ: Դավութօղլուն հույս է հայտնել, որ կողմերի ճկուն ու կառուցողական մոտեցման դեպքում կհաջողվի հասնել իրանական խնդրի վերջնական կարգավորմանը:
Դավութօղլուն Էշթոնին իրազեկել է Թեհրան կատարած իր այցի մանրամասների մասին՝ ընդգծելով, որ դրական տպավորություններ է ստացել Իրանի իշխանությունների հետ իր հանդիպումներից: