Խորհրդակցություն` մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ

ՀՀ տարածքային  կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ:

Փոխվարչապետը  տեղեկություններ ներկայացրեց 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին համահարթեցման սկզբունքով  հատկացվող դոտացիաների ծավալների,  համայնքներին վերաբերող այլ ծրագրերի մասին:

Նշվեց, որ 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին հատկացվող դոտացիայի ընդհանուր  ծավալը կկազմի շուրջ 39 մլրդ դրամ` 2013թ. 36,2 մլրդ դրամի դիմաց: Բացի այդ,  նախագծով նախատեսվում է եւս 2 մլրդ դրամ հատկացնել  համայնքներին`  չեզոքացնելու համար  2013թ. հուլիսից  նվազագույն աշխատավարձերի, ինչպես նաեւ  էներգակիրների սակագների բարձրացման հետեւանքով համայնքային  բյուջեների համար առաջացող ռիսկերը:

Միաժամանակ  փոխվարչապետը համայնքների ղեկավարներին հորդորեց  2014թ. համար կազմել իրատեսական բյուջեներ`  հաշվի առնելով բոլոր ռեզերվները: Նա  նաեւ առաջարկեց մինչեւ ապրիլ գույքագրում իրականացնել համայնքային ենթակայության հիմնարկներում եւ  դրանց արդյունավետ գործունեության համար  առավել օպտիմալ  եղանակներ ընտրել:

Ա. Գեւորգյանն առանձնահատուկ անդրադարձավ  խոշոր հարկատուների կողմից  հողի հարկի, գույքահարկի եւ  վարձակալության մասով պարտավորությունները ժամանակին կատարելու  հարցին:  Ըստ ուսումնասիրությունների`  500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություններ ունեցող սուբյեկտների  մեծ մասը  բաժին է ընկնում քաղաքային համայնքներին, ուստի փոխվարչապետը համայնքապետներին հորդորեց գործնական քայլեր ձեռնարկել` հարկատուների կողմից պարտավորությունների` ժամանակին եւ ամբողջությամբ  կատարումն ապահովելու  ուղղությամբ:

Խորհրդակցությանը փոխվարչապետը պատասխանեց նաեւ համայնքապետների կողմից բարձրացված հարցերին:

Այնուհետեւ խորհրդակցությունը շարունակվեց մարզպետների հետ առանձին, որի ժամանակ  քննարկվեցին դեկտեմբերի սկզբին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին եւ համաժողովի շրջանակում անցկացվելիք ցուցահանդեսին վերաբերող կազմակերպչական  հարցեր, ինչպես նաեւ ընթացիկ այլ խնդիրներ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս